Մայիսի 17-ին եւ 18-ին Երեւանում նախատեսվում է կազմակերպել տարածաշրջանային հեռանկարներին նվիրված համաժողով` «Կովկասն առանց ահաբեկության եւ հակամարտությունների: Քաղաքակրթությունների երկխոսություն կովկասյան խաչմերուկում» խորագրով:
Համաժողովի անցկացման գաղափարը քննարկվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, եւ համաժողովն «Ազգային կենտրոն. քաղաքակրթությունների երկխոսություն» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է Ա. Աբրահամյանի հետ միասին: Այս մասին երեկ Մամուլի ազգային ակումբում տեղեկացրեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) ղեկավար, ԱԺ պատգամավոր Արամ Գասպարի Սարգսյանը, ով նաեւ նախորդ տարեվերջին ստեղծված վերոնշյալ ՀԿ-ի խորհրդի նախագահն է: Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են հրավիրվել փորձագետներ Վրաստանից, Ռուսաստանից, Լեռնային Ղարաբաղից (ԼՂ), Գերմանիայից, Շվեյցարիայից, Թուրքիայից, Իրանից եւ Ադրբեջանից, բայց Ադրբեջանի ներկայացուցիչները հավանաբար չեն գա Երեւան, ինչը նրանք բացատրել են նրանով, որ կարող է իրենց երկրում՝ Ադրբեջանում խնդիրներ ունենան: Ուշագրավ է, որ ԱՄՆ-ից ոչ ոք չի հրավիրվել, ինչն Ա. Սարգսյանը բացատրում է զուտ ֆինանսական խնդիրներով, քանզի համաժողովի հետ կապված ծախսերը հոգում է ընդունող կողմը: Սակայն ՀԴԿ ղեկավարը նշեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը տեղյակ է պահվել համաժողովի մասին եւ ցանկության դեպքում նրանք եւս կարող են մասնակցել այդ համաժողովին: Հետաքրքիր մի փաստ եւս. համաժողովին չեն մասնակցելու Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի ներկայացուցիչները, որովհետեւ նրանց էլ չեն հրավիրել: Հետաքրքիրն այն է, որ հրավիրված են ԼՂ ներկայացուցիչները, ընդ որում, ինչպես նշեց Ա. Սարգսյանը, ԼՂ արտգործնախարարն ինքն է զբաղվում համաժողովին ԼՂ ներկայացուցիչների մասնակցության հարցերով, եւ չի բացառվում, որ ինքն էլ մասնակցի: Իսկ տարածաշրջանի մյուս չճանաչված պետությունների՝ Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի ներկայացուցիչներին չհրավիրելն Ա. Սարգսյանը բացատրում է Վրաստանի հետ կապված «նուրբ խնդիրներով»: ՀԴԿ ղեկավարը երեկ նաեւ նշեց, որ Հայոց ցեղասպանության հարցն այդ համաժողովի ժամանակ չի քննարկվի: Ըստ նրա, ԼՂ հարցն էլ այդ համաժողովի ընթացքում չի քննարկվի այնպես, ինչպես քննարկվել է մինչ օրս: Ինչեւէ, երեկ Արամ Գ. Սարգսյանն անդրադարձավ նաեւ ներքաղաքական որոշ հարցերի, մասնավորապես` «Օրինաց երկիր» կուսակցությունից որոշ գործարար պատգամավորների դուրս գալուն: ՀԴԿ ղեկավարը ցավակցություն հայտնեց ՕԵԿ-ից հեռացողներին, դա բացատրելով նրանով, որ այդ մարդիկ ստիպված են թելադրանքով գործել: «Եթե գործարարը վախ ունի իշխանությունից, նշանակում է, որ նրան ցանկացած պահի կարող են կանչել ու ասել՝ ինչ անել եւ ինչ չանել: Այդպիսի պատգամավորն ընդհանրապես արժեք չունի: Եթե հիմա նրանք այստեղից փախան մեկ այլ տեղ, այնտեղ էլ ոչ մի արժեք չունեն: Որովհետեւ էլի չունեն իրենց սեփական դիրքորոշումը»,- նկատեց Ա. Սարգսյանը: Վերջինիս խոսքերով՝ ՕԵԿ-ի հետ կատարվածը միանգամայն տեղավորվում է այն համակարգի տրամաբանության մեջ, որն, ըստ նրա, ստեղծել եւ խրախուսում է Ռոբերտ Քոչարյանը: Իսկ ովքե՞ր են շահագրգռված ՕԵԿ-ի թուլացմամբ: «Իհարկե, շահագրգռված են նրանք, ովքեր պետք է վաղը պայքարեն խորհրդարանական այդ շատ թանկ տեղերի համար, որն ապագայում կլինի նախագահական ընտրությունների նախերգանքը: Հանրապետական կուսակցությունն` ինքնին հասկանալի է, նորաստեղծ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այն մյուսը, ես չգիտեմ, էլի կլինեն այդպիսի նորածին կուսակցություններ: Այդ բոլորի արդյունքն է սա»,- կարծում է պատգամավորը: Վերջինս նաեւ այն կարծիքին է, որ «առնետավազքն» ՕԵԿ-ից դեռ շարունակվելու է: Արամ Գ. Սարգսյանի կարծիքով, եթե այսպես շարունակվի, եւ «շաբաթն ուրբաթից շուտ չգա», ապա հաջորդ խորհրդարանն էլ կլինի այնպիսին, ինչպիսին հիմա է: Ի դեպ, երեկ ընդդիմադիր պատգամավորի խոսքերից կարելի էր եզրակացնել, որ հայրենի ընդդիմությունը սպասում է մինչեւ իշխանական կուսակցություններն իրար հետ «մաքրեն իրենց հաշիվները», վարկաբեկեն միմյանց, որից հետո նոր դիմի վճռական գործողությունների: Դատելով Ա. Սարգսյանի խոսքերից՝ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է 2007-ին կայանալիք ԱԺ հերթական ընտրություններին, որի ընթացքում, ինչպես նշեց պատգամավորը, իրենք ընտրական նոր տեխնոլոգիաներ են կիրառելու: Ի դեպ, ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Արամ Գ. Սարգսյանը խոսում էր միայն իր ղեկավարած կուսակցության գործողությունների ու ծրագրերի մասին: Արդյո՞ք դա վկայում է այն մասին, որ «Արդարությունն» այլեւս գոյություն չունի: Ա. Սարգսյանի խոսքերով՝ «Արդարություն» դաշինքը ստեղծվել էր հստակ նպատակով՝ երկրում վերականգնել սահմանադրական կարգը, ինչը սակայն դաշինքին չհաջողվեց: Ավելին, Ա. Սարգսյանը նաեւ նշեց, որ իրենք դեմ են գաղափարական հենք չունեցող դաշինքներին, եւ հետագայում, եթե իրենց կուսակցությունը որեւէ դաշինքի մաս կազմի, ապա այդ դաշինքը պետք է ստեղծված լինի գաղափարական ընդհանուր հենքի վրա: Անդրադառնալով Հայաստանի՝ դեպի ՆԱՏՕ գնալ-չգնալու հարցին՝ ՀԴԿ ղեկավարը կարծիք հայտնեց, որ «ՆԱՏՕ-ի գալով ավելանում է ոչ թե Հայաստանի անվտանգությունը, այլ դրա հետ կապված խնդիրները»: «ՆԱՏՕ-ի գալով, մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի հետ: Հիմա այս ամենին դուք դիմակայելո՞ւ եք, թե՞ ուզում եք Վրաստանի օրն ընկնել»,- հարցնում էր Արամ Գասպարի Սարգսյանը: Ուշագրավ է, որ ՀԴԿ ղեկավարն այն կարծիքին է, որ Արեւելք գնալով` Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ խնդիր չի ունենա: Իր այս կարծիքը պատգամավորը հիմնավորում է նրանով, որ ՆԱՏՕ-ն մեզ չի պարտադրում անդամակցել իրեն: