«Մեր ոճն անկախ Հայաստանի ոճն է»

18/05/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի «Ականաթ» պատկերասրահում 16 հայ նկարիչների մասնակցությամբ ցուցադրություն է բացվել: Նրանք շատ տարաբնույթ ու բազմաշերտ են, սակայն բոլորին միավորում է մեր փոփ-իրականությունը ցուցադրելու ցանկությունը: «Մենք որոշեցինք ցուցահանդեսը ոչ թե «Հայկական փոփ-արտ» անվանել, այլ «Հայկական համաշխարհային ոճ», որովհետեւ նախկինում կարելի էր «սովետահայ նկարիչ» ասել, իսկ հիմա` ինչ ա, հա՞յ պիտի ասենք: Պիտի համաշխարհային հայ ասենք: Հիմա Հայաստանն աշխարհի մեջ է. մենք դա էինք ուզում ընդգծել»,- ասում է փոփ-արտի հավատարիմ ներկայացուցիչ, նկարիչ Արման Գրիգորյանը, ով նախորդ դարի 80-ականներին «3-րդ հարկ» անվանումով մի շարք ցուցահանդեսների նախաձեռնողներից է եղել: Այս նոր ցուցադրությանը «հին» փոփ-արտիստների կողքին մասնակցում են նաեւ նորերն ու երիտասարդները: Փոփ-արտն անմահ է եւ միշտ իր հետնորդները կունենա, քանի դեռ եւ կենցաղում, եւ հոգեւոր աշխարհում իրենց հետքն են թողնում զանգվածային մտածողությունն ու արտադրությունը: «Ականաթի» ցուցադրությունը նպատակ ունի ոչ այնքան ըմբոստություն առաջացնել, որքան փաստում է, թե՝ սա է մեր կյանքը, սա ենք հագնում ու կրում, սա ենք ուտում ու խմում, այսպես ենք քայլում ու երթեւեկում եւ այսպես` սիրում ու երազում: Այստեղ ոչ ազգայինը, ոչ էլ բացառիկը չեն ընդգծվում: Մենք համաշխարհային համատեքստում ենք:

Փոփ-արտը 20-րդ դարի երկրորդ կեսի ծնունդ է: Առարկայական աշխարհը, որը կոնվեերային սիստեմով հորդում է մարդու վրա, պետք է իր գեղարվեստական մեկնաբանումը ստանար: Եվ ստացավ կոկա-կոլայի շշերի, փաթեթավորված ապուրների տուփերի, դոլարի թղթադրամի պատկերումների, փոփ-կուռքերի` Մերիլին Մոնրոյի, Էլվիս Պրեսլիի լուսանկարների միջոցով: «Ես փորձեցի մեծ սերնդի նկարիչներին բացատրել, որ մեր հեղինակները կոկա-կոլայի կափարիչը պատկերելը նույնքան արժանի են համարում, որքան նրանք, ասենք` մեր Մասիս սարը: Եվ այդ կափարիչը նույնքան գեղեցիկ են տեսնում»,- ասում է Ա. Գրիգորյանը: Նման հայացքից էլ ծնվում են ֆասթ-ֆուդի, ֆանտայի կափարիչների, ջինսավոր կամ զինված մարդկանց պատկերները:

Փոփ-արտը պարտավոր է միշտ ժամանակակից լինել: Ժամանակակից նվաճումները մեր կյանք են մտնում, մասսայականացվում, սովորական կիրառական առարկաներ եւ սովորույթ դառնում: Եվ այսօր էլ հայ փոփ-արտը ոչ թե բուն առարկաների հետ է խաղում, այլեւ` նրանց մասին ձեւավորված պատկերացումների: Կարեն Ալեքյանը բենզալցակայան է պատկերում, Արման Գրիգորյանը՝ հայ-ամերիկյան երազանքը, Վահրամ Աղասյանն՝ իր ուրվական քաղաքը, իսկ Կարինե Մացակյանը` սպառողի հաղթարշավը:

«Մեզ մոտ ֆիգուրատիվ արվեստի զարգացումը շատ դժվարացել է: Մեր հայրերի սերունդն, օրինակ, համարյա թե չի նայում իրականությանը, այլ փորձում է ներս նայել, ֆանտազիաների մեջ է ընկնում, անդադար ֆանտաստիկ կերպարներ է նկարում: Իսկ այն արվեստագետներն, ում մենք այսօր ցուցադրում ենք, միշտ նայում են իրենց շրջապատին, միջավայրին: Ֆիգուրատիվ արվեստը միշտ կապվում է իրականության հետ, իսկ աբստրակտ արվեստը շատերն իրականության հետ կապ չունեցող են համարում: Իրականում արվեստը միշտ իրականության հետ է կապված: Իսկ մեր արվեստը կարող է ոգեւորել հանդիսատեսին, եւ նա կհասկանա, որ կարելի է փոխել իրականությունը»,- ասում է Ա. Գրիգորյանը: Մարդիկ միշտ ցանկացել են իրական առարկաներն ու երեւույթները պատկերել: «Դեռ քարե դարից են պատկերել»,- ավելացնում է Ա. Գրիգորյանը, ով համարում է, որ միշտ ժամանակակից փոփ-արտը Հայաստանում զարգանալու մեծ հեռանկարներ ունի, քանի որ «ինքնամփոփ, ինքնասուզված արվեստն» աշխարհի հարցերից փախչելու միջոց է: