«Օրինաց երկիր» կուսակցության շուրջ ծավալված սկանդալն իրեն շատ երկար սպասեցնել չտվեց եւ հիմա գնալով նոր թափ է հավաքում: Այս օրերին «Օրինաց երկիր» կուսակցությունից եւ ԱԺ ՕԵԿ խմբակցությունից իրար հետեւից, հերթով դուրս են գալիս գործարար պատգամավորները:
ՕԵԿ խմբակցությունից դուրս գալու դիմում էին ներկայացրել ԱԺ պատգամավորներ Մելիք Մանուկյանը, Արշակ Մխիթարյանը, Ալեքսան Պետրոսյանը, Գրիգոր Մարգարյանը: Երեկ նրանց է միացել նաեւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եղբայրը՝ Սայադ Զախարյանը: Սակայն ՕԵԿ-ի դեմ սկսված դեմարշը միայն այսքանով չի սահմանափակվելու: Մեր աղբյուրների պնդմամբ, արդեն ՕԵԿ-ից դուրս գալու դիմում են գրել նաեւ Սամվել Շահգալդյանը, Էդուարդ Գաբրիելյանը, Խաչիկ Պետրոսյանը, Արկադի Համբարձումյանը: Այսպիսով, ակնհայտ է, որ ՕԵԿ-ից ոչ թե առնետավազք է սկսվել, այլ Ռոբերտ Քոչարյանն ուղղակի որոշել է պատժել Արթուր Բաղդասարյանին: Եվ այս օրերին ՕԵԿ-ի շուրջ տեղի ունեցող բոլոր գործընթացներն ընթանում են հենց այդ ենթատեքստում՝ նախապես մշակված սցենարով:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առաջիկայում էլ արվելու է ամեն ինչ՝ ՕԵԿ 21 հոգանոց խմբակցությունից ամենաշատը 10 պատգամավոր թողնելու եւ ԱԺ-ում այդ կուսակցությանը քաղաքական փոքրամասնություն դարձնելու համար: Ընդ որում, ամեն ինչ արվելու է, որպեսզի ՕԵԿ խմբակցության պառակտումը դիտվի ոչ թե մասնավորեցման ծրագրի շուրջ տարաձայնությունների հետեւանք, այլ, որ ֆրակցիան լքող պատգամավորներն այլեւս համաձայն չեն Ա. Բաղդասարյանի վարած քաղաքական կուրսի հետ: Եվ այդ ամենի ենթատեքստում, ՕԵԿ-ից հնարավոր է դուրս գան նաեւ «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003թթ.» ծրագրին Ա. Բաղդասարյանի կոչով «դեմ» քվեարկած որոշ պատգամավորներ եւս: Մի խոսքով, Արթուր Բաղդասարյանին էլ սպասվում է Արտաշես Թումանյանի ճակատագիրը՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս: Բայց դա արդեն էական չէ:
Իսկ մինչ այդ, ՕԵԿ-ից հեռացած պատգամավորներն այս օրերին խոսքները մեկ արած չեն ցանկանում մեկնաբանել իրենց քայլը եւ բոլորը մեկ մարդու նման մեկ բան էին ասում. «Մեկնաբանություններ չեմ ուզում անել: Փաստն այն է, որ դուրս եմ եկել, այդքանից հետո ի՞նչ կարիք կա որեւէ բան ասելու»:
Իսկ տեղի ունեցածի պատճառները, թերեւս, ակնհայտ են բոլորին: Վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանն իրեն զգում էր որպես Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ եւ դե ֆակտո սկսել էր նախընտրական քարոզարշավը: Իսկ այդ ընթացքում ամեն ինչ անում էր՝ զատվելու համար այսօրվա իշխանություններից, որոնց հետ եւ որոնց շնորհիվ 2003 թվականին նա դարձավ ՀՀ երկրորդ պաշտոնյան: Նա մեկ ԱԺ ամբիոնից անարգանքի սյունին էր գամում կառավարությանը՝ 2001-2003թթ. հանցավոր ճանապարհով սեփականաշնորհում իրականացնելու համար, մեկ հայտարարում էր, որ ՀՀ բոլոր համապետական ընտրությունները կեղծվել են: Վերջում էլ պարոն Բաղդասարյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ եթե ՕԵԿ-ի եւ կոալիցիոն մյուս գործընկերների միջեւ էական հակասություններ լինեն, ապա իրենք կարող են դուրս գալ կոալիցիայից: Այս ամենն էլ, բնականաբար, շարժել է Ռոբերտ Քոչարյանի զայրույթն, ու նա, ի վերջո, որոշել է Ա. Բաղդասարյանին ցույց տալ իր իսկական տեղը: Մանավանդ, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում բազմիցս է ցույց տվել, թե ինչ ճակատագրի կարող է արժանանալ իրեն դավաճանողը կամ ընդդիմացողը (ամենաթարմ օրինակը հենց նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն է):
Իսկ երեկ ՕԵԿ-ում տիրող մթնոլորտն ավելի շատ թաղման բյուրո էր հիշեցնում, քանի որ ՕԵԿ-ականներն ուղղակի հայտնվել են ցայտնոտային իրավիճակում: Իհարկե, ՕԵԿ-ականներն, արհեստական ժպիտը դեմքներին, արտաքուստ փորձում էին ցույց տալ, որ կատարվածն իրենց ամենեւին էլ չի ընկճել եւ կուսակցությունն առավել քան մարտական է տրամադրված: Բայցեւ խուսափում էին կատարվածի շուրջ որեւէ մեկնաբանություն տալուց: Ինչպես փոխանցեցին ՕԵԿ-ից, իրենց խմբակցությունից դուրս են եկել գործարարները, որոնք ամենեւին էլ կապ չեն ունեցել կուսակցության քաղաքականության եւ քաղաքական գծի հետ: Եվ այդ տեսանկյունից, գործարարների հեռանալու արդյունքում, ՕԵԿ-ը որպես քաղաքական միավոր որեւէ բան չի կորցրել: «Այն, ինչ կատարվել է, բոլորն էլ գիտեն, դրա մասին մամուլն էլ էր անընդհատ գրում: Այնպես որ, այդտեղ որեւէ անակնկալ բան չկա: Իսկ եթե մտածում եք, որ ես այսօր որեւէ վատ բան կասեմ իմ գործընկերների մասին, ապա ոչ, մենք երեք տարի շարունակ միասին ճանապարհ ենք անցել,- ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ ավելացնելով,- ՕԵԿ-ը 62 հազար անդամ ունեցող կուսակցություն է, եւ ոչ մի ողբերգություն չի լինի, եթե 62 հազարից մնանք 61 հազար 995»: Իհարկե, եթե այսքանից հետո «Օրինաց երկրում» իրոք մնա 61 հազար 995 մարդ, ապա դրա մեջ ցավալի ոչ մի բան չկա: Բայց փաստ է, որ ՕԵԿ-ի այդ 62 հազար անդամը գոյացել է վարչական ապարատի ճնշման տակ, ու այսօր ամենեւին էլ խնդիր չէ այդ 62 հազար անդամից ՕԵԿ-ում հազիվ 10 հազար մարդ թողնելը: Իսկ դա արդեն ողբերգական կլինի ՕԵԿ-ի համար: Երեկ հետաքրքրվեցինք, թե Հովհաննես Մարգարյանը կիսո՞ւմ է այն տեսակետը, որ ՕԵԿ-ի հետ տեղի ունեցող այս ողջ գործընթացը այդ կուսակցության եւ Արթուր Բաղդասարյանի վերջին շրջանում վարած կիսաընդդիմադիր-կիսաիշխանամետ քաղաքականության հետեւանք է, ինչի համար էլ նախագահական նստավայրից ՕԵԿ-ին պատժելու հրահանգ է իջեցվել: «Մեր դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել: Մենք միշտ լավին լավ ենք ասում, վատին՝ վատ: Ինչպե՞ս կարող ենք վատը տեսնել ու լռել: Իսկ այն սեւ քարոզարշավը, որ սկսվել է ՕԵԿ-ի ու անձամբ Արթուր Բաղդասարյանի դեմ, յուրաքանչյուր բանական մարդ շատ լավ տեսնում է: Բայց մեզ համար կարեւորը ժողովրդի գնահատականն է, քանզի ինչպես ասում են՝ ժողովուրդն ամենաիմաստունն է եւ լավ գիտի, թե այսօր ՀՀ-ում ով ով է: Իսկ ժամանակն ամենաարդար դատավորն է»,- մեր հարցին այսպես փիլիսոփայաբար պատասխանեց Հովհաննես Մարգարյանը: Եվ կրկնելով Արթուր Բաղդասարյանի խոսքերը, թե իրենք էական հակասությունների դեպքում պատրաստ են դուրս գալ կոալիցիայի կազմից, Հ. Մարգարյանը հավելեց. «Ի տարբերություն շատ շատերի, Արթուր Բաղդասարյանը կառչած չէ իր աթոռից եւ աթոռապաշտությամբ չի տառապում»:
Այսքանից հետո, անտրամաբանական կլինի, եթե Ազգային ժողովի նախագահի պաշտոնում լինի մեկը, ում ղեկավարած կուսակցությունը նույն ԱԺ-ում քաղաքական փոքրամասնություն է: Եվ բացառված չէ, որ եթե Արթուր Բաղդասարյանը հրաժարական չտա, ապա պատգամավորները իրենք նախաձեռնեն ԱԺ խոսնակի իմպիչմենտը: Հայ հեղափոխական դաշնակցությունը խուսափում է այս առնչությամբ որեւէ տեսակետ հայտնելուց: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա ըստ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանի. «Եթե գործընթացներ կան այս կամ այն խմբակցությունում, ապա դրանք պետք է ընդունել որպես իրողություն եւ հաշվի առնել հետագա զարգացումների ընթացքում: Ճիշտն ասած՝ գործարարների պարագայում հարցադրումը մի փոքր այլ է, քանի որ, որքան ինձ է հայտնի, այդ գործարարները ՕԵԿ-ի հետ իրենց հարաբերությունները ճշտել են 2003թ. խորհրդարանական ընտրությունների նախօրյակին: Եվ իրենց ներկայությունը կուսակցությունում կամ խմբակցությունում պայմանավորված չէր կուսակցական գործունեությամբ: Սա կարեւոր գործոն է եւ պետք է անպայման հաշվի առնվի այդ երեւույթը քննարկելիս: Բայց չարժե գուշակություններով զբաղվել: Իրադարձությունների ընթացքն ինքը ցույց կտա, թե արդյոք սրանով կսահմանափակվի՞ պատգամավորների հեռացումը «Օրինաց երկրից»: Եվ այդ ժամանակ էլ, ըստ իրողությունների, կարելի է հետեւություններ անել»,- ասում է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական Տիգրան Թորոսյանը: Իսկ թե ինչ հետեւություններ կարվեն, Տ. Թորոսյանը չի մանրամասնում. «Հետեւություններ արվում են իրողություններից»: