ՌԴ-ն կարող է վտարել 1 միլիոն վրացիների

18/05/2006

ՌԴ-ն պարզապես կարող է իր տարածքից դուրս անել վրացիներին: Կրեմլում կարգադրվել է հանձնաժողով ստեղծել, որը կորոշի ՌԴ տարածքում անօրինական գտնվող վրացիների քանակը, որից հետո կմշակվի նրանց դուրս անելու գործողությունների ծրագիր: Վրացիների քանակի մասին ստույգ տվյալներ չկան, բայց փորձագետների ենթադրությամբ, խոսքը կարող է գնալ մոտավորապես միլիոնի մասին: Որոշ տնտեսագետների կարծիքով, վտարման ծրագրի իրագործումը վրացական «անուղեղ» իշխանությանը կարող է պետական կործանման հասցնել՝ ՌԴ-ից 100 հազարավոր վրացիների վերադարձը տրամագծորեն կշրջի եւ տնտեսական, եւ քրեածին իրավիճակը Վրաստանում: Չէ՞ որ ՌԴ-ում աշխատող վրացիների շնորհիվ երկիր են մուտք գործում հարյուրավոր միլիոն դոլարներ, որի հաշվին գոյատեւում են նրանց ընտանիքներն ու հարազատները: Ակնառու է տնտեսական քաոսի սպառնալիքը: Իսկ քրեական աշխարհի ներկայացուցիչների վերադարձը, որոնք վերջին տարիներին բավական քանակությամբ հիմնավորվել էին ՌԴ-ում, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի: Հարկ է նշել, որ դա կարող է քաղաքացիական խռովություն առաջացնել: Սանկտ Պետերբուրգում տոնական արարողության ժամանակ Բուրջանաձեի ելույթն առանձնահատուկ հիմար տպավորություն թողեց: Վրացական ավանդույթի համաձայն, սովորաբար դիմակայության ժամանակ կինը գլխաշոր էր նետում հակառակորդների միջեւ, եւ նրանք թրերը պատյան էին դնում: Պատմությունից հայտնի է, որ երբ վրացական վերնախավի մի մասը դավադրություն է կազմակերպել Թամար թագուհու դեմ, հատկապես 2 կանայք՝ Խվաշակ Ցոկալին եւ Քրավաի Ջակելին իրենց վրա են վերցրել դեսպան-միջնորդների առաքելությունը եւ մարել են բռնկվելու պատրաստ կրակը: Հավանաբար ինչ-որ նման բան դրված է եղել Բուրջանաձեի ուսերին, մանավանդ, որ ՌԴ-ում հենց նրան են համարում Վրաստանի ամենից շատ վարկանիշ ունեցող քաղաքական գործիչ: Բայց առաքելությունը տապալվեց: Նրա ճառը միայն ռուսաստանյան պատգամավորների վրդովմունքն առաջացրեց: Հետագայում ինքը` Բուրջանաձեն հայտարարել է, որ իր ելույթում հարթեցրել է Թբիլիսիում նախապատրաստված տեքստի սուր անկյունները: Այնպես որ, դժվար է պատկերացնել` ինչպիսի՞ն կլիներ ռուսաստանցիների արձագանքը, եթե խոսնակն ընթերցեր թբիլիսյան «քաղբյուրոյում» ազգայնականների նախապատրաստած ամբողջական ճառը: Բուրջանաձեի այդ աղմկահարույց ելույթից հետո Բ. Գրիզլովը նրա հետ հանդիպելու միտքը փոխել է: «Ջորջիան թայմսը» գրում է, որ Վրաստանը ՌԴ-ին առանց այն էլ զայրացնում է, իսկ վրացական խորհրդարանի խոսնակի ելույթը միայն խորացրել է այդ վերաբերմունքը: Կոմունիստների առաջնորդ Գ. Զյուգանովն ասել է. «Եթե ուզում եք էժան էլեկտրաէներգիա եւ գազ ունենալ, քիթներդ քիչ խոթեք»: Այստեղ վրա է հասել պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու հայտարարությունն Ուկրաինայում: Նախագահի կողմից գլխավոր գինեգործ նշանակված զորապետն այդ ժամանակ խոսել է կղանքային ապրանքների մասին, որոնք կարող են վաճառվել ռուսաստանյան շուկայում: Ի պատասխան, Ժիրինովսկին առաջարկել է. «Ձեր կղանքային ապրանքներով հյուրասիրվեք ինքներդ, քանի որ այդ հայտարարությամբ ինքներդ խոստովանեցիք, որ ձեր ըմպելիքները կեղծված են եղել»: Իսկ Դումայի փոխխոսնակ Լյուբով Սլիսկան առաջարկել է Բուրջանաձեին հայտարարել ՌԴ համար անցանկալի դեմք: «Դա, իհարկե, ՌԴ գործն է, իսկ այ, վրացական խոսնակն, անկասկած, հարկ է, որ մտածի այն մասին, թե իր ելույթը ՌԴ-ում գտնվող համարյա միլիոնի հասնող վրացիների համար ինչ շրջադարձ կարող է ունենալ: Եթե նա հանդիպեր պետերբուրգյան վրացիների հետ, լսեր Աբխազիայից փախստականների կարծիքը, նրա ճառն այլ կլիներ: Բայց…»:

Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, պետերբուրգյան վրացիների մեծամասնությանը դուր չի եկել Բուրջանաձեի ելույթը: Լուրեր կան, որ ՌԴ-ում արդեն սկսվել են վրացիների հետապնդումները:

Վրաստան, «Ջորջիան թայմս»
www.mediadialogue.org