Մեր ժամանակների հերոսները

18/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հեղինակավոր «Ֆորբս» ամսագրի ռուսական տարբերակը հրապարակել է Ռուսաստանի 100 ամենահարուստ գործարարների ցուցակը։ Կարծում ենք, այն կհետաքրքրի նաեւ մեր ընթերցողներին, սակայն ծավալի՝ չափից դուրս մեծ լինելու պատճառով մենք կներկայացնենք միայն առաջին տասնյակում տեղ զբաղեցրած գործարարներին։

100 ամենահարուստ մարդկանց ցուցակում տեղ է գտել հայազգի միայն մեկ գործարար՝ 34-ամյա Դանիլ Խաչատուրովը։ Վերջինիս մենք կանդրադառնանք ավելի մանրամասն։

Նշենք, որ «Ֆորբսի» մասնագետները հաշվարկներ կատարելիս առաջնորդվում են ոչ թե գործարարների բանկային հաշիվներում եղած գումարներով, այլ նրանց բիզնեսի արժեքով։ Իսկ վերջինս հաշվարկվում է տարբեր ընկերություններում գործարարների ունեցած արժեթղթերի գնի հիման վրա։ Սեփականության արժեքը որոշվում է ֆոնդային բորսայում այդ արժեթղթերի շուկայական գնով։ Այս դեպքում հիմք են վերցվել 2006թ. մարտի 24-ի տվյալները։ Մասնագետները հաշվարկներ կատարելիս հիմնվում են նաեւ գործարարների ընտանիքի անդամների եւ մոտ հարազատների ունեցվածքի վրա, քանի որ սեփականությունն ուրիշի անունով գրանցելը հատուկ է ոչ միայն Հայաստանին։ Այս ամենով հանդերձ՝ «Ֆորբսի» մասնագետները հիշեցնում են, որ ցուցակի տվյալները փորձագիտական եւ լրագրողական գնահատման արդյունք են, եւ ներկայացված տեղեկատվությունը պաշտոնական չէ։ Այժմ տեսնենք՝ ինչ պատկեր է ստացվել։

«Ոսկե հարյուրյակ» ոչ պաշտոնական ակումբի անդամների ընդհանուր կարողությունը մեկ տարվա ընթացքում աճել է մոտ 2 անգամ եւ կազմում է 248 մլրդ ԱՄՆ դոլար։ Այս ակումբի «ամենաէժան մուտքի տոմսն» արժե 450 մլն դոլար։ Առաջին տասնյակում տեղ գրավելու համար հարկավոր է ունենալ 7,6 միլիարդից ոչ պակաս կարողություն։ Այդ մարդկանց կարող եք ծանոթանալ ստորեւ բերված ցուցակում, որն, իհարկե, գլխավորում է Ռոման Աբրամովիչը։

1. Ռոման Աբրամովիչ
18.3 մլրդ դոլար/ Նավթ, ալյումին
39 տարեկան, ամուսնացած է, ունի 5 երեխա

2. Վագիտ Ալեքպերով
12.7 մլրդ դոլար/ Նավթ
55 տարեկան, ամուսնացած է, ունի որդի

3. Վլադիմիր Լիսին
11.3 մլրդ դոլար/ Սեւ մետալուրգիա
50 տարեկան, ամուսնացած է, ունի 3 երեխա

4. Միխայիլ Ֆրիդման
10.4 մլրդ դոլար/ Նավթ, ֆինանսներ, կապ
42 տարեկան, ամուսնացած է, ունի 2 երեխա

5. Վիկտոր Վեկսելբերգ
10.1 մլրդ դոլար/ Նավթ, գունավոր մետալուրգիա
49 տարեկան, ամուսնացած է, ունի 2 երեխա

6. Օլեգ Դերիպասկա
9 մլրդ դոլար/ Գունավոր մետալուրգիա
38 տարեկան, ամուսնացած է, ունի 2 երեխա

7. Ալեքսեյ Մորդաշով
8.5 մլրդ դոլար/ Սեւ մետալուրգիա
40 տարեկան, ամուսնացած է, ունի 3 երեխա

8. Վլադիմիր Եվտուշենկով
7.7 մլրդ դոլար/ Կապ, էլեկտրոնիկա, ֆինանսներ
57 տարեկան, ամուսնացած է, ունի 2 երեխա

9. Վլադիմիր Պոտանին
7.6 մլրդ դոլար/ Գունավոր մետալուրգիա
45 տարեկան, ամուսնացած է, ունի 3 երեխա

10. Միխայիլ Պրոխորով
7.6 մլրդ դոլար/ Գունավոր մետալուրգիա
41 տարեկան, ամուրի

Ես լուսանկարներով չեմ հպարտանում     

Այսպես է ասում մեր հայրենակից Դանիլ Խաչատուրովը։ 34-ամյա գործարարը, որը զբաղվում է ֆինանսներով եւ անշարժ գույքով, «Ֆորբսի» գնահատմամբ ունի 760 մլն դոլարի կարողություն։ Նա զբաղեցնում է «ոսկե հարյուրյակի» 65-րդ տեղը։

Դանիլ Խաչատուրովի նման գործարարների կենսագրությունը, մանավանդ` կարիերային վերաբերող մասը, միշտ էլ հետաքրքիր է հանրությանը։ Դա պայմանավորված է նաեւ այն հանգամանքով, որ նրա հարստության «նախասկզբնական» կուտակումը չի եղել ալան-թալանի միջոցով, ինչպես շատերինը։ Ճիշտ է ասել, թե վերջինս քրտնաջան աշխատել է՝ սուտ կլինի։ Բոլորն էլ գիտեն, որ քրտինքով հնարավոր չէ միլիոններ աշխատել։ Սակայն այն, որ երիտասարդ գործարարը բավական ճկուն քաղաքականություն է վարել եւ ցուցաբերել է նուրբ հոտառություն, անվիճելի փաստ է։

Դանիլ Խաչատուրովը ծնվել է Մոսկվայում 1971թ.։ Ավարտել է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտը եւ ՌԴ կառավարությանը կից ֆինանսական ակադեմիան։ Ծովային բաժնետիրական բանկում աշխատել է որպես ավագ տնտեսագետ։ 1997-2000թթ. ընթացքում փոխնախագահի, իսկ հետո ավագ փոխնախագահի պաշտոնում ղեկավարել է «Բին» ընկերության ներդրումային եւ ֆինանսական քաղաքականությունը։ 2000-2002թթ. եղել է «Սլավնավթ» ընկերության փոխնախագահը։ 2002թ.մայիսից «ՌոսԳոսՍտրախ» ԲԲԸ գլխավոր տնօրենի խորհրդականն էր։ Նույն թվականի հուլիսին նշանակվում է «ՌոսԳոսՍտրախի» գործադիր տնօրեն։ 2004թ. ապրիլի 1-ից այդ ընկերության գլխավոր տնօրենն է։

Այս ժլատ տեղեկություններն, իհարկե, ոչինչ չեն ասում այն մասին, թե ինչպես է Խաչատուրովն իր կարողությունը հասցրել 760 մլն-ի։ Իսկ այդ վերելքը սկսվել է 2001թ. ապրիլից։ Պետական «Սլավնավթի» երիտասարդ թոփ-մենեջերը գնաց ռիսկի՝ մի քանի միլիոն դոլարով վճարելով «ՌոսԳոսՍտրախի» 9% բաժնետոմսերի համար։ Հետագայում Խաչատուրովն ու իր գործընկերները հասկացան, որ այդ ներդրումը ոչ թե լինելու է պորտֆելային, այլ ռազմավարական։ 2003թ. ամռանը նրանց էր պատկանում այս ընկերության բաժնետոմսերի 75%-ը։

Իսկ ինչպե՞ս է Դ. Խաչատուրովը կուտակել նախնական կապիտալը, որն անհրաժեշտ է նման ներդրումների համար։ Իր իսկ խոսքերով, կապիտալի հիմքը արժեթղթերն են՝ բաժնետոմսերը, մուրհակները, պետական պարտատոմսերը եւ այլն։

«Եթե նկատեցիք, իմ աշխատանքային սեղանին դրված մոնիտորներից մեկը «РТС»-ի (Ռուսական առեւտրային համակարգ – Բ.Թ.) մոնիտորն է։ Ես առեւտուր եմ արել եւ անում եմ մինչեւ հիմա»,- sostav.ru կայքէջին տված հարցազրույցում ասել է Դանիլ Խաչատուրովը։ Խոսքը գնում է արժեթղթերի առքուվաճառքի մասին։ Քանի որ այդ շուկան Հայաստանում գրեթե չի գործում, մեջբերենք հենց գործարարի խոսքերը, որից պարզ կդառնա, թե ինչպես կարելի է առանց մեծ ջանքերի միլիոններ աշխատել։

«Բերեմ մի օրինակ, ինչպես ես կարողացա շատ փող աշխատել։ 2000թ. սկզբում եկա «Սլավնավթ» եւ ձեռք բերեցի դրա դուստր ընկերություններից մեկի՝ «Մեգիոննավթագազի» բաժնետոմսերի լուրջ փաթեթ։ Ես ընդամենը գիտեի, որ լավ եմ աշխատելու, գիտեի թիմին եւ համոզված էի, որ նախագահը՝ Միխայիլ Գուցերիեւը, կանգ չի առնի եւ միշտ առաջ կընթանա։ Արդյունքում, իմ գալու ժամանակ «Մեգիոննավթագազի» բաժնետոմսն արժեր 1 դոլար, իսկ դուրս գալու ժամանակ՝ 15 դոլար։ Այսօր այն արժե արդեն 20 դոլար»,- ասում է Խաչատուրովը։

Վերջինս այնպիսի թեթեւությամբ եւ հումորով է խոսում միլիոններ աշխատելու մասին, որ մի պահ թվում է՝ բոլորն էլ կարող են դա անել։ Օրինակ, «ՌոսԳոսՍտրախի» գործարքը, Խաչատուրովի խոսքերով, ազարտի արդյունք է։ Սկզբում նա եւ իր գործընկեր Ռուբեն Վարդանյանը («Տրոյկա Դիալոգ») որոշել են ձեռք բերել արգելանքի իրավունք տվող 9%-ը՝ հետագայում այն վաճառելու նպատակով։ Իսկ հետո, երբ պետությունը վաճառքի է հանել ընկերության եւս 40% բաժնետոմսերը, երիտասարդ գործարարները որոշել են չբավարարվել եւ փորձել «կյանքի կոչել հսկա դինոզավրին»։ Խաչատուրովի կարծիքով` ֆինանսիստի համար նախապես անհրաժեշտ 30-50մլն դոլար ճարելը դժվար չէ։ Դժվարը այն ետ վերադարձնելն է։ Գործարարը խոստովանում է, որ իրենք մեծ ռիսկի են գնացել։ Ով ռիսկի չի գնում, նա, ինչպես գիտեք, շամպայն չի խմում։ Իսկ Խաչատուրովը վախեցողներից չէ։ Այս մարդու մտածելակերպի մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու համար ձեզ ենք ներկայացնում «Ֆորբսին» տված նրա հարցազրույցը։

– Ձեզ մոտ խնդիրներ չե՞ն առաջանում ձեր նպատակները հստակեցնելու հարցում։ Ահա, դուք աշխատեցիք ձեր առաջին միլիոնը, հետո՝ առաջին տաս միլիոնը։ Հետո՞ ինչ է լինելու։

Դ. Խ. – Ես դրամական համարժեքով արտահայտված նպատակներ չունեմ։ Եթե ինքդ քո առջեւ այդպիսի նպատակներ դնես, ապա այն օրը, երբ հասկանաս, որ կարող ես ուզածդ ամեն ինչը գնել, ամեն ինչ կկորցնի հետաքրքրությունը։ Ես ուզում եմ այնպես անել, որ իմ ղեկավարած ընկերությունը դառնա առաջինը ոչ միայն Ռուսաստանում։

– Դա հասկանալի է։ Ես ցանկանում էի հարցնել՝ ձեր ինչի՞ն է պետք այդ ամենը։

Դ. Խ. – Ուզում եք հասկանալ՝ ինչն է ինձ ստիպում վեր կենալ եւ գնալ աշխատանքի՞։ Ինձ չի հուզում մեծ ինքնաթիռ կամ մեծ տուն գնելու հնարավորությունը։ Իմ ոգեւորության աղբյուրը «ՌոսԳոսՍտրախն» է, արթնանում եմ միայն դրա համար։ Մեր ընկերությունում աշխատում է 100.000 մարդ։ Մենք պետք է լինենք լավագույնը, ես պետք է նրանց լավագույնը դարձնեմ։ Դա պարտականություն է, որը ես դրել եմ ինքս իմ առջեւ։ Պետք է ապացուցեմ ինքս ինձ, որ այս գործը կարող եմ հաջողությամբ գլուխ բերել։ Մենք արդեն շատ բան ենք ապացուցել, բայց դա ամենը չէ։ Իմ ներքին մոտիվացիան այժմ շատ է բարդացել։ Ես պետք է իմ մարդկանց ապացուցեմ, որ մենք չեխերից, լեհերից եւ մյուսներից վատը չենք եւ ապագայում նույնպես հաղթանակներ ենք տանելու։ Օրինակ, ես որոշեցի զբաղվել հոկեյով, հովանավորել Մոսկվայի «Դինամոյին»։ Եվ թիմը դարձավ Ռուսաստանի չեմպիոն։ Եթե մենք ենք հովանավորը, թիմը պետք է լինի առաջին տեղում։ Այս տարի «Դինամոն» հանդես է գալիս արդեն առանց մեզ, մենք մեր առաքելությունն ավարտեցինք։

– Այսինքն` ձեզ առաջ է մղում առաջինը լինելու ծարա՞վը։

Դ. Խ. – 100 տոկոսով, ինչպես ցանկացած տղամարդու։

– Առաջինը լինելու համար անհրաժեշտ է ամեն օր ցուցաբերել ֆանտաստիկ կամային հատկանիշներ…

Դ. Խ. – Եթե պարտականություն ես ստանձնել լինել լավագույնը, ապա ուրիշ ելք չկա։ Հիշում եմ, երբ Օսկար Դե Լա Հոյան (բռնցքամարտի չեմպիոն – Բ.Թ.) հերթական անգամ ռինգ դուրս եկավ իր տիտղոսը պաշտպանելու համար, մեկնաբանն ասաց՝ չեմ հասկանում, ի՞նչն է այս մարդուն ստիպում գլուխը դնել հարվածների տարափի տակ, եթե նրա կարողությունը գերազանցում է 150մլն դոլարը։ Այնինչ, նա պետք է ապացուցեր առաջին հերթին ինքն իրեն, որ այսօր էլ լավագույնն է։ Կան մարդիկ, որոնք պահպանում են այն լուսանկարները, որտեղ իրենք պատկերված են հայտնի մարդկանց հետ։ Դա նրանց հիշեցնում է, որ ժամանակին հաջողակ էին։ Ես այդպես չեմ անում։