«Ես իմ բոլոր գաղտնաբառերն անվանում էի չեմպիոն 25»,- ասում է Արթուր Աբրահամը

18/05/2006 Իրինա ՍԱՐԳՍՅԱՆ

Բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն (Աբրահամյան) իր մասին խոսելիս միշտ պատմում է նաեւ իր կրտսեր եղբոր՝ Ալեքսի մասին: 1995 թվականին նրանք միասին են սկսել զբաղվել բռնցքամարտով, եւ երկուսն էլ սիրողական բռնցքամարտում դարձել են Գերմանիայի բազմակի չեմպիոններ: 1999թ. եղբոր հետ միասին ծառայել են հայոց բանակում եւ վերադարձել Գերմանիա: 2003թ. ի վեր Աբրահամ եղբայրները համարվում են պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներ. Արթուրը` միջին քաշային կարգում, իսկ Ալեքսանդրը` երկրորդ կիսամիջին քաշային կարգում: Հաջողակ գերմանացի գործարար Վիլֆրիդ Զաուերլանդը, որը զբաղվում է բռնցքամարտի մրցաշարերի կազմակերպմամբ, պայմանագիր է կնքել Աբրահամ եղբայրների հետ: Արթուրն ու Ալեքսը միասին ապրում են Բեռլինի Շառլոտենբուրգ փողոցում գտնվող բնակարանում եւ վարում են նույն մակնիշի ավտոմեքենաներ: «Մենք միշտ միասին ենք, ամեն ինչ ձեռնարկում ենք միասին», – Բեռլինի սրճարաններից մեկում, մի մեծ կում ըմպելով բանանի հյութից՝ հաստատակամ հայացքով ասում է Արթուրը:

Արթուր Աբրահամը մասնակցել է 90 մարտի, որից 81-ը ավարտել է հաղթանակով, 6-ը` ոչ-ոքիով եւ ընդամենը 3 պարտությամբ: Սիրողական բռնցքամարտում նրա մեծագույն նվաճումը Գերմանիայի չեմպիոնի տիտղոսն է, որը նա ստացել է 1997 թվականին: Իր առաջին պրոֆեսիոնալ հաղթանակն Արթուրը կրել է 2003թ. օգոստոսին, երբ Նյուրնբերգի հրապարակում մրցում էր Ֆրանկ Քերիի դեմ: Իսկ անցյալ տարի Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն` ստանալով (IBF-Title) միջազգային բռնցքամարտի ֆեդերացիայի տիտղոսը:

Արթուրը, պարզվում է, կարող էր եւ ոչ թե բռնցքամարտիկ, այլ հայտնի հեծանվորդ դառնալ: Նրա հորեղբայրը` Կարապետ Կարագաշյանը, որը Խորհրդային Միության բազմակի չեմպիոն է, Արթուրի մեջ տեսնում էր ապագա հեծանվորդի: Նա Արթուրին տարել է հեծանվորդների դպրոց եւ այդպիսով Արթուրի համար սպորտը դարձրել է կենսակերպ: Հորեղբայրը զգում էր, որ Արթուրը խոստումնալից մարզիկ է: Եվ նա չէր սխալվում: Արթուրը Գերմանիայում դարձավ Բավարիայի հեծանվորդների չեմպիոն:

Միգուցե իսկապես կյանքում պատահականություններ չեն լինում: Մի օր 15-ամյա Արթուրը հեռուստացույցով ականատես է լինում բռնցքամարտի մի մրցաշարի, որը որոշիչ է դառնում նրա կյանքում. «Երբ տեսա, թե ինչպես են աշխարհի չեմպիոնին բարձրացնում, դնում ուսերի վրա, ինչ հիացմունքով են նայում նրան, ուզեցի նույնը զգալ»,- պատմում է Արթուրը: Այդ օրվանից հետո բռնցքամարտի դպրոց գտնելու միտքը նրան հանգիստ չէր տալիս: Նա հարցնում էր յուրաքանչյուր պատահած մարդուն, լիներ դա հարեւան թե տաքսու վարորդ՝ «Որտե՞ղ է բռնցքամարտի մոտակա դպրոցը»:

Դեռեւս 90-ական թվականներին, երբ Արթուրն իր ընտանիքի հետ ապրում էր Գերմանիայի Բամբերգ քաղաքում, սկսում է այցելել գերմանական մարզադպրոց: Ի վերջո, Արթուրը հանդիպում է Ուվե Շուլցեին՝ իր առաջին մարզիչին: Ապա գրանցվում է Նյուրնբերգի թիվ 1 սպորտի միության բռնցքամարտի բաժնում: Տարիներ շարունակ, օր ու գիշեր, նա ապրում էր աշխարհի չեմպիոն դառնալու մտքով. «Ես նույնիսկ իմ բոլոր գաղտնաբառերն անվանում էի չեմպիոն 25»,- հիշում է նա:

Բռնցքամարտը տեւեց չորս ռաունդ: Հակառակորդը՝ Նիգերիացի Իկեկեն տարվեց նոկաուտով, եւ Արթուրը դարձավ աշխարհի չեմպիոն: Բռնցքամարտը տեղի ունեցավ 2005թ. դեկտեմբերին, Լայպցիգում:

Այս շաբաթ, մայիսի 13-ին Արթուրը կրկին բռնցքամարտում է: Նա պաշտպանելու է իր IBF տիտղոսը: Այս անգամ նա մրցելու է 31-ամյա բռնցքամարտիկ Կոֆի Ջանթուայի հետ: Գանացի Կոֆի Ջանթուան ապրում է Լաս Վեգասում: Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի իր կարիերայում նա 33 մարտից 30-ի հաղթող է, որոնցից 19-ը վաղաժամ հաղթանակ է եղել: «Մենք Արթուրի համար շատ լավ հակառակորդ ենք գտել»,- ուրախությամբ նշում է Վիլֆրիդ Զաուերլանդը: -Ջանթուան լավ բռնցքամարտիկ է, մարտատենչ է, դա դուր կգա երկրպագուներին»: Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքով այս բռնցքամարտին հետեւելու են միլիոնավոր մարզասերներ: Բռնցքամարտը անցկացվելու է Ցվիքաու քաղաքում:

Բռնցքամարտից հետո Արթուրը որոշել է եղբոր հետ հանգստանալու մեկնել Դոմինիկյան Հանրապետություն: Նրա մեծագույն նպատակը սուպեր չեմպիոն դառնալն է. «Ես ուզում եմ բոլոր չորս տիտղոսների կրողը լինել: Թեեւ մի տիտղոսով էլ գոհ ենք»,- ավելացրեց Արթուրը եւ վճռականություն արտահայտող շարժումով հենվեց աթոռին: Նրա ճերմակ եւ կանաչ գույներով մարզազգեստը փայլատակում էր սրճարանի լապտերի լույսի ներքո: