ԱՊՀ-ից դուրս գալու ճանապարհին

14/05/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանը վերջնականապես կողմնորոշվել է իր` ԱՊՀ-ի կազմում գտնվելու հարցում: Նա դուրս է գալիս ԱՊՀ-ից: Պաշտոնական հայտարարությունն այդ մասին կարվի հավանաբար մոտ օրերս: Որ Վրաստանն այլեւս այդ կազմակերպության կարիքը չունի, պարզ դարձավ Քութաիսիում՝ վարչական կադրերի պատրաստման՝ Զուրաբ Ժվանիայի անվան դպրոցի ունկնդիրների առաջ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու ունեցած ելույթի ընթացքում:

Նախագահն իրեն հատուկ ոճով հերթական անգամ աչքի ընկավ Ռուսաստանի հասցեին կտրուկ արտահայտություններով, կրկին խոսեց նախապատրաստվող սադրանքների մասին, ասաց, որ Վրաստանում ռուսաֆոբիական տրամադրություններ չկան, տեղեկացրեց «հանելուկային» SMS-հաղորդագրության մասին՝ «Բարի գալուստ Ռուսաստան», որ նա ստացել էր վրաց-օսական հակամարտության գոտու վրայով թռչելիս, հայտարարեց, որ դա բռնակցում է, եւ ելույթն ավարտեց հետեւյալ արտահայտությամբ. «Վրաստանում չպետք է մնա ոչ մի գրամ Ռուսաստանից»: Այդ ժամանակ էլ հայտնի դարձավ, որ նախագահը հանձնարարել է կառավարությանն` ուսումնասիրել ԱՊՀ-ի կազմում մնալու՝ տնտեսական տեսանկյունից նպատակահարմարության հարցը:

Տնտեսական զարգացման եւ բարեփոխումների հարցերով պետնախարար Կախա Բենդուկիձեն թերեւս միակն է իշխանության վերին էշելոնում, որ կոչ է անում ձեռնպահ մնալ ԱՊՀ-ի նկատմամբ կտրուկ քայլեր անելուց: «Այդ հարցը պահանջում է մանրակրկիտ ուսումնասիրություն: Դա շատ կոնկրետ հարց է, որ բաղկացած է արտոնություններից, որ ԱՊՀ տարածքում ունեն Վրաստանի քաղաքացիներն ու վրացական ապրանքները»,- լրագրողներին հայտարարեց Բենդուկիձեն: Նա նշեց, որ ԱՊՀ-ի կազմից դուրս գալու դեպքում Վրաստանի քաղաքացիները լուրջ խնդիրներ կունենան մուտքի թույլտվությունների հետ կապված: «Այսօր Վրաստանն առանց մուտքի թույլտվության ռեժիմ ունի ԱՊՀ բոլոր պետությունների հետ, բացի Ռուսաստանից, իսկ ԱՊՀ-ի կազմից դուրս գալուց հետո հարկ կլինի երկկողմ համաձայնագրեր կնքել»,- ասաց Բենդուկիձեն: Նա նշեց նաեւ, որ եթե Վրաստանին հաջողվի երկկողմ համաձայնագրեր կնքել ԱՊՀ-ի կազմում մնացող երկրների հետ, ապա Համագործակցության կազմից դուրս գալու տնտեսական վնասները կարող են նվազագույն լինել, իսկ տեսականորեն` նույնիսկ զրոյական:

Սակայն չի երեւում, թե իր` ԱՀՊ-ից դուրս չգալու օգտին նրա փաստարկները կարող են վճռորոշ դեր խաղալ: ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մասին խոսում է նաեւ ընդդիմությունը: Մասնավորապես, «Ժողովրդավարական ճակատ» կուսակցությունից Լեւան Բերձենիշվիլին հեռուստաընկերություններից մեկի եթերից հայտարարեց. «Համագործակցությունը Վրաստանի համար վնասակար կառույց է: Նրա կազմի մեջ մտնելը սխալ էր, եւ դա խոչընդոտեց երկրի զարգացումը՝ ոչ մի դրական խթան չտալով տարածքային խնդիրների լուծման համար, ինչի վրա հույս էին դրել երկրի նախկին իշխանությունները, երբ ստորագրում էին ԱՊՀ-ի մեջ մտնելու համաձայնագիրը»:

Նույն կարծիքին են նաեւ Վրաստանի առաջատար քաղաքագետները: «Եթե վերջնական որոշում է կայացվել ՆԱՏՕ-ի, Եվրոպայի հետ ինտեգրվելու օգտին, արդեն հիմա պետք է դուրս գալ ԱՊՀ-ից, քանի որ պայմանագրերի չեղյալ հայտարարելը աշխատատար գործընթաց է, որ երկար ժամանակ է պահանջում»,- կարծում են նրանք:

Թեեւ ձեւականորեն ԱՊՀ-ի հարցը դեռ բաց է. սպասում են կառավարության տնտեսական հաշվարկներին, սակայն դժվար թե դրանք փոխեն իշխանությունների որոշումը: Դա հաստատվեց Վիլնյուսում կայացած «Ընդհանուր բարիդրացիական հարաբերությունների ընդհանուր պատկերացումները» կոնֆերանսի ժամանակ: Սահակաշվիլին հյուսիսային հարեւանին այնպիսի քննադատության ենթարկեց, որ ոչ մի կասկած չմնաց. երկու պետությունների ուղիները վերջնականապես բաժանվում են, գոնե տվյալ փուլում: ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Յուշչենկոյի բազմանշանակ հայտարարությունը նույնպես վկայում է այն մասին, որ Կիեւը նույնպես մտադիր է վերանայել ԱՊՀ-ին իր անդամակցությունը: Ավելին, Ուկրաինան եւ Վրաստանը սկսել են կոնսուլտացիաներ անցկացնել ԱՊՀ-ից միասին դուրս գալու հարցի շուրջ: Մոսկվան իր հերթին անմիջապես հայտարարեց, որ պատրաստ է վերանայել բոլոր արտոնությունները, որոնցից օգտվում էին ընդդիմադիր պետությունների քաղաքացիները: Խոսքը հիմնականում սոցիալական եւ տնտեսական ոլորտների արտոնությունների մասին է:

Քաղաքագետ Ռամազ Սակվարելիձեն ենթադրում է, որ եթե Վրաստանը իսկապես ձեռնամուխ լինի ԱՊՀ-ի կազմից դուրս գալու մտադրության իրականացմանը, ապա Ռուսաստանն ընդհանրապես կդադարեցնի տնտեսական հարաբերությունները: Այս ենթադրությունը կողմնակի կերպով հաստատում է վրացական հանքային ջրերի արտահանման արգելանքը, որ հետեւեց ալկոհոլային խմիչքների եւ գյուղմթերքների արտահանման արգելանքին: Դրան զուգահեռ՝ ռուսաստանյան ուժային կառույցները (առայժմ, կարծես թե, միայն մոսկովյան) սկսել են «Վուլկան» գործողությունը, իսկ ավելի պարզ ասած՝ Վրաստանի քաղաքացիներին բռնելու եւ ստուգելու գործընթացը: «Ստուգվածների» թվում են նաեւ հանրահայտ երգիչ Իրակլի Պիրցխալավան, քաղաքական գործիչ Ջեմալ Գոգիտաձեն: Ըստ կանխատեսումների՝ Մոսկվան կարող են լքել մինչեւ կես միլիոն Վրաստանի քաղաքացիներ: