Արձանագրվել է ինքնասպանությունների աճ

14/05/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Վերջին օրերին հանրապետությունում ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի աճ է արձանագրվել: Ընդ որում, կյանքին ինքնակամ հրաժեշտ տալ ցանկացողների մեծամասնությունն իրենց իսկ կողմից գրված երկտողերում ինքնասպանություն կատարելու դրդապատճառները բացատրել են սոցիալական ծանր պայմաններով, ինչպես նաեւ աշխատանք չունենալու պատճառներով:

Սակայն ցավալի է, որ ծայրահեղ այդ քայլին դիմում են նաեւ ծեր, թոշակառու մարդիկ, ովքեր չեն կարողանում դիմակայել սոցիալական հուսահատությանը եւ իրենց բնականոն մարող ծերության տարիների կյանքը նախընտրում են դադարեցնել ինքնասպանության ճանապարհով:

2006թ. մայիսի 7-ին, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ, 1984-ին ծնված Մովսես Աշոտի Պողոսյանը, իրենց տան անասնագոմում կախվելու միջոցով ինքնասպան է եղել: Իր թողած երկտողում նա գրել էր, որ աշխատանք չունենալու եւ սոցիալական անարդարություններից հոգնելու պատճառով գերադասում է մահը: Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ, 1959թ. ծնված Արծրուն Վ. Խաչատրյանը Երեւանում Արտաշիսյան փողոցի վրա գտնվող «Մայամի» ռեստորանային համալիրի շոգեբաղնիքում իր մոտ եղած ածելիով կտրել էր աջ ձեռքի դաստակի երակները եւ մինչ շտապօգնության ժամանումը մահացել էր: Թողած երկտողում գրել էր` «Իմ կողմից կատարված ինքնասպանության համար խնդրում եմ ինձ ներել եւ ոչ ոքի չմեղադրել»: Կախվելու միջոցով ինքնասպան են եղել Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 1973թ. ծնված Հարություն Մելիքյանը եւ Մարգարյան փողոցի բնակիչ` 1921թ. ծնված Կարապետ Մանուկյանը: Լենինգրադյան 52 շենքի բնակիչ, 1931թ. ծնված Հայկարամ Մինասյանն իրեն ցած է նետել իրենց շենքի 7-րդ հարկից եւ մինչ շտապօգնության ժամանումը՝ մահացել է: Ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները «Կիրովական» հյուրանոցի հարեւանությամբ անցնող Տանձուտ գետում հայտնաբերել են Վանաձոր քաղաքի բնակչուհի, 1958թ. ծնված Մարինե Թումոյանի դիակը: Հարուցվել է քրեական գործ, Մ. Թումոյանի մահվան հանգամանքները պարզվում են Լոռու մարզային դատախազությունում:

Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 1977թ. ծնված Էդգար Պետրոսյանը ձեռքերի երակների կտրված վերքերով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ներկայումս գտնվում է բժիշկների հսկողության տակ:

Երակների կտրվածքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1988-ին ծնված, Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ Տ. Ասլանյանը, որն այժմ բժիշկների հսկողության տակ է: Ավելի դաժան ու սահմռկեցուցիչ եղանակով ինքնասպանությամբ է իր կյանքին վերջ տվել Արամի փողոցի բնակիչ, 1923-ին ծնված Էդիկ Գեւորգյանը: Վերջինս կրծքավանդակի ձախ կողմում կտրած-ծակած վերքերով, ծխահարված վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ սակայն մահացել է: Պարզվել է, որ ինքնասպանություն կատարելուց առաջ նա սկզբում հրկիզել է բնակարանը, հետո վնասել իրեն:

Մայիսի 8-ին իրենց շենքի 4-րդ հարկից իրեն ցած է նետել եւ տեղում մահացել Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքի բնակիչ, 1928-ին ծնված Ռաֆիկ Ս. Սողոմոնյանը:

Մայիսի 6-ին, ժամը 15:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի 85 տան բնակչուհի, 1964-ին ծնված Զարուհի Մամիկոնի Դավթյանն` իրենց տան հացատանը, իսկ Լոռու մարզում, նույն օրը, ժամը 17:15-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լալվարի 40 տան բնակչուհի` 1933-ին ծնված Սուսամբար Աշոտի Մխիթարյանը կախվելու միջոցով ինքնասպան են եղել:

Կատարված ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի դեպքերով հարուցվել են քրեական գործեր, որոնց քննությունը կատարվում է տարածքային դատախազություններում: Հայտնաբերված եւ առգրավված երկտողերն ուղարկվել են ՀՀ Ոստիկանության Փորձաքրեագիտական վարչություն` դատաձեռագրաբանական փորձաքննության, իսկ ինքնասպանության հետեւանքով մահացած անձանց նկատմամբ նշանակվել է դատահոգեբանական-դատահոգեբուժական հետմահու համալիր փորձաքննություն` վերջիններիս կողմից դրսեւորված սուիցիդալ վարքագիծը պարզելու համար: Ի դեպ, 2005թ. ՀՀ-ում արձանագրվել է ինքնասպանության եւ ինքնասպանության փորձի 401 դեպք: