Գումար կա, ներդնելու ասպարեզ չկա

14/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

«Եթե, օրինակ, 10 միլիոն դրամ ունենայիք, ի՞նչ կանեիք»: Այս հարցը շատ հաճախ է հնչում մեր առօրյայում: Սակայն պատասխանողները, ովքեր առիթ չեն ունեցել նման հարցերի շուրջ լրջորեն խորհել, պահի տակ նախընտրում են բնակարան կամ մեքենա գնել: Իսկ եթե այդ գումարն արդեն քո ձեռքո՞ւմ է: Այսօր Հայաստանում շատ մարդիկ ոչ «համեստ» կանխիկ փողեր ունեն, որ ոչ մի տեղ չեն ներդրել այն պատճառով, որ չգիտեն, թե որն է եկամտի «ճիշտ» աղբյուրը:

Նման խնդրի առաջ է կանգնած նաեւ մեր զրուցակիցը (պայմանականորեն նրան Հակոբ անվանենք), որը տվյալ պահին «դոշակի տակ» ունի մի քանի տասնյակ հազար դոլար, որը կուտակել է իր բազմամյա աշխատանքի արդյունքում: Նա ապահովված է բնակարանով, ավտոմեքենայով, լուծված է նաեւ երեխաների կրթության հարցը: Սակայն, ինչպե՞ս այդ ֆինանսները դնել շրջանառության մեջ: Հակոբը խոստովանում է, որ այս հարցի շուրջ շատ է մտածել, սակայն ոչ մի «օպտիմալ լուծում» դեռ չի գտել: Նա նաեւ գիտակցում է, որ հապաղելու դեպքում կանգնելու է փողերը հեշտությամբ ծախսելու վտանգի առջեւ:

Ներդրում անելիս պետք է հաշվի առնել երկու հիմնական գործոն` եկամտաբերությունը եւ ռիսկայնությունը: Սովորաբար, որքան վերջինն ավելի բարձր է լինում, այնքան ներդրումն ավելի եկամտաբեր է, եւ հակառակը: Ուստի ներդրողը միշտ պետք է գտնի իր համար նախընտրելի տարբերակը. արդյո՞ք ռիսկային ներդրման «տակից դուրս կգա», թե՞ ոչ: Սակայն, Հայաստանում դժվար է հաշվարկել նաեւ ռիսկայնություն-եկամտաբերություն հարաբերակցությունը: Թվում է, թե ամենաքիչ ռիսկային ներդրումը բանկային ավանդն է: «Այս մասին շատ եմ մտածել: Սակայն, մեր բանկերին էլ այդքան չեմ վստահում»,- ասում է Հակոբը: Այս մտածելակերպը հայերի մոտ ձեւավորվել է ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների կորստից հետո, եւ այժմ դժվար է վստահությունը լիովին վերականգնել: Իսկ բանկում ներդնելու դեպքում եկամտաբերությունը, ըստ Հակոբի, այնուամենայնիվ ցածր է: Այսօր հայաստանյան բանկերը ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների դիմաց առաջարկում են տարեկան 3-8% տոկոսադրույք: Վերջիններս տարբերվում են ըստ ժամկետի, ավանդի գումարի, արժույթի, տոկոսագումարների ստացման հաճախականության: Օրինակ, որքան ժամկետը երկար է, այնքան տոկոսադրույքը մեծ է, իսկ դրամով ավանդներն ամենաթանկն են: «Ասենք, 50.000 դոլար դնեմ բանկում, որպեսզի տարեկան ընդամենը 3000-3500 դոլար տոկոս ստանա՞մ: Ավելի լավ է, տարեկան 12%-ով առանձին անձանց տամ»,- մտածում է Հակոբը: Բանկային համակարգը շրջանցելու եւ ծանոթներին տոկոսով փող տալու մեխանիզմը Հայաստանում դեռ գործում է: Բայց այնուամենայնիվ, գումարը չվերադարձնելու ռիսկը չի նվազում: Հարկ է նշել նաեւ, որ ժամկետից շուտ բանկային ավանդը պահանջելու դեպքում սովորաբար տոկոսները վճարվում են ցպահանջ ավանդների տոկոսադրույքով, որոնք շատ չնչին են, իսկ որոշ բանկերում էլ` 0%: Վերոնշյալ փաստարկները բերելով` Հակոբը հրաժարվում է բանկային համակարգից:

«Իսկ չե՞ք մտածել սեփական գործ սկսելու մասին»,- մեր այս հարցին Հակոբը հարցով պատասխանեց. «Օրինակ, ի՞նչ գործ կառաջարկեիք»: Նրան առաջարկեցինք առեւտրի կետ բացել, քանզի խանութները (հատկապես` սննդամթերքի) ներդրած գումարը կարճ ժամանակում են «հետ վերադարձնում»: Այս դեպքում Հակոբը մատնացույց է անում մեծ մրցակցությունը: «Շատ դժվար է որոշել, թե կոնկրետ այս կամ այն վայրում խանութը կաշխատի՞, թե՞ ոչ: Օրինակ, մոտակայքում վերջերս մեծ խանութ բացեցին, որի սպասարկումը շատ լավն էր: Ընդ որում, հարեւանությամբ մանրածախ առեւտրի այլ կետեր չկային: Մի քանի ամսից խանութը փակվեց»,- ասում է Հակոբը: Նա մտածել է նաեւ սրճարանի մասին: Այս դեպքում էլ, նրա կարծիքով, բյուրոկրատական ապարատն է հիմնական խոչընդոտը: «Եթե տեղական իշխանությունների շրջանակներում մոտ ծանոթ չունենաս, ապա մեծ գումարներ է պահանջվում նման բիզնես կազմակերպելու համար: Ոչ ոք հեշտությամբ տարածք չի տրամադրում ինչ-որ մեկին: Իսկ հիմնական տարածքները գրեթե ամբողջությամբ զբաղեցրած են»,- գտնում է Հակոբը: Այստեղ առկա է եւս մեկ հանգամանք. բիզնես սկսելուց առաջ ներդրողը մտածում է, թե ով է այն աշխատեցնելու: Անհրաժեշտ են նորմալ մասնագետներ, իսկ հայերը ամեն մեկին չեն վստահում: «Ինչպե՞ս համոզված լինեմ, որ ինձ չեն խաբի, սեփական գրպանի մասին չեն մտածի: Եթե իմ մտերիմների շրջանում լավ մասնագետ ունենայի, հաստատ մի բան կնախաձեռնեի»,- ասում է Հակոբը:

Սեփական բիզնեսից եւ բանկային ավանդներից բացի, Հայաստանում գոյություն ունեն ներդրումային այլ գործիքներ` օրինակ, պետական պարտատոմսեր: Վերջիններիս եկամտաբերությունը վերջին տարիներին զգալիորեն նվազել է` 2000թ. միջին տարեկան 24,89%-ից 2005թ.հասնելով 5,43%-ի: Սակայն, ի տարբերություն մյուս գործիքների, պետական պարտատոմսերը ռիսկային չեն: Նույնիսկ եկամտաբերության նման անկման պարագայում երկրորդային շուկայում (երբ պարտատոմսերի գնորդները ֆիզիկական եւ իրավաբանական անձինք են) գործարքների ծավալները 2005թ. կտրուկ աճել է:

Այնուամենայնիվ, ո՞րն է այն հիմնական պատճառը, որ հայաստանյան շարքային ներդրողը կանգնում է պրոբլեմի առաջ: Հայաստանում կորպորատիվ արժեթղթերի շուկա գոյություն չունի: Ահա տնտեսության գլխավոր խոչընդոտներից մեկը: Ամբողջ աշխարհում գործարարները ֆինանսներ են կուտակում այս կամ այն ընկերության թողարկած պարտատոմսերը կամ բաժնետոմսերը ձեռք բերելով: Իսկ Հայաստանում այդ կուլտուրան բացակայում է: Ո՞վ գիտի, թե ինչ է բաժնետոմսը, ինչպես կարելի է չափաբաժին ունենալ շահութաբեր ձեռնարկությունների շահույթում: Տնտեսության հսկայական մասն ամբողջովին բաժանված է մի քանի անձանց միջեւ, եւ ոչ մի «պատահական» փողատեր չի կարող դառնալ կայացած մասնավոր ընկերությունների բաժնետեր: Այդ մասին է վկայում Հայաստանում գործող բաժնետիրական ընկերությունների կառուցվածքը. բաժնետերերը նույն ընտանիքի անդամներն են, ընկերներն ու բարեկամները:

Իսկ իշխանություններին այս հարցն ընդհանրապես չի հուզում: Յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ գործիչ միջին խավի ձեւավորումը «համարում» է գերակա խնդիր: Իհարկե, այն գերակա է. միայն այդ խավի ձեւավորման արդյունքում կարելի է ինչ-որ կերպ զգալ «երկնիշ» տնտեսական աճի ազդեցությունը բնակչության կենսամակարդակի վրա: Այս ամենը, սակայն, ցնորք կլինի այնքան ժամանակ, քանի դեռ փող ունեցողը չի կարող կողմնորոշվել, թե որտեղ ներդնի:

Հակոբը հավաստիացնում է, որ քննարկել է վերոնշյալ բոլոր տարբերակները: «Իմ գումարները չեն բավականացնում, որպեսզի սեփական լուրջ գործ սկսեմ, իսկ Հայաստանում առկա ներդրումային գործիքները ռիսկային են եւ քիչ եկամտաբեր: Մեծ հաճույքով կգնեի որեւէ կայացած ընկերության բաժնետոմսեր, սակայն այդ հնարավորությունն այսօր չկա: Այս պահին մեկը տոկոսով փող է ուզում. երեւի համաձայնեմ այդ տարբերակին»,- մտածում է մեր զրուցակիցը: