Էրդողանը զգուշացրել է

14/05/2006

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը նախօրեին հանդիպել է ֆրանսիական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ զգուշացրել նրանց, որ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու վերաբերյալ օրենքի ընդունումը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից կվնասի երկու երկրների հարաբերություններին: Մայիսի 18-ին Ֆրանսիայի խորհրդարանը քննարկելու է մի օրինագիծ, որի ընդունման դեպքում Հայոց ցեղասպանությունը հերքողները կպատժվեն մեկ տարի ազատազրկմամբ եւ 57 հազար դոլար տուգանքով: «Ֆրանսիական ընկերությունների ղեկավարները պետք է արձագանքեն օրինագծին, որը հակասում է մտքի եւ արտահայտվելու ազատությանը»,- ըստ «Ասոշիեյթեդ Պրես»-ի, ասել է Էրդողանը: «Ֆրանսպրեսն» էլ տեղեկացնում է, որ Ֆրանսիայի մոտ 430 ընկերություն միավորող Առեւտրի պալատը խնդրել է նախագահ Ժակ Շիրակին խոչընդոտել օրինագծի ընդունմանը՝ նշելով, որ այդ փաստաթղթի հաստատումը «ողջ թուրք ազգի կողմից կընկալվի որպես անընդունելի եւ թշնամական ակտ»: Ի դեպ, Թուրքիայի խորհրդարանի 4 անդամներ երեքշաբթի օրը մեկնել են Փարիզ, որտեղ հորդորելու են իրենց ֆրանսիացի գործընկերներին` չընդունել Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ սահմանելու մասին օրենքը: «Հյուրիեթ» թերթի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բուլենթ Արինջը, որն այս օրերին գտնվում է Շվեյցարիայում: Արինջն անցած ամիս այս հարցով ուղերձ է հղել Ֆրանսիայի խորհրդարանի խոսնակ Ժան Լուի Դեբրեին: