Մայիսի 3-ի առավոտյան իմացանք, որ գիշերը ժամը 3-ին մեր ինքնաթիռը Սեւ ծովն է ընկել, եւ զոհվել են բոլոր 105 ուղեւորներն ու անձնակազմի 8 անդամները: Իսկ թե ինչո՞ւ է ընկել, պարզ չէր: Բոլոր հարցերին պատասխան տվող սեւ արկղերն անհայտ կորել էին: Ինն օր հետո էլ մեր իմացածի վրա նոր բան չի ավելացել: Ռուս եւ հայ պաշտոնյաները մեզ հավատացնում են, որ ամեն ինչ կանեն սեւ արկղերը գտնելու եւ ինքնաթիռի կործանման պատճառները բացահայտելու համար: Սակայն իրենց ցանկությունն ապացուցելու համար նրանք հանրությանը չեն ներկայացնում հայ օդաչուի եւ Սոչիի օդանավակայանի դիսպետչերի խոսակցության մանրամասները, որից ինչ-որ բան հաստատ պարզ կդառնար, մինչեւ որ կգտնեին սեւ արկղերը: Ավելին, ռուսական կողմը մինչեւ հիմա թաքցրել է դիսպետչերին: Այս հանգամանքը բոլորին ստիպում է մտածել, որ ռուսներն, այնուամենայնիվ, իրենց մեղքի բաժինն ունեն: Այս օրերին ավիավթարի մասին պատմող ռուսական ու հայկական լրատվամիջոցները միայն թվարկում են, թե սեւ արկղերը որոնելու համար քանի մարդ եւ քանի միավոր տեխնիկա է ծով դուրս եկել:
Եթե մայիսի 3-ին՝ ողբերգության օրը, հույս կար, որ վթարի պատճառները կբացահայտվեն, ապա այսօր վիճակը շատ անորոշ է, եւ խոստումներն ու կատարվող աշխատանքները հավատ չեն ներշնչում, թե նույնիսկ սեւ արկղերը գտնելուց հետո էլ հանրությանը կներկայացնեն վթարի ճիշտ պատճառները: Այս մտավախությունն առաջացավ հենց սկզբից, երբ հայ եւ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին, թե հնարավոր չէ սեւ արկղերը գտնել: Բայց հիմա, երբ գործին խառնվել են ֆրանսիացիները, կարծես թե գտնելու հույսը կա: Մանավանդ, որ արդեն պարզել են, թե այդ արկղերն այնքան էլ խորը չեն, ոչ թե 700, այլ մոտ 450 մետր խորության վրա են գտնվում:
Հայտնի օդաչու, Ազգային ավիացիոն միության նախագահ Դմիտրի Ադբաշյանի կարծիքով` ցանկության դեպքում սեւ արկղերն անպայման կգտնեն: Ինչպես դարասկզբին կործանված «Տիտանիկ» նավի միջից վերջին տարիներին սկսեցին հանել եւ աճուրդով վաճառել զոհերի թանկարժեք զարդերը, սպասքեղենը եւ այլ պարագաներ: Ի դեպ, «Հոլիվուդ» կինոընկերությունն իր «Տիտանիկ» ֆիլմը նկարահանելիս վարձել էր ռուսական ջրասույզ տեխնիկա: Այդ տեխնիկայի միջոցով կործանված նավից կադրեր են նկարել: Ավելացնենք, որ «Տիտանիկը» գտնվում է 4000 մետր խորության վրա, իսկ կործանված A-320 օդանավը կամ սեւ արկղերը` 670 կամ 450 մետր խորության վրա: Այս համեմատությունից հետո դժվար է հավատալ, թե ռուսները ջանք ու եռանդ չեն խնայում ինքնաթիռի կործանման պատճառները բացահայտելու համար: Մանավանդ, որ հիմա կարծիք կա, թե ռուսները սեւ արկղերը շուտ հանել ու պահել են: Հիմա որոնողական աշխատանքներ են կատարում շահագրգիռ ներկայանալու համար: Դժվար է նաեւ հասկանալ մեր պաշտոնյաներին, ովքեր սկզբի օրերին «գործից» խոսելուց առաջ երախտագիտություն էին հայտնում Ռուսաստանի իշխանություններին, որոնք օգնում էին զոհերի մարմինները ծովի հատակից հանել եւ տեղափոխել Հայաստան: Կարծես թե վթարը ոչ թե Սեւ ծովում էր եղել, այլ Սեւանա լճում, եւ հայ օդաչուին ոչ թե ռուս դիսպետչերն էր ուղղորդել, այլ Նորադուզի ձկնորսները: Մերոնք նույնիսկ այդ ողբերգական պահն օգտագործեցին մեծ եղբայր Ռուսաստանին մի անգամ էլ հաճոյանալու համար:
Այս դեպքով այսօր անհանգստացած է նաեւ Միջազգային ավիացիոն միությունը՝ ԻԿԱՈ-ն: Այս կառույցը պնդում է անպայման գտնել սեւ արկղերը: Որոնումները սեւ ծովի վրա շարունակվում են, բայց չարագուշակ կերպով անընդհատ ինչ-որ տեխնիկա է փչանում կամ պակասում, ծովի ալեկոծման պատճառով ժամերով դադարեցնում են որոնողական աշխատանքները: Ինը օր հետո տպավորություն է ստեղծվում, թե արհեստականորեն դանդաղեցվում են որոնումները: Հայրենի լրատվամիջոցներն էլ այս դեպքն արդեն հետին պլան են մղել եւ միայն վերջում կես բառով ասում են, թե որոնողական կամ բացահայտման աշխատանքները շարունակվում են: Կարծես թե միտում կա այս ողբերգական պատահարը դեռ չբացահայտված մոռացության մատնել, որպեսզի հետո պատճառների բացահայտումը կամ «ծածկադմփոցը» չալեկոծի հանրությանը:
Դժվար է ասել` ԻԿԱՈ-ն կամ ֆրանսիական «Airbus» ընկերության մասնագետները մինչեւ վերջ հետամուտ կլինե՞ն որոնողական աշխատանքներին: Կամ էլ, եթե նույնիսկ գտնվեն այդ սեւ արկղերը, հանրությանը կներկայացնե՞ն ճիշտ պատճառները: Թե՞ բոլոր կողմերի համար էլ մի մեղմ ու հարմար բացատրություն կգտնեն: Ի՞նչ է նշանակում` մի քանի օր անընդհատ աշխատել եւ չկարողանալ վերծանել Սոչի օդանավակայանի դիսպետչերի եւ հայ օդաչուի ընդամենը 15-20 րոպեի խոսակցության ձայնագրությունը: Ի՞նչ գաղտնիք է պահում Սեւ ծովն իր հատակում, որ հայ եւ ռուս կողմերն աշխատում են խորհրդավոր գաղտնիությամբ: Ու ցավալին այն է, որ այս ողբերգական դեպքը բոլոր կողմերի՝ հայերի, ռուսների, նույնիսկ ինքնաթիռն արտադրող ֆրանսիացիների համար ընդամենը մի «չեպե» է:
Դժվար է ասել, թե ինչքան կտեւի այս անորոշ վիճակը: Իսկ այս անորոշության ընթացքում տարբեր լուրեր են պտտվում, որոնցից, հայտնի չէ, քանիսն են ճշմարտացի, քանիսը՝ հորինված: Օրինակ, ասում են, որ ինքնաթիռի բիզնես կլասով թռչողների որոշ մասը հարբած վիճակում է եղել. նրանք հարբած եկել են օդանավակայան, կերուխումը շարունակել են օդանավակայանի VIP սրահում, ապա՝ օդանավի մեջ: Նույնիսկ երեկ անհավանական լուրեր էին պտտվում, թե ինքնաթիռի մեջ կրակոցներ են հնչել: