Ինչպես հանձնաժողովի նիստից հետո նշել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը, Սահմանադրությունն ընդունվելու է մինչեւ այս տարվա վերջը: Լրագրողների հարցին, թե արդյոք ԼՂՀ Սահմանադրությունը նման կլինի՞ ՀՀ Սահմանադրությանը, պարոն Հյուսնունցը պատասխանել է. «Անպայման պետք է նման լինեն, սակայն հաշվի է առնվելու նաեւ Ղարաբաղի առանձնահատկությունները»:
Օրերս դիմեցինք Ռ. Հյուսնունցին, պարզաբանելու, թե որքանո՞վ է իրական Սահմանադրությունը մինչեւ տարեվերջ ընդունելը: Ի պատասխան` ԱԺ փոխնախագահն ասաց. «ԼՂՀ Սահմանադրության մշակումն ընթանում է Սահմանադրության նախագծի մշակման պետական հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրին համապատասխան: Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքային խումբն արդեն ավարտել է նախագծի առաջին երկու`«Սահմանադրական կարգի մասին» եւ «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները» գլուխները: Մնացած վեց գլուխների մշակումն ընթացքի մեջ է: Վստահ եմ, որ ընթացիկ տարվա վերջում մեր ժողովրդի դատին կհանձնվի երկրի hիմնական օրենքի նախագիծը»:
Շատերի կարծիքով, այս տեմպով աշխատելու դեպքում հազիվ թե մինչեւ տարեվերջ հասցնեն այն ընդունել: ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Մաքսիմ Միրզոյանի խոսքերով, դեռեւս 1993թ., երբ նա Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ էր, երեք անգամ զեկուցագիր էր ներկայացրել` Սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ. «Մինչեւ հիմա ձգձգվել է այդ հարցը, որը ճիշտ չեմ համարում: Բայց ամեն դեպքում, ինչպես ասում են՝ «լավ է ուշ, քան երբեք»: Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը, կարծում եմ, հասունացել է: Եթե այս տարի ընդունեն` շատ լավ կլինի: Այս տարի Սահմանադրության ընդունումը ես չեմ կապում 2007-ին նախատեսվող նախագահական ընտրությունների հետ»:
«Արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությունը պետք է նման լինի ՀՀ Սահմանադրությանը» հարցին Մ. Միրզոյանը պատասխանեց. «Ոչ, ես չեմ ընդունում դա, քանի որ մենք դեռ ճանաչված չենք` պետք է ամեն ինչ յուրահատուկ անենք: Բոլոր ոլորտներում պետք է ընդունենք իրավիճակին ադեկվատ թե Սահմանադրություն, եւ թե ցանկացած օրենք, պահվածք, ռազմավարություն եւ այլն: Մեր բոլոր քայլերը պետք է ոչ ստանդարտ լինեն, որովհետեւ մենք ոչ ստանդարտ իրավիճակում ենք հայտնվել: Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրությանը, ասեմ, որ այնտեղ կան բազմաթիվ կետեր, որոնք մեզ մոտ կիրառելը ճիշտ չէր լինի: Ամեն դեպքում Սահմանադրությունն անհրաժեշտ է: Եթե սխալ կետեր էլ լինեն՝ ժամանակին կուղղենք»:
Այս մասին մանրամասնություններ ստանալու նպատակով դիմեցինք նաեւ ԼՂՀ սահմանադրության նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավար, ԼՂՀ գլխավոր դատախազ Արմեն Զալինյանին, սակայն վերջինս հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, նշելով, որ մոտ ժամանակներս ինքը պատրաստվում է հանդիպել լրագրողներին եւ համապատասխան ինֆորմացիա տրամադրել: