Արթուր Բաղդասարյանը կվերածվի քաղաքական մումիայի

14/05/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

– Ձեր գնահատականներով, ինչո՞ւ են ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության գործարար պատգամավորները հերթով դիմում ներկայացնում Արթուր Բաղդասարյանին ու դուրս գալիս ՕԵԿ շարքերից:

– Արթուր Բաղդասարյանի շրջապատում այնպիսի մարդիկ չեն, ովքեր կհամաձայնեն հանդես գալ որպես ընդդիմություն, որովհետեւ ընդդիմությունն, այնուամենայնիվ, փշոտ ճանապարհ է: Իսկ այդ մարդիկ հավաքվել են իր շուրջ` որպես ծրագրված իշխանության կուսակցություն: Միայն այդ պատճառով էին այդ մարդիկ հավաքվել իր շուրջը: Ըստ էության, Արթուր Բաղդասարյանը թիմ չունի, իր կուսակցությունն արհեստածին է, ձեւավորվել է վարչական դեոգենիկ օգտագործմամբ` հիմնականում ուժային կառույցների դերակատարմամբ: Օրինակ, Բաղդասարյանն այն ժամանակ կապեր ուներ Արմեն Երիցյանի, Սերժ Սարգսյանի հետ: Բնականաբար, նման կարգի կառույցների հետ կապ ունեցող կուսակցությունը, երբ արմատական դիրքավորման փոփոխության հեռանկարի առջեւ է կանգնում` փլուզվում է, քանզի այդտեղ մարդիկ հավաքագրվել են մեկ նպատակով. մոտ լինել իշխանությանը, օգտվել իշխանության հնարավորություններից: Հիմա նրանք ընդդիմադիր մաքառումների ճանապարհին են, ինչն ամենեւին էլ այդ մարդկանց ծրագրերում չի եղել:

– Այսինքն` այդ պատգամավորները համարում են, որ իրենց «քցե՞լ» են:

– Հիմա այդ մարդկանց պարզապես փաստի առջեւ են կանգնեցնում, ու իրենք ըստ այդմ կողմնորոշվում են: Իրենք եկել են «Օրինաց երկիր»` նկատի ունենալով, որ ՕԵԿ-ն իշխանությանը մաս է կազմում, որ այդ կուսակցությունն իշխանությունը վերցնելու համաձայնեցված նախաշեմին է կանգնած: Հիմա, երբ ընդդիմության դեգերումների մեջ հայտնվելու հեռանկար է մեջ ընկել, նրանք օպերատիվ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ճշտեն իրենց կարգավիճակը գոնե իշխանամերձ դաշտում: Այսինքն` իշխանության մեջ չկորցնելով այն ներգրավվածությունը, որը հիմա ունեն:

– Բայց քանի դեռ ԱԺ նախագահի հրաժարականի հարց չկա օրակարգում, Արթուր Բաղդասարյանը շարունակում է մնալ իշխանության մեջ: Անիմաստ չէ՞ նմանատիպ բացատրությունը:

– Ոչ, պարզապես Ա. Բաղդասարյանը քաղաքական լուրջ պարտություններ կրեց: Նրա քաղաքական առաջին պարտությունը սա չէ: Առաջինը 2 տարի առաջ էր, երբ ինքը չկարողացավ ապահովել արտահերթ նստաշրջանի գումարում այն բանից հետո, երբ իր ստորագրությամբ միացավ այն 66 ստորագրություններին, որոնք ես հավաքել էի ավանդների վերադարձման հարցը քննարկելու համար: Չնայած ինքը միացել էր ստորագրահավաքին, բայց չկարողացավ ապահովել հարցի քննարկումը, ինչն իր անմիջական պարտականությունն էր` որպես ԱԺ նախագահ: Նրա երկրորդ պարտությունն անցած տարի էր: Նույն հարցով արտահերթ նիստ անցկացնելու համար փաստաթղթի տակ նորից Ա. Բաղդասարյանը ստորագրեց, բայց 21 հոգուց բաղկացած ՕԵԿ խմբակցությունից իրենց կուսակցության լիդերի ստորագրությանը միացավ ընդամենը 6 հոգի, եւ այն ժամանակ ես հայտարարեցի, որ ՕԵԿ խմբակցության փլուզումն անխուսափելի է, որովհետեւ այդ ստորագրահավաքը ցույց տվեց, որ Ա. Բաղդասարյանն իր սեփական խմբակցությունում ունի ընդամենը 6 համախոհ: Ավանդների հարցն ՕԵԿ-ի համար ծրագրային խնդիր էր: Իրենք այդ հարցով հանդես են գալիս 1995թ.` իրենց ստեղծման առաջին իսկ օրվանից: Դա իրենց առաջնային ու առանցքային կարգախոսն էր: Իսկ նման վերաբերմունքը լակմուսի նման ցույց տվեց, որ ՕԵԿ-ի մեջ լուրջ պրոբլեմներ կան, եւ, որ Ա. Բաղդասարյանը կանգնած է սեփական խմբակցությունում փոքրամասնություն դառնալու փաստի առջեւ, եւ այդ իրողությունը կասկածի տակ է դնում այդ խմբակցության հեռանկարը:

– Կոալիցիան Ա. Բաղդասարյանի հրաժարականի հարց կբարձրացնի՞, կփոխի՞ կոալիցիոն իր գործընկերոջը:

– Դա կոալիցիայի համար ինքնանպատակ չէ: Ի վերջո, նման քայլ նրանք կարող էին անել հենց վերջին քառօրյայում: Եվ, ըստ էության, կոալիցիան կկարողանար ապահովել միասնական ճակատ` «Ժողպատգամավոր» խմբով, ու անհրաժեշտ ձայներով նրան հեռացնել ԱԺ նախագահի պաշտոնից: Դա զուտ քաղաքական ակցիա պետք է լինի: Սակայն կոալիցիայի նպատակը դա չէր: Կոալիցիան «մանթրաժի» մեջ էր, երբ ես ԱԺ-ում ելույթ ունեցա Ա. Բաղդասարյանի դեմ: Նրանք ծրագրել էին, թե ես կպահանջեմ Ա. Բաղդասարյանի հրաժարականը, ինչը հնարավորություն կտար իրենց նույնպես ծավալվելու այդ հարցի շուրջ: Արդյունքում ուզում էին նվաստացնել Ա. Բաղդասարյանին, մտածում էին, որ նվաստացումից հետո Արթուր Բաղդասարյանը կմեղանչի, իրենք էլ կներեն, եւ կոալիցիան կամրապնդվի: Սա էր նրանց սցենարը, բայց ես իրենց խաղը չեմ խաղում, ես իմ խաղն եմ խաղում:

– Կոալիցիան հիմա ի՞նչ խաղ է խաղում, որին դուք չեք ուզում մասնակցել:

– Հիմա նրանց խաղը փոխվել է, որովհետեւ Ա. Բաղդասարյանը գնաց վա բանկ: Ես նրան իմ հարցադրումներով այնպիսի իրավիճակի մեջ ներքաշեցի, երբ ստիպված եղավ բացվել ու բացահայտ վա բանկ գնաց: Նա նվաստացրեց եւ ՀՅԴ-ին, եւ ՀՀԿ-ին` հայտարարելով, որ ինքը ցանկացած պահի պատրաստ է դուրս գալ կոալիցիայից, դրանով իսկ ասելով, որ` «ոչ թե ես պետք է ձեզ խնդրեմ, որպեսզի ինձ ընդունեք կամ ճանաչեք, որպես կոալիցիայի անդամ կամ իշխանության մասնակից, այլ դուք պետք է խնդրեք, որ ես մնամ իշխանության մեջ»:

– Ասացիք, որ ՕԵԿ-ին առաջ Ա. Երիցյանն ու Ս. Սարգսյանն էին կառավարում, իսկ հիմա ո՞վ է իրականացնում ՕԵԿ-ին ղեկավարելու դերակատարումը: Ս. Սարգսյանն իր ձեռքի տակից բա՞ց է թողել Ա. Բաղդասարյանին:

– Շատերն այսօր խոսում են, թե ՕԵԿ-ին եւ անձամբ Ա. Բաղդասարյանին հովանավորում է Արեւմուտքը, որ ինքն ունի լուրջ հովանավորներ, որոնք իրեն իբրեւ տեսնում են իշխանության իրավահաջորդի դերում: Ես այդ կարծիքին չեմ եւ չեմ հավատում, թե նրա խաղաքարտը լուրջ է ընդունվում Արեւմուտքի կողմից, կամ որ Արեւմուտքի ազդեցիկ քաղաքական կենտրոնները նրան են տեսնում Հայաստանի ապագա նախագահի դերում: Եթե դա այդպես լիներ, ապա Ա. Բաղդասարյանն իրեն շատ ավելի ծանրակշիռ կպահեր, շատ ավելի ինքնավստահ: Բայց նա իրեն ջղաձիգ է պահում, գնում է վա բանկ, իսկ իշխանության իրավահաջորդները, իրական ժառանգորդները վա բանկ չեն գնում: ՕԵԿ-ականներն իրենց վարքագծով ցույց են տալիս, որ իշխանության ժառանգորդը լինելու են հենց իրենք, որ իշխանությունը հայտնվելու է հենց իրենց ձեռքում: Բայց դա այդպես չէ, Արեւմուտքը գերադասում է ծանրակշիռ մարդկանց: Կարծում եմ, բնավորությամբ չափազանց ամբիցիոզ, պատվախնդիր Ա. Բաղդասարյանը, նաեւ ենթարկվելով իր շրջապատի տրամադրություններին եւ ախորժակներին ու դրանով իսկ չկարողանալով քողարկել իրավահաջորդ հանդես գալու իր ձգտումը, կանգնեց ֆալ-ստարտի առջեւ: Չմոռանանք, որ 2004թ. գարնանային սրացումները սկսվեցին ոչ թե ընդդիմության շրջաններ այցելություններից, այլ Ա. Բաղդասարյանի այցերից: Բաղդասարյանը ընտրություններից անմիջապես հետո մարզերում արկղեր դրեց, որտեղ մարդիկ պետք է իրենց բողոքներն արտահայտեին: Փաստորեն, նա իր վրա էր վերցնում նաեւ գործադիր իշխանության ֆունկցիան:

– Իսկ ի՞նչ է սպասվում «Օրինաց երկրին», որի պատգամավորները գնալով պակասում են:

– ԱԺ պատմության մեջ սա առաջին դեպքը չէ: Նա հայտնվել է այն իրավիճակում, որում 2000թ. հայտնվել էր Արմեն Խաչատրյանը: Նա պարզապես դառնալու է Արմեն Խաչատրյանի նման մի երեւույթ, որը մինչեւ իր լիազորությունների ավարտը մնաց խեղկատակի դերում: Նա պարբերաբար հայտնվելով թուքումրի մեջ, խեղկատակի կարգավիճակում քարշ տվեց իր գոյությունը` որպես Աժ նախագահ:

– Ա. Բաղդասարյանին է՞լ է նույն թուքումուրն ու գոյություն քարշ տալու հեռանկարը սպասվում:

– Ա. Բաղդասարյանը կանգնած է այդ դաժան երկընտրանքի առջեւ. կամ պետք է նույն ձեւով, անփառունակ ավարտի իր լիազորությունների շրջանը, կամ պետք է ինքը քայլ անի: Այսինքն` կամ պետք է դնի իր հրաժարականի հարցը, կամ հրաժարվի այդ աթոռից ու իշխանությունից եւ փոխի իր դիրքավորումը քաղաքական դաշտում: Բայց այս հեռանկարը նրան նույնպես լավ բան չի խոստանում, որովհետեւ այդ դեպքում նա համալրելու է ընդդիմադիր լիդերների այն շարքը, որտեղ իրեն չեն սպասում, եւ որտեղ շատ սուր մրցակցություն է գնում ընդդիմադիր դաշտում առաջնորդության դափնիների համար: Եվ ինքն այդ պայքարում չափազանց խոցելի է, որովհետեւ իրեն հիշեցնելու են ամեն ինչ: Առաջին հերթին` այն փաստը, որ ընդամենը երկու տարի առաջ ապրիլյան դեպքերի ժամանակ հենց ԱԺ տարածքից գրոհեցին ընդդիմության եւ ընդդիմադիր զանգվածի վրա: Դա նրան կհիշեցնեն: Այնպես որ` Ա. Բաղդասարյանը կանգնած է չարյաց փոքրագույնն ընտրելու դաժան իրողության առջեւ, որովհետեւ երկու տարբերակներն էլ իր համար նպաստավոր չեն: Երկու դեպքում էլ նա ունենալու է մեծ կորուստներ եւ մտնելու է ռիսկային գոտի: Կոալիցիայում մնալն, իհարկե, ամենամեծ չարիքն է, որովհետեւ ինքն այդ թուքումրի մեջ կկորչի, ու բոլորի աչքի առջեւ քաղաքական դիակից կվերածվի քաղաքական մումիայի ու կքայքայվի: Երկրորդ դեպքում նա կմտնի ռիսկային մեծ գոտի, որտեղ չափազանց մեծ են վտանգներն, ու ինքը շատ խոցելի է լինելու: Բայց երբ համեմատում ես առաջին տարբերակի հետ, որտեղ նա կարող է հայտնվել Արմեն Խաչատրյանի դերում, ապա սա չարյաց փոքրագույնն է: