Պառադ՝ ժամկետից շուտ

14/05/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Պարզաբանենք։ Ո՞րն է «պառադի»-ի՝ շքերթի իմաստը։ Այն ունի մի քանի նպատակներ, որոնցից թերեւս ամենագլխավորն ուժի ցուցադրումն է։ Ո՞ւմ: Առաջին հերթին, իհարկե, առկա եւ պոտենցիալ հակառակորդներին։ Այս դեպքում «ուժի դեմոնստրացիան» ուղղված էր «Օրինաց երկրի» դեմ, եւ ի տես բոլորի։ Ամեն ինչ սկսվեց պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՕԵԿ-ից հեռացվելու փաստով։ Եթե հիշում եք, ապրիլի 13-ին քվեարկության էր դրվել «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը»։ ՕԵԿ եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը` քննադատության ենթարկելով մասնավորեցման գործընթացի թերությունները՝ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու։ Սակայն ՕԵԿ անդամների մեծ մասը քվեարկեց ձեռնպահ, իսկ Ա. Սարգսյանը՝ կողմ։ Նույն օրը կեսգիշերին կուսակցության վերնախավը «պատժեց» հանդուգն պատգամավորին։

Քանի որ ՕԵԿ-ի մեղադրանքներն ուղղակի կամ անուղղակի կերպով հասցեագրված էին Հանրապետական կուսակցությանը, դժվար չէր ենթադրել, որ պատասխանը շատ չի ուշանա։ Մի քանի թափանցիկ ակնարկներից հետո վերջիններս խոսելու նոր նյութ ստացան։ Գերմանական թերթերից մեկում Ա. Բաղդասարյանը որոշ մտքեր արտահայտեց նախորդ ընտրությունների եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին։ Այլ պարագայում ՆԱՏՕ-ի մասին նման հայտարարությունը դժվար թե նման արձագանք ստանար, եւ Գալուստ Սահակյանն էլ ասեր՝ ընտրությունների համար չի կարելի վտանգի տակ դնել պետությունը։ Սակայն քանի որ խոսք էր գնացել նաեւ ընտրությունների մասին, որը վերաբերում էր նաեւ Ռ. Քոչարյանին, ապա ՕԵԿ-ի հարցերը լուծելու համար պահանջվող «դաբրոն» այլեւս դժվարություն չէր ներկայացնում։ Եվ սկսվեց…

Սկզբում խմբակցությունից դուրս եկան գործարար պատգամավորներ Մելիք Մանուկյանն ու Արշակ Մխիթարյանը։ Նրանց հաջորդեցին Գրիգոր Մարգարյանն ու Ալեքսան Պետրոսյանը։ Երեկ հաստատվեց Սայադ Զախարյանի հեռանալը։ Մեր տեղեկություններով, պոտենցիալ «գնացողների» ցուցակում են նաեւ Խաչիկ Պետրոսյանը, Էդուարդ Գաբրիելյանն ու մի քանի այլ պատգամավորներ։

Մեր թղթակցի հարցին, թե որն է ՕԵԿ-ից դուրս գալու պատճառը, պրն Մանուկյանը պատասխանել էր՝ առանց մեկնաբանության, իսկ Արշակ Մխիթարյանը պատասխանել էր՝ սկզբունքային տարաձայնություններ կային, իսկ հետո «խոսելու համար տեղը հարմար չլինելու» պատճառաբանությամբ եզրափակել էր զրույցը։ Երեկ մեկնաբանությունից հրաժարվեց նաեւ Ալեքսան Պետրոսյանը։

Անկեղծ ասած, չփորձեցինք էլ մյուս պատգամավորներից պաշտոնապես մեկնաբանություն ստանալ։ Պատճառը գիտենք՝ այդպես են ասել։ Իսկ թե ով կարող է «ասել», բոլորն էլ հասկանում են։

Ահա այսպես ցույց տվեցին իրենց ուժը հանրապետականն ու նախագահականը։ Եվ հիմա քմծիծաղով խոսելով ՕԵԿ-ի ջախջախման մասին՝ ուրախանում են՝ մտածելով, որ հաղթանակ տարան, եւ դա տեսավ ողջ ժողովուրդը։ Իսկ ժողովուրդն իրականում ի՞նչ տեսավ։ Տեսավ պետական ողջ համակարգի այլասերվածությունն ու տնտեսական զարգացման, արդար մրցակցության եւ այլնի մասին հնչող առասպելների դատարկությունը։

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ այս գործարար պատգամավորների համար ոչ մի տարբերություն չկա՝ ում ցուցակով են մտել ԱԺ։ Նրանց պետք է ընդամենը մանդատը։ Սակայն առանց լուրջ պատճառաբանության կուսակցության շարքերը լքելը ցանկալի չէ վերջիններիս համար։ Պարզ է դառնում, որ նրանց ստիպել են եւ դրանով դրել անհարմար վիճակի մեջ։ Իսկ ինչպե՞ս կարելի է ստիպել։ Պետք չէ մոռանալ, որ խոսքը գործարար պատգամավորների մասին է, որոնց ճնշելն ամենահեշտ գործն է։ Դրա համար կան բոլոր լծակները, առաջին հերթին՝ հարկային եւ մաքսային։ Ընդ որում, ճնշումը գնում է ոչ թե ուղղակի հրահանգ տալով՝ «գործ սարքել» չենթարկվող պատգամավորների վրա եւ ի հայտ բերել թաքցված եկամուտները, այլ պարզապես հարկային մարմնին վերջիններիս օբյեկտների նկատմամբ լուրջ մոտենալու հնարավորություն է տրվում. «չարաճճիները» զրկվում են ստվերային անձեռնմխելիությունից, որն ավելի կարեւոր է, քան պատգամավորական մանդատի շնորհածը։

Իսկ Հարկայինը ցանկության դեպքում բոլորի վրա էլ կարող է շատ «կեղտ բռնել»։ Գաղտնիք չէ, որ առանց օրենքները շրջանցելու հնարավոր չէ Հայաստանում բիզնեսով զբաղվել։ Եթե որեւէ մեկն աշխատի բոլոր օրենքներով, վճարի բոլոր հարկերն ու տուրքերը, կդառնա անմրցունակ։ Մեր թերթին տված հարցազրույցներից մեկում ՀՀ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը նշել էր, որ ստվերն ավելի մեծ չափեր ունի ոչ թե չգրանցված, այլ գրանցված, աշխատող բիզնեսում։ Իսկ անցյալ տարվա վերջին ՀՊԾ պետ Ֆելիք Ցոլակյանն էլ չթաքցրեց, որ խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված տվյալները ոչ լիարժեք են արտացոլում իրավիճակը, եւ համակարգում հովանավորչությունը մեծ խնդիր է։ Հարկային մարմինն ամենեւին էլ դեմ չի լինի որքան հնարավոր է շատ փող պոկել խոշոր գործարարներից։ Սակայն դրա համար պետք է «դաբրո» ունենալ։

Ահա այսպես է գործում «Բաժանիր, որ տիրես» սկզբունքը։ Ի՞նչ եք կարծում, ցանկության դեպքում չի՞ կարելի ապացուցել, որ Արտակ Սարգսյանի «ՍԱՍ սուպերմարքետն» իրականում ավելի մեծ եկամուտներ ունի։ Կամ Գրիգոր Մարգարյանի «Բելլաջիոն»։ Կամ վերցնենք Մելիք Մանուկյանի «Սարանիստը», որն զբաղվում է ապակյա շշերի արտադրությամբ։ 2006թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակում այս ընկերությունը, որն ապակյա տարաներ է մատակարարում հայաստանյան գրեթե բոլոր ըմպելիք արտադրողներին, զբաղեցնում է 359-րդ տեղը։ «Խելոք չմնալու» դեպքում Հարկայինը կապացուցի, որ այս ընկերությունն իրեն «վայել» տեղից մի 100 աստիճանով ցածր է։ Մատ թափ տալու հնարավորություն կընձեռվի նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, քանի որ ապակյա տարաների արտադրությամբ պրն Մելիքյանի ընկերությունը մոնոպոլ դիրքեր ունի։ Քիչ էր մնում մոռանայինք Ալեքսան Պետրոսյանին, որը բոլորիս օրը մի քանի անգամ հիշեցնում է աննշան պատճառով «ճլոթի» ստանալու հնարավորության մասին։ Պրն Պետրոսյանը դրա հնարավորությունը շա՜տ խորն է գիտակցում, եւ իրականում չի ուզում կորցնել դիրքերն ու «վերհիշել լավագույն տարիները»։ Բոլորին էլ կարելի է առանձին-առանձին անդրադառնալ, սակայն իմաստ չունի։ Եվ այս հոդվածի նպատակն էլ ոչ թե այս գործարարներին մեղադրելն է, այլ տնտեսական աճի ու վագրաձեւ թռիչքների խարխլուն հիմքերը ցույց տալը։ Այս ամենը ցույց տվեց, թե որքան խոցելի է մեր բիզնեսը, որքան անկատար է մրցակցությունն ու որքան մեծ դեր է խաղում ստվերը տնտեսական գործունեության մեջ։

Սա բոլորն էլ հասկանում էին դեռ մինչ այս ամենը։ Մեկ ամիս առաջ Համաշխարհային բանկի՝ Հայաստանին վերաբերող զեկույցի քննարկման ժամանակ հատուկ ուշադրության արժանացավ բիզնեսի եւ քաղաքականության սերտաճումը եւ «բիզնեսմեն-քաղաքական գործիչների» առատության բացասական հետեւանքները։

Մյուս կողմից, այլ պայմաններով Հայաստանում բիզնեսով զբաղվելը պարզապես անհնար է։ Ողջ աշխարհում է այդպես՝ գործարարներն աշխատում են ազդեցություն ունենալ քաղաքական դաշտի վրա՝ իրենց ձեռնտու օրենքներն ու որոշումներն անցկացնելու համար։ Հայաստանի պարագայում տարբերությունն այն է, որ այստեղ մարդկանց պարզապես «կռիշ» է հարկավոր։ Պատգամավորական մանդատը դարձել է բիզնեսի ապահովագրության միջոց՝ պետական եւ այլ մարմինների ոտնձգություններից պաշտպանվելու համար։ Ու թեեւ սկզբում նշվեց, որ գործարարների համար տարբերություն չկա՝ ում ցուցակով կմտնեն ԱԺ, մի փոքր տարբերություն, այնուամենայնիվ, կա։ Գործարարների համար կարեւոր է ոչ թե այն, թե ինչ գաղափարախոսություն ունի կուսակցությունը, այլ` թե այն որքանո՞վ է ընդունակ տեր կանգնել իրենց։ Իսկ «տեր կանգնել» կարող է միայն իշխանական կուսակցությունը։ Ասել, թե ԱԺ նախագահը սխալվել է մարդկանց ընտրության հարցում՝ սխալ կլինի։ Այսպիսի սցենարը ձեռնտու է եղել երկու կողմին։ Գործարարները ֆինանսավորում են կուսակցությանը, կուսակցությունն էլ ապահովում է նրանց մուտքը խորհրդարան եւ բիզնեսի անխափան գործունեությունը։ Սակայն ՕԵԿ-ական գործարար պատգամավորները սկսեցին կասկածել կուսակցության դիրքերի վրա եւ հրաժարվեցին անհավասարակշիռ «կռիշայից»։ Դա լիովին հասկանալի երեւույթ է՝ բիզնեսի կանոններին համահունչ։ Առավել եւս, որ վստահելիության հարցում Ա. Բաղդասարյանին կասկածելու առիթներ եղել են։ Եթե հիշում եք` ՕԵԿ-ական Գագիկ Ավետյանի բնակարանում կատարված խուզարկությանը ոչ մի լուրջ հակաքայլ չհետեւեց։ Մի խոսքով, գործարարների դիրքորոշումն էլ հասկանալի է։ Մանավանդ, որ այս կուսակցության մեջ այլակարծությունը տեղ չունի եւ Ա. Բաղդասարյանը միանձնյա որոշումներ է կայացնում ու էքսցենտրիկ քայլեր կատարում՝ մոռանալով, որ «Օրինաց երկիր» կուսակցության՝ ԱԺ-ում հայտնվելու, «ռասկռուտկա» լինելու գործում այդ գործարարներն էլ իրենց մեծ ներդրումն ունեն: Եվ վերջապես չպետք է մոռանալ, թե Ա. Բաղդասարյանն ինչպես դարձավ ԱԺ նախագահ: Այսինքն՝ նույն կեղծիքներով:

Մնում է միայն մեկ հարց։ Եթե ՕԵԿ-ի դիրքերն այնքան են թուլացել, որ պատգամավորները սպառնալիք են տեսնում իրենց ունեցվածքի հարցում, ապա ինչպիսի՞ն է լինելու ՕԵԿ-ի վերնախավի կեցվածքը։ Գաղտնիք չէ, որ Ա. Բաղդասարյանը եւ նրա մոտ շրջապատը քիչ սեփականություն չունեն։ Կարո՞ղ է արդյոք ՕԵԿ-ը պաշտպանել ինքն իրեն։ Ոմանք կանխատեսում են, որ Ա. Բաղդասարյանը կգնա մինչեւ վերջ՝ դուրս կգա կոալիցիայից եւ հրաժարական կտա։ Սակայն բացահայտ առճակատման գնալու դեպքում վերջինիս վերահսկողության տակ գտնվող օբյեկտների ճակատագիրը վտանգի տակ կհայտնվի։ Կգնա՞ Ա. Բաղդասարյանն այդ ռիսկին։ Եթե այո, ապա հնարավոր է ունենանք ընդդիմադիր նոր ուժ։ Իսկ եթե ոչ՝ ապա պարզ կդառնա, որ ՕԵԿ-ղեկավարն ու ՕԵԿ-ից հեռացած մարդիկ առաջնորդվում են նույն շահերով, եւ ոչ ոք մեկը մյուսին անսկզբունքայնության մեջ մեղադրելու իրավունք չունի։

Ի մի բերելով, կարելի է ասել, որ ՕԵԿ-ում ստեղծված իրավիճակում ապագայում կարող են հայտնվել բոլոր կուսակցությունները։ Նույն հանրապետականները լավ են հիշում, թե ինչպես շատ հհշականներ մի գիշերվա մեջ կերպարանափոխվեցին եւ անհուն սիրով լցվեցին իրենց կուսակցության նկատմամբ… Շատերն էլ հիշում են, որ նույն Ա. Բաղդասարյանն էլ 1998թ.՝ ՀՀՇ-ի ծանր օրերին ՀՀՇ շարքերից է «թռել»:

Այնպես որ, քմծիծաղով եւ դեմքի անթաքույց ուրախ արտահայտությամբ խոսող պարոնները միգուցե մտածեին՝ սա հաղթանա՞կ է, թե՞ իրենց ղեկավարած պետության իրական պատկերի դիմակազերծումը։ Մի ողջ ժողովրդի համար օրենքներ են գրում ու դրանց կատարմանը հետեւում մարդիկ, որոնք ցանկացած պահի կարող են գնացքից դուրս թռչել։ Այսպիսի պայմաններում «պառադային» տրամադրությունը պարզապես ծիծաղելի է։