Մայիսի 9-ը մեզ համար կրկնակի տոն է. եւ՛ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրն է, եւ՛ Շուշիի ազատագրման։ Ռուսաստանում այդ տոնը փոքր-ինչ այլ հնչեղություն ունի։ Ռուսներն իրենց հաղթանակն են նշում։ «Խորհրդային եղբայրական ժողովուրդների միասնական պայքարի» մասին, իհարկե, լոզունգներ հնչում են (պատերազմի մասին ֆիլմերում էլ անպայման մի հայ, վրացի կամ ուզբեկ պիտի լինի), բայց դրանք ընդամենը լոզունգներ են` ձեւի համար ասվող խոսքեր։ Իրականում ռուսներն իրենց հաղթանակն են տոնում, իսկ փողոցներում կամ ստորգետնյա անցումներում հարձակվում են կովկասցիների կամ միջինասիացիների վրա։ Իրավապահներն էլ մատների արանքով են նայում այդ ամենին, որովհետեւ նրանց զգալի մասը նույնպես հոգու խորքում «պատրիոտ» է եւ «Ռուսաստանը` ռուսների համար» կարգախոսի կողմնակից։
Այլազգիների նկատմամբ բռնություններն, իհարկե, պետական մակարդակով չեն կազմակերպվում։ Պետությունն այդ քաղաքականությունն այլ կերպ է իրականացնում։ Ասենք` արգելում է վրացական գինիների եւ հանքային ջրերի վաճառքը Ռուսաստանի տարածքում, Վրաստանի հետ վիզային ռեժիմ է սահմանում, արգելում է դրամական փոխանցումները Ռուսաստանից Վրաստան, եւ այլն։ Պատերազմում տարած հաղթանակն այստեղ կապ չունի. խորհրդային զորքերի գերագույն գլխավոր հրամանատարն, ի վերջո, վրացի էր։ Պարզապես Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին։ Հետո՞ ինչ, որ Ժնեւյան կոնվենցիան արգելում է պատանդներ վերցնել։ Միեւնույն է` Ռուսաստանի տարածքում ապրող հայերը, վրացիները, ադրբեջանցիները եւ մյուս այլազգիներն իրականում պատանդներ են` մանավանդ, որ Հարավային Կովկասի երեք պետություններն էլ բավականին մեծ կախվածություն ունեն Ռուսաստանից ստացվող մասնավոր տրանսֆերտներից։ Ավելին` բանից պարզվում է, ԱՊՀ-ն այնքան էլ կամավոր միություն չէ (ինչպես կամավոր չէր ԽՍՀՄ-ը), եւ բավական էր, որ Վրաստանը փորձեր փոքր-ինչ ինքնուրույնություն դրսեւորել, որպեսզի Ռուսաստանն իսկույն պատժամիջոցներ կիրառեր Վրաստանի նկատմամբ։
Հայաստանին առայժմ նման բան չի սպառնում։ Մենք մեզ խելոք ենք պահում։ Բայց Ռուսաստանը, միեւնույն է, պրոֆիլակտիկ նկատառումներով մեզ նույնպես պատժում է։ Այսինքն` բացահայտ տնտեսական էքսպանսիայի է ենթարկում Հայաստանը։ Եվ անում է ամեն ինչ, որպեսզի հանկարծ «չթպրտանք»` ոչ տնտեսապես, ոչ քաղաքականապես, ոչ ռազմական առումով։ Որպեսզի քաղաքականապես «չթպրտանք»` անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները լեգիտիմության հետ կապված պրոբլեմներ ունենան, որպեսզի հանկարծ ՀՀ տարածքում ռուսական ռազմաբազաների դուրսբերման հարցը չբարձրացնենք եւ նույնիսկ վարձավճարների մասին չխոսենք` անհրաժեշտ է, որ թուրքական սպառնալիքը միշտ լինի, եւ այլն։ Իհարկե, Ռուսաստանն այսպես է վարվում ոչ թե այն պատճառով, որ ռուսները վատն են եւ հայերին չեն սիրում, այլ որովհետեւ Ռուսաստանի շահերը դա են պահանջում։ Իսկ մենք համառորեն չենք տեսնում կամ չենք ուզում ընդունել, որ այդ շահերն այնքան էլ համահունչ չեն Հայաստանի շահերին։
Բերենք հենց նույն մայիսի 9-ի օրինակը (այն, որ դա մեզ համար կրկնակի տոն է, մեզ ստիպում է կամա-ակամա զուգահեռներ անցկացնել երկու հաղթանակների միջեւ)։ Տասներկու տարի շարունակ ադրբեջանական քարոզչությունն առաջ է մղում այն միտքը, թե Ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք, որովհետեւ Ռուսաստանը մեր թիկունքին էր։ Դա հասկանալի է. իրենք պատերազմում պարտվել են եւ պիտի փորձեն ինչ-որ արդարացում գտնել։ Բայց ինչո՞ւ ենք նաեւ մենք կուլ տալիս այդ խայծը, եւ ինչո՞ւ են նույնիսկ այդ պատերազմին մասնակցածները երբեմն-երբեմն իրար աչքով անում ու խորհրդավոր ժպտում` իբր «դե ճիշտ ա, էլի, եթե ռուսները չլինեին…»։ Փաստ է, չէ՞, որ ռուս զինվորները ռազմական գործողություններին ակտիվորեն մասնակցել են միայն մի անգամ` Շահումյանի շրջանը հայաթափելու ժամանակ։ Փաստ է նաեւ, որ Ղարաբաղն Ադրբեջանի մեջ են մտցրել հենց Ռուսաստանի իշխանությունները։ Ավելին` ռուսներն այսօր բացահայտորեն հայտարարում են, որ Հարավային Կովկասում իրենց համար առանցքային նշանակություն ունի հենց Ադրբեջանը։
Իսկ Հայաստանը ղարաբաղյան հարցում ռազմական հաջողություններից բացի կարող էր նաեւ երկրորդ հաղթաթուղթն ունենալ` եթե լիներ անհամեմատ ավելի ժողովրդավարական, քան Ադրբեջանն է։ Եվ «զարմանալի բան»` այս հարցում նույնպես Ռուսաստանը շահագրգռված չէ։ Իսկ մենք, սրա դեմ պայքարելու փոխարեն, չգիտես ինչու, պայքարում ենք Արեւմուտքի դեմ, ու նույնիսկ չենք էլ նկատում, որ վաղուց արդեն Արեւմուտքին նայում ենք ոչ թե մեր սեփական, այլ Ռուսաստանի աչքերով։