Կան փաստաթղթեր, որոնք վկայում են, թե տարեկան քանի անգամ է նորոգվել եւ տեխզննում անցել Սոչիում աղետի ենթարկված A-320 oդանավը: Այս մասին Gazeta.ru-ին տված հարցազրույցում ասել է «Արմավիա» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը: Նա ասել է, որ փոքր ծավալի նորոգումը կատարվում է Հայաստանում: Այն իրականացնում են Բելգիական «Սաբինա տեքնիկս» ընկերության մասնագետները, իսկ պլանային նորոգումն արդեն իրականացվում է հենց Բելգիայում: Բաղդասարովը զարմացել է, որ բելգիական ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, թե «Արմավիայի» աղետյալ օդանավը Բելգիայում չի նորոգվել: Բաղդասարովի կարծիքով, այդ հայտարարության հեղինակը կամ կոմպետենտ չէ, կամ միտումնավոր թաքցնում է իրականությունը: «Ես վստահ եմ, որ սեւ արկղերը կգտնեն: Թեեւ այժմ մի շարք հարցեր կան. օդանավը գրեթե վայրէջք էր կատարել, իսկ նրան հրամայել են երկրորդ շրջան կատարել, թեեւ կարող էին միայն նման խորհուրդ տալ: Եվ ո՞ւր է այժմ դիսպետչերը: Նրան չեն կարողանում գտնել»,- ասել է Բաղդասարովը: