Ինչպես են հայերը «խուրդվում»

14/05/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Որքան էլ տարօրինակ հնչի, բայց Հայաստանում հաջողության հասնելու գրավականը ոչ թե աշխատասիրությունն է կամ խելքը (քաղաքական դաշտի համար գաղափարախոսություն ունենալը եւ կոռումպացված չլինելը), այլ «ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվելու» փաստը: Իսկ ավելի ստույգ` «ճիշտ մարդու» կողքին գտնվելը:

Արդեն բոլորին էլ հասկանալի է, որ ոչ միայն քաղաքական դաշտը, այլ ողջ հայ հասարակությունն ապրում է 2007-2008թթ. համապետական ընտրություններով: Եվ եկել է «ճիշտ խաղադրույքներ» կատարելու ժամանակը: Ընդ որում, հայաստանյան իրականության ողջ աբսուրդն այն է, որ անգամ ապագա հաղթողի կողքին կանգնելը հետագայում չի կարող ապահովել Ձեր՝ իշխանական կերակրատաշտից օգտվելու հանգամանքը: Փաստեր` որքան ուզեք: Վիգեն Խաչատրյանը 1990թ. պաշտպանելով Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, հետագայում դեռ չորս տարի մնաց ընդդիմության շարքերում: Արդեն 15 տարի է, ՀՌԱԿ-ն առաջինն է պաշտպանում գործող իշխանություններին, սակայն այդ կուսակցությունն, անգամ Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցներով, չի կարողանում անցնել հինգ տոկոսանոց արգելքը: 1998թ. Արտաշես Գեղամյանը, Արամ Գասպարի Սարգսյանը, Հրանտ Խաչատրյանը եւ էլի շատ շատերն «իրենց ճղելով» պաշտպանում էին Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը: Ի հակառակ վերոհիշյալների, կան մարդիկ, ովքեր բոլոր պարագաներում (գիշեր թե ցերեկ) մնացել են իշխանության կազմում` ՀՀԿ-ն` համարյա ողջ կազմով, Դավիթ Հարությունյանը, Գագիկ Հարությունյանը, Գուրգեն Արսենյանը (անկախ այն հանգամանքից, որ ինքն իրեն կառուցողական ընդդիմություն է համարում, սակայն դա շատ քիչ է, քանզի բացի իրենից ուրիշ ոչ ոք պրն Արսենյանին ընդդիմություն չի համարում` անգամ կեղծ): Մինչեւ վերջին երկու-երեք շաբաթն այս շարքին էր դասվում նաեւ Արթուր Բաղդասարյանը: Սակայն երիտասարդ խոսնակի ամբիցիաները «խուրդեցին» նրա ստեղծած կուսակցությունը: Առայժմ` միայն կուսակցությունը… Գերմանական թերթը կամ ինտերնետ կայքերը Լեւոն Տեր-Պետրոսյանին գովերգող գիրք չեն (հիշեցնենք, որ Արթուր Բաղդասարյանը, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք հեղինակել էր Լ. Տեր-Պետրոսյանի մասին քաղաքական դիմանկարային «աշխատություն», արդեն Ռոբերտ Քոչարյանի իշխանության օրոք իր այդ «աշխատությունը» հավաքեց գրախանութներից), որը հեշտությամբ կարելի էր հավաքել Երեւանի գրախանութներից: Ավելին, սա հայ ժողովուրդը չէ, որին կարելի է խոստումներ տալ ուրիշի հարսի եւ փեսայի մասին հայտնի ասացվածքի սկզբունքով: Պարոն Բաղդասարյանը մի քիչ հեռուն գնաց (իսկ ավելի ստույգ` դեպի ՆԱՏՕ): Իսկ աշխարհաքաղաքական ուժերը կատակներ չեն սիրում: Այնտեղ մի սկզբունք է գործում` «Ձեռք ես տվել` պետք է խաղաս»: Այնպես որ, Արթուր Բաղդասարյանը հետ գնալու շանս չունի, իսկ առաջ գնալու դեպքում էլ կարող է հայտնվել Արտաշես Թումանյանի կողքին: Օրինակ, շատ հետաքրքիր է, թե այս պարագայում ո՞ր կուսակցություն է մտնելու «Օրինաց երկրից» փոխնախարար դարձած, նախկին ՀԺԿ-ական Գագիկ Ասլանյանը: Իսկ պարոն Բաղդասարյանին ուզում եմ հիշեցնել, որ տասնյակ հազարավոր հայ բարձրակարգ մասնագետներ` Ամերիկա գնալով, այնտեղ «խուրդվում են»: Լավագույն դեպքում, պիցցա են բաժանում, կամ սեւագործ բանվորություն անում (ի դեպ, նույնն է կատարվում Եվրոպա կամ Ռուսաստան գնալու պարագայում):

Հասկանում եմ, որ այսօր շատերի համար դժվար է կողմնորոշվել, թե ո՞ր կուսակցության կողքին լինել` ՀՀԿ, «Բարգավաճ Հայաստան», «Միավորում հանուն Հայաստանի», թե՞ մեկ այլ կուսակցության, որի մասին մենք ավելի ուշ կլսենք: Միաժամանակ պետք է կողմնորոշվել, թե աշխարհագրական ո՞ր ուղղությունն է պետք ընտրել` հյուսի՞ս, հարա՞վ, արեւմո՞ւտք, թե՞ շատ արեւմուտք: Կարծում ենք՝ սովորական կողմնացույցն այստեղ չի օգնի:

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ հեշտ կարելի է «խուրդվել», եթե ճիշտ ժամանակին չկողմնորոշվես, թե դու ո՞վ ես` ՀՀԿ-ից առաջադրված նախարա՞ր ես, թե՞ նոր կուսակցության խնամի, ապարանցի՞, թե՞ ընդդիմադիր, գարեջրի գործարանի սեփականատե՞ր, թե՞ ՆԱՏՕ մտնող, Վիկտոր Դալլաքյա՞ն, թե՞ Դալլաքյան Վիկտոր…

Իմիջիայլոց, «խուրդա» բառը հայերեն բառ չէ եւ թարգմանաբար նշանակում է` մանրադրամ: Եվ, ինչպես գիտեք, շրջանառության մեջ ամենաշատը հենց մանրադրամն է գտնվում եւ ում ձեռք ասես, որ չի ընկնում: Եվ քանի որ մանրադրամը միշտ մետաղական է լինում, բոլորը ձգտում են նրանից շուտ ձերբազատվել, որովհետեւ այն հարմար չէ գրպանում պահել՝ քաշը ծանր է, սակայն իրենից ոչ մի արժեք չի ներկայացնում: Ավելի հաճախ այն գցվում է երեխաների «կասսան», կամ տրվում է երթուղային տաքսիների վարորդներին (վերջին ֆրազը գրված է ամենայն լրջությամբ եւ ոչ մի «նամյոկ» չի պարունակում): Օրինակ, հայ մտավորականներին ընտրություններից առաջ իշխանություններն օգտագործում են, հետո գցում «կասսա»` մինչեւ հաջորդ ընտրություններ: Մանր-մունր չինովնիկներին «գրոշի տեղ» մուրացկան կուսակցություններին են տալիս:

Բայց… Հավատացեք, հենց այս պահին իմ մեջ արթնացավ լավատեսը, եւ հասկացա, որ շատ շուտով Հայաստանում կյանքն այնպիսին է լինելու, որ մենք ստիպված չենք լինի մեր «չենջերում խուրդել դրսից ուղարկած» գումարները, այլ այդ գումարներն ինքներս կստեղծենք մեր պետությունում: Ուղղակի դրա համար անհրաժեշտ է, որ տաղանդավոր գրողը մնա գրող, ոչ թե դառնա «խուրդված» քաղաքական գործիչ, լավ գործարարն իր գործով զբաղվի, ոչ թե դառնա «խուրդված» պատգամավոր, դերասանն ու երգիչն արվեստով զբաղվեն, ոչ թե դառնան պալատական ծաղրածու, իսկ քաղաքական գործիչը զբաղվի քաղաքականությամբ, ոչ թե` «խուրդա» գներով ծախվի՝ ում պատահի: