Ամեն տարի Ղարաբաղում մայիսի 9-ը նշվում է յուրահատուկ շուքով, քանի որ այն ոչ միայն ֆաշիզմի դեմ հաղթանակի, այլ ԼՂՀ պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման օրն է: Այդ օրը տոնական միջոցառումներ են կազմակերպվում ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ Շուշիում եւ հանրապետության մյուս բնակավայրերում:
Արդեն 14 տարի է անցել Շուշիի ազատագրումից: 1992 թվականից հետո Շուշիում շատ բան է փոխվել. այստեղ բնակություն հաստատող քաղաքացիներն իրենց ուժերով վերանորոգել են քարուքանդ եղած բնակարանները, մի քանիսն էլ նորոգվել է պետական միջոցներով, գործում են մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ, վերանորոգման աշխատանքներ են ընթանում նաեւ հովանավորների միջոցներով, բարեկարգվում են ճանապարհներ, տեղի են ունենում ընտրություններ եւ այլն: Սակայն այսօր Շուշիի վիճակն այդքան էլ բարվոք չէ: Բոլորն էլ նշում են, որ Շուշին պետք է վերականգնվի համայն հայության ուժերով: Իսկ թե ե՞րբ ձեռնամուխ կլինեն այդ հինավուրց քաղաքի վերակառուցմանը, դեռ հայտնի չէ, քանի որ, մեր տվյալներով, այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած մարաթոնի ընթացքում հավաքված գումարները նույնպես չեն ուղղվելու Շուշիի վերականգնմանը: Այդ գումարներով նախատեսվում է վերականգնել Հադրութի շրջանը: Ինչ-որ չափով հույս է ներշնչում ԼՂՀ կառավարության կողմից մշակվող ծրագիրը, ըստ որի, քաղաքը պետք է դառնա կրթամշակութային կենտրոն: Ծրագրի մեջ են մտնում նաեւ մի շարք տնտեսական, սոցիալական ծրագրեր: Սակայն այս ծրագրերը դեռեւս քննարկման փուլում են: Իսկ Շուշիի բնակիչների թիվը գնալով նվազում է:
Իսկ ինչպե՞ս են գնահատում քաղաքի վիճակը հենց շուշեցիները: Այս մասին հարցումներ անցկացրեցինք բնակիչների շրջանում:
Ա. Բաղդասարյան, Արցախյան պատերազմի մասնակից. «Իհարկե, ժամանակին շատ կարեւոր էր այս քաղաքի ազատագրումը, որն էլ արեցինք, սակայն այսօր պետք է նույն արժանապատվությամբ էլ կառուցենք Շուշին: Քաղաքը դեռեւս ավերակ է հիշեցնում, եւ ամենուրեք պատերազմի հետքեր են: Գուցե արժե մտածել նաեւ այս ուղղությամբ: Թեեւ չի կարելի անտեսել նաեւ այն, որ այստեղ որոշ աշխատանքներ իրականացվել են»:
Գ. Ավանեսյան, թոշակառու. «Ես ծնունդով շուշեցի եմ: Քաղաքն ազատագրելուց հետո որոշեցի վերադառնալ իմ հայրենի քաղաքը: Արդեն 10 տարուց ավելի է այստեղ եմ բնակ9վում: Շատ էինք սպասում, որ Շուշին շուտ կվերականգնեն, բայց… Դեռ հույսներս չենք կորցնում: Աշխատում ենք ու փորձում գոյատեւել: Կարծում եմ, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ժամանակ է պետք»:
Կ. Գրիգորյան, 29 տարեկան. «Անկեղծ ասած, Շուշիի ազատագրումն ինձ համար նույնպես շատ մեծ կարեւորություն ունի, քանի որ 1992-ի հենց այդ օրն էլ Ստեփանակերտում բնակվողներիս հնարավորություն ընձեռվեց դուրս գալ նկուղներից, որտեղից ամիսներ շարունակ դուրս չէինք գալիս:
Հիմա, երբ արդեն, այսպես ասած, խաղաղ պայմաններում ենք ապրում, կարծես թե Շուշիի հանդեպ ուշադրությունն ինչ-որ չափով «մարել է»: Անկեղծ ասած, շատ վատ ապրումներ եմ ունենում այն ժամանակ, երբ Շուշի են այցելում տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջիկներ: Սրտիս խորքում ամոթ եմ զգում, որ մինչեւ հիմա քաղաքի վերականգնման համար քիչ բան է արվել: Զբոսաշրջիկներն, իրենց հերթին, տեսնելով քաղաքի ավերակները, շատ են զարմանում: Իմ կարծիքով, Շուշիի վերականգնումն այսօր պետք է առաջնահերթ լինի, քանի որ Ղարաբաղ այցելող ամեն մեկի առաջին ցանկությունը հիմնականում Շուշին տեսնելն է»: