Պո չյո՞մ օպիում դլյա նարոդա

18/05/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Մարդկանց միլիարդանոց բանակին ցանկացած ինֆորմացիայի միջոցով կանխատեսելի վարքագիծ պարտադրելն այսօր ընդամենը տեխնիկայի գործ է: Իսկ մեզ պես երեք միլիոնանոց զանգվածին ինչ-որ բանում անառարկելիորեն համոզելու համար բավական է, որ այն հնչի ՕPT-ի, ասենք՝ Կատյայի շուրթերից: Այսօր, երբ մասամբ արդեն հանդարտվել է Արմավիայի Ա-320 ինքնաթիռի կործանման շոկը, երբ արդեն փորձում ենք զոհերի հարազատների անասելի վշտից բացի՝ մտաբերել նաեւ մեր պաշտոնյաների վարքագիծը, առաջինը պատկերվում է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանի՝ ռուս միջին աստիճանի չինովնիկներին ուղղված հեզ հայացքն ու ամեն երկրորդ բառը, որն էր՝ «սպասիբո»: Այն, թե ինչպես հայերը կարձագանքեին ու կլուսաբանեին, եթե ավիաաղետը պատահեր ոչ թե Ռուսաստանում, այլ, ասենք, հարեւան Թուրքիայում, կարծում ենք, նկարագրելու հարկ չկա: Մինչդեռ Ռուսաստանի հետ կապված ցանկացած լրատվություն մեկնաբանելիս՝ մեր պաշտոնյաները, որպես կանոն, զանց են առնում ոչ միայն մեր ազգային շահերը, այլեւ ինքնասիրությունը: Աղետից հետո առաջինը դեպքի վայր ժամանած մեր պաշտպանության նախարարը եւս խորհուրդ էր տալիս վարկածներ առաջ չքաշել՝ վշտի ու անորոշության պահերին անգամ չմոռանալով բարձրաձայն եւ շատ հաճախ շնորհակալություն ուղղել ռուս չինովնիկներին: Ռուսաստանյան լրատվամիջոցներն աղետի առաջին իսկ պահից հերքեցին ահաբեկչական գործողությունը (թեեւ որոշ մասնագետների կարծիքով՝ ինքնաթիռը, միայն ծովին բախվելով, չէր կարող այդքան մանր մասերի բաժանվել), վթարի պատճառը փորձեցին կապել ինքնաթիռում գտնվող որոշ բարձրաստիճան ուղեւորների վարքագծի հետ, ապա, որպես դոմինանտ վարկած` շրջանառության մեջ դրվեց ինքնաթիռի հրամանատարի անփութության վարկածը: Այսքանից հետո արդեն չի ստացվում հետեւել Սերժ Սարգսյանի խորհրդին՝ համբերությամբ սպասել սեւ արկղի դուրսբերմանը եւ վարկածներ առաջ չքաշել: Այդ դեպքում նույնքան տրամաբանական է ռուսներին ուղղված երախտագիտությունն արտահայտել սեւ արկղի դուրսբերումից հետո, երբ կպարզվեր, որ աղետի մեղավորն ամենեւին էլ այդ երկրի քաղաքացիություն ունեցող դիսպետչերը կամ որեւէ այլ կառույց չէ: Իսկ երկուստեք միմյանց հաճոյախոսություններ անելն արդեն իսկ հերթական եւ բավական վտանգավոր վարկածի հիմք է դառնում: Այսօր Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծելու մեծ հնարավորություններ կան, որոնց պատճառներից մեկն էլ այդ երկրի հանդեպ մեր պաշտոնյաների ոչ հասկանալի վարքն է: Իսկ տարաբնույթ վարկածներից զերծ մնալու կոչերից առաջ թերեւս տեղին կլինի ունեցած ողջ տեղեկատվությունն առանց խմբագրման եւ կեղծ նրբանկատության ներկայացնել ժողովրդին, ինչն, ակնհայտ է, չի արվում:

Մեր երկրում ինֆորմացիոն դաշտն իշխանությունների կողմից վերահսկվում է. ԶԼՄ-ները եւ հատկապես լրատվության էլեկտրոնային միջոցները պետության անմիջական վերահսկողության տակ են: Սակայն մեր պետությունն իր քաղաքացիներին ոչ միայն չի կարողանում պաշտպանել դրսից ներմուծված սադրանք պարունակող տեղեկատվությունից եւ դրա հետեւանքներից, այլեւ հաճախ ինքն է հայտնվում արտաքին աշխարհի կողմից շրջանառության մեջ նետված եւ մեզ կանխատեսելի վարք պարտադրող տեղեկատվությունից: Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանն, օրինակ, համոզված է, որ շատ հաճախ Հանրային հեռուստատեսությունը ցուցադրում է պրովոկացիա պարունակող նյութեր՝ առանց դա գիտակցելու: Ըստ նրա՝ օրինակ՝ «Հայլուրն» ունի մի շատ կանխատեսելի որակ: Նրա նորությունները հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքիայի իրադարձությունների մասին են: Այդ երկրների մասին ինֆորմացիա տալու նպատակով օգտագործվում են հենց նրանց ինֆորմացիոն աղբյուրները: «Հետեւաբար, եթե մենք այդ խողովակն ենք օգտագործում տեղեկատվություն ստանալու համար, շատ հեշտ է այդ նույն խողովակով մեզ հասցնել այն ինֆորմացիան, որի առաջացրած տպավորությունը կարող է ծառայել հարեւան երկրի շահերին»: Որպես օրինակ՝ Ս. Սաֆարյանը հիշեցրեց այն ժամանակահատվածը, որի ընթացքում տեղի ունեցավ Հին Ջուղայի գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը: Դա 2005-ի դեկտեմբերն էր, Ռամբույեի բանակցություններին նախորդող շրջանը: «Ադրբեջանական իշխանություններին պետք էր մինչեւ Ռամբույեն Հայաստանում որոշակի կանխատրամադրվածություն ապահովել: Այսինքն՝ անհրաժեշտ էր, որ Հայաստանն անուղղակիորեն ի՛նքը վետո դնի գործընթացի կարգավորմանը»: Հին Ջուղայի ոչնչացված խաչքարերը ժողովուրդն ասոցիացրեց Ղարաբաղի հետ, եւ շարքային հեռուստադիտողն իր համար արդե՛ն կանխորոշեց Ռամբույեի բանակցությունները տապալված տեսնելու սխեման: Ստացվեց այնպես, որ հայ հասարակությունն՝ իրեն մատուցված այդ տեղեկատվության եւ դրան հետեւած գրեթե բոլոր կառույցների կոշտ եւ զգայացունց գնահատականներից գրգռվեց եւ հոգեբանորեն նախապատրաստվեց Ռամբույեի տապալմանը, «Ինչի մեղավորը,-ինչպես ասում է Ս. Սաֆարյանը,- այսօր պիտի բարձրաձայնենք, միջազգային հանրության շրջանակներում համարվում է Ռոբերտ Քոչարյանը եւ ոչ թե Իլհամ Ալիեւը»: Քանի որ նման լուր որեւէ տեղ չէր հրապարակվել, պրն Սաֆարյանին խնդրեցինք ներկայացնել տեղեկատվության իր աղբյուրը: Պարզվեց, որ նա անձամբ օրերս մասնակցել է Վիլնյուսի գագաթաժողովին, ուր «Ռամբույեի տապալում» ձեւակերպմամբ քննվել է խնդիրն ու որպես մեղավոր մատնանշվել Ռոբերտ Քոչարյանը: Ինչը եւ պետք էր Ադրբեջանին: Մեր օրերում օգտագործվում են հոգեբանական ներազդման այնպիսի միջոցներ, որոնց ժամանակ հասարակության հանդեպ կիրառվում է զոմբիացման մեթոդոլոգիա` թե՛ սեփական արտադրանքը, թե՛ սեփական քաղաքականության խորհրդանիշները պարտադրելու իմաստով: Ունե՞նք մենք մեզ համար օգտակար ինֆորմացիան սադրանքից կամ ապատեղեկատվությունից զատելու գիտակցություն: Մարդիկ ինֆորմացիա հայթայթելու վրա էներգիա չկորցնելու համար բավարարվում են էկրանից ինֆորմացիա ստանալով: Իսկ ինֆորմացիոն դաշտում քաոսն այնքան շատ է, որ այդ ինֆորմացիան ճիշտ վերլուծելու հավանականությունը խիստ փոքրանում է: Եվ բավական հեշտությամբ կարող ենք ցուցաբերել այն վարքագիծը, որը նախանշել է այսինչ կամ այնինչ պոլիտտեխնոլոգը: Շատ հեռուն չգնալու համար բավական է հիշել միայն, թե ինչպես էր ողջ ձմռան ընթացքում բոլորիս կյանքին սպառնում թռչնագրիպն ու որպիսի ագրեսիվ եղանակով էր տարվում այդ քարոզը: Գարնանը մասնագետները խոստանում էին վարակի նորանոր օջախներ: Հիմա գարուն է, իսկ աշխարհի որեւէ անկյունում թռչնագրիպի տարածման մասին գոնե մեկ տեղեկատվություն եթերից չես լսի: 5 միլիոն դոլար՝ թռչնագրիպի դեմ պայքարելու համար. ահա այն, ինչ շահեցին Առողջապահության միջազգային կազմակերպությունից հայ պետական չինովնիկներն այս ողջ ինֆորմացիոն արշավից: Իսկ մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներն ի սկզբանե գիտեին, որ դա սոսկ բլեֆ է՝ ուղղված գլոբալ մասշտաբով մարդկանց զգոնությունը բթացնելուն, ենթագիտակցական մակարդակում ապատիա, անորոշություն եւ, ըստ այդմ, ուղղորդելի վարք դրսեւորելուն:

Ինֆորմացիան տարածելու եւ այն իր շահերին ծառայեցնելու հնարավորություն ունեն ոչ միայն հզոր տերությունները: Այսօր մենք ունենք ամենամեծ ռեսուրսներից մեկը՝ հայկական սփյուռքը: Սակայն, ցավոք, մեր երկիրը տասնամյակից ավելի չուներ ազգային անվտանգության հայեցակարգ, իսկ նոր պատրաստված հայեցակարգը դեկլարացիայից այն կողմ չի անցնում: Երբ Հայաստանում խոսում են ինֆորմացիոն անվտանգությունից, նկատի ունեն ինֆորմացիոն պատերազմը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Սրանք գավառական պատկերացումներ են: Իսկ հասարակությանը սադրիչ ինֆորմացիայից զերծ պահելու համար պետք է ապահովել այդ հասարակության բազմակողմանի ինֆորմացվածությունը, ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրները: Իսկ մեր հասարակության համար ամենահեղինակավոր եւ առայժմ միակ այլընտրանքային ինֆորմացիոն միջոցն, ավաղ, ԱԼՄ-ն է: