Երկու երես

14/05/2006

ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի համոզմամբ, «Օրինաց երկիր» խմբակցության հետ կատարվող վերջին իրադարձությունները «երկու երես» ունեն. այն միաժամանակյա կազմաքանդում է եւ ինքնալուծարում: «Կազմաքանդումը կատարվում է արտաքին ջանքերի տեսքով, ինքնալուծարումը` խմբակցությունից առնետավազքի: Կարող է տպավորություն ստեղծվել, թե հանրապետականների ու դաշնակցականների, մի կողմից, եւ դասալիք ՕԵԿ-ականների գործողությունների դրդապատճառները տարբեր են: Իրականում միեւնույն բանն է սրանց բոլորին ասպանդակում` ինքնապահպանման գիտակցված ու չգիտակցված մոլուցքը: Ասել, որ կոալիցիայի գծով գործընկերները վարվում են ԱԺ նախագահի հետ առանձնակի դաժանությամբ, կամ ԱԺ նախագահի աճեցրած կադրերը դավաճանում են իրենց հովանավորին, նշանակում է` քիչ բան ասել,- նկատում է Ա. Սահակյանը` ավելացնելով,- առնետավազք նախկինում էլ է եղել. խորտակվող Կոմկուսից էլ են փախչել, ՀՀՇ-ից էլ: Կոալիցիայի ընկերները մեր պատմության մեջ ամենադաժանը վարվել են դաշնակների հետ` ֆիզիկապես ոչնչացնելով նրանց: Նույն կերպ բոլշեւիկները ոչնչացրել են էսեռներին, հետո միմյանց: Սա քաղաքական բարոյականության հարց է: Ավելի ճիշտ` քաղաքականության մեջ բարոյականության, այսինքն` սկզբունքների ու համոզմունքների իսպառ բացակայության, ամեն գնով իշխանությունը պահպանելու մոլագար մղումի հայտանիշ: Սա է կարեւորը, եւ սրա մեղավորը ոչ միայն իշխանության այս պահին հաղթանակող, այլեւ պարտվող մասն է: «Օրինաց երկրին» խժռում է իր իսկ ստեղծած համակարգը»:

Արա Սահակյանի տեսակետն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամի» շաբաթ օրվա համարում: