Մշակութային օրգանը

14/05/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հակոբ Մովսեսը, ով հինգ տարի զբաղեցրել է մշակույթի նախարարի աթոռը, համոզված է, որ մեզ նման գերատեսչություն այլեւս հարկավոր չէ, մանավանդ, որ մշակութային կենտրոններից շատերը արդեն ապապետականացվել են: Նա վստահ է, որ կայսերական նպատակներ ունեցող պետությունները, ինչպիսիք են Ռուսաստանն ու Ֆրանսիան, պարտադիր ստեղծում կամ էլ պահպանում են այդ կառույցը: Իսկ մենք ավելի շուտ պետք է հետեւենք եվրոպական այն երկրների օրինակին, որտեղ նախարարություն չկա: «Գերմանիան, Հոլանդիան, Սկանդինավյան երկրները եւ Իտալիան նման նախարարություն չունեն: Իտալիայում կա Հուշարձանների պահպանման գերատեսչություն: Իսկ մեր նախարարությունն ավելորդ գերատեսչական օրգան է»,- բացատրեց նա: Պետական ֆինանսավորումն ու աջակցությունը Հ. Մովսեսն առանց նախարարության էլ չի բացառում: Մշակույթի նախարարություն պահելու շքեղություն կարող են թույլ տալ միայն այն երկրները, որոնք հեռահար եւ ռազմավարական նպատակներ ունեն: Եվ որոնք պատրաստ են մշակույթը` ճիշտ օգտագործելով, զենք դարձնել: Հ. Մովսեսը նշեց, որ Ֆրանսիան Մշակույթի նախարարությանն ավելացրել է նաեւ «Ֆրանկոֆոնիա» բառը, որը նպատակ ունի ֆրանսերեն ու ֆրանսիական մշակույթն աշխարհով մեկ տարածել: Ֆրանսիայում իսկապես ազգայինի լայնամասշտաբ գրոհ է գնում, մշակութային յուրաքանչյուր նախաձեռնություն գովաբանվում ու գովազդվում է: Այստեղ արդեն արվեստի արժեւորման մասին չէ խոսքը, այլ` պետական քաղաքականության, որի շնորհիվ Ֆրանսիան պահպանում է Եվրոպայի մշակութային սրտի համբավը եւ արտասահմանում ու իր գավառներում բազմաբնույթ մշակութային կենտրոններ բացում:

Իսկ մեր մշակութային կյանքը ոչ թե ներկայացման, այլեւ` վերահսկման արդեն ենթակա չէ, ազատ պայմաններում յուրաքանչյուր մարդ ինքն է իր տեղը փնտրում: «Մեր նախարարությունը նեղ նպատակներ ունի, ուզում է պահպանել իր արտաքին ֆասադը, որպեսզի այդ ֆասադի վրա կանգնած մշակութային գործիչները քիչ բողոքեն»,- Հ. Մովսեսի այս խոսքերի հետ չհամաձայնելը դժվար է: Ուռճացած նախարարության կառույցը, մի քանի վերամբարձ «պետական» նախագծերից բացի, ոչնչով չի զբաղվում եւ նույնիսկ տեղյակ էլ չէ` ի՞նչ պիտի անի: Ռուբեն Հովսեփյանին էլ է խանգարում ներկայիս Մշակույթի նախարարության կարգավիճակը. «Կառուցվածքային խնդիրները խառնված են ստեղծագործական պրոցեսին»: Եվ արդյունքում` ազատ ու որակյալ ներկայացումներ չեն ստեղծվում: «Թատրոնի օրենքով», օրինակ, կարող են կառավարվել մշակութային կառույցները, հիմնարկները, բայց մշակութային գործունեությունը` ոչ»,- ասաց գրող-պատգամավորը: Ազատ թատրոն ու կինո ունենալու համար, ըստ Հակոբ Մովսեսի` հարկավոր է միայն մեկ բան. «Վերացնել գլխավոր ռեժիսորի ինստիտուտը: Եվ ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսօր մեր թատրոնները ժամանակավոր մասնավորեցված թատրոններ են, որտեղ երիտասարդ, էքսպերիմենտներ անելու ցանկություն ունեցող երիտասարդների մուտքն արգելված է»: Նա նշում է նաեւ, որ իր պաշտոնավարության օրոք` գլխավոր ռեժիսորի պաշտոնը վերացնելու աշխատանքը կիսատ է թողել եւ նույնիսկ մտածել է, որ պետք չէ արագացնել այն կառույցի վախճանը, որը շուտով ինքնակամ կվերանա: «Գլխավոր ռեժիսոր պահելը պետության համար ձեռնտու է, իսկ թատրոնի համար` ոչ»,- ասաց նա: Այդ պատճառով էլ նա պետականն ազատ չի համարում եւ հիշեցնում է, որ մշակույթի մարդն առաջին հերթին պետք է ազատությունը նախընտրի:

Գլխավոր ռեժիսորի դիկտատը չի վերացել, սակայն եթե նույնիսկ վերանա, միշտ էլ կլինի մեկը, ով պետք է որոշում ընդունի, բեմադրի այս եւ հրաժարվի մյուսից: Այս դեպքում մեկ գրաքննությունը կփոխարինվի մյուսով: «Ես հաճախ ճաշակի գրաքննության կարիք եմ զգում, բայց հետո վախենում եմ ու մտածում` Աստված չանի, որ գրաքննություն սկսվի: Մեզ մոտ գրաքննությունը կարող է բոլորովին այլ բանի վերաճել»,- ավելացրեց Ռ. Հովսեփյանը:

Մեր օրերում «մշակույթ» ասելով, մենք հաճախ ավելացնում ենք «պրոբլեմներ» բառը: Մշակույթի մարդու համար ըստ արժանվույն ներկայանալը պրոբլեմատիկ է դարձել: «Բարձր» մշակույթը, որը հաճախ եկամտաբեր չէ, շուկայական հարաբերություններում էլ պետք է պահպանել եւ փորձել պլանավորել: Գուցեեւ` պետական գաղափարախոսություն դարձնել: Սակայն ներկայիս նախարարությունը դա անել չի կարող, քանի որ այնտեղ նստած մարդիկ բացարձակ անտեղյակ են այդ ոլորտից: Ո՞ւմ աջակցել եւ ո՞ւմ գումար հատկացնել՝ հարցերին պատասխանելու համար պետք է իմանալ` ո՞ր արվեստագետները կարող են տասը տարի հետո էլ մեր երկրին պետք լինել, մեր մշակույթի դեմքը դառնալ: Ո՞ր գրողի գրքերը կկարդան մեր երեխաները, եւ ո՞ւմ բեմադրություններն արժե դիտել: