Սովորաբար որեւէ արտասահմանյան ուղեւորությունից հետո, եթե նույնիսկ ցանկություն լինում է, ապա ժամանակ չի գտնվում ինչ-որ նոթեր գրելու համար: Բայց այս ուղեւորությունս` Հռոմ-Վիեննա-Բրատիսլավա, այնքան բացառիկէր, որ ի վերջո որոշեցի այդ մասին գրել:
Մեկնեցի ոչ թե Հռոմ, այլ հենց Վատիկան, Հայաստանում Սուրբ Աթոռի Նվիրակ` Մոնս. Կլաուդիո Գուջերոտտիի միջնորդությամբ եւ Վատիկանի հեռուստակենտրոնի հրավերով:
Սկիզբը` Ավստրիական ավիաուղիներ
Հայաստանում գոյություն ունի ԵՄ Առեւտրաարդյունաբերական պալատ, եւ դեռ անցյալ տարի նրանց մասին մի հաղորդում նկարելիս, որպեսզի պահպանվի ինչ-որ ներկայացման պարիտետ ռոմանական, ավստրո-գերմանական եւ անգլիական ընկերությունների միջեւ, 1-2 րոպե տեւողությամբ կարճ խոսք խնդրեցի Ավստրիական ավիաուղիների հայաստանյան ղեկավարից: Այդպես ծանոթացանք պրն Վերներ Կրյուգերի հետ: Հետո արդեն ընկերներիցս լսեցի, որ Ավստրիական ավիաուղիներն աջակցում են մշակութային ձեռնարկների, եւ քանի որ առանձնակի ցանկություն ունեի Հովհաննես Պողոս II-ին նվիրված մի ֆիլմ ստեղծելու, պրն Կրյուգերից հետաքրքրվեցի` կարո՞ղ են որեւէ կերպ աջակցել: Անշուշտ նաեւ պատմեցի, թե ֆիլմն ինչ տեւողություն, կառուցվածք է ունենալու, ինչ ռակուրսով է անդրադառնալու Պապի քահանայապետական գործունեությանը:
Պրն Կրյուգերի պատասխանը հետեւեց անմիջապես. «Եթե այդ ֆիլմի համար հարկավոր կլինի, դու կցանկանաս գնալ Հռոմ, Վատիկան, ինչ-որ մարդկանց հանդիպելու, սրբավայրեր այցելելու, համարիր, որ ուղետոմսը ունես, ավիաընկերության կողմից ուղետոմսը քեզ կնվիրվի»: Մինչ այդ արդեն «Հայֆիլմ» կինոստուդիայից մի նամակ ուղարկել էինք Վատիկանի հեռուստաարխիվ` որոշակի վավերագրական կադրերի խնդրանքով, բայց երբ ավիատոմս ունես, ինչո՞ւ անձամբ չմեկնել:
Այնուհետեւ սկսեցի հետաքրքրվել, թե Հռոմում մնալու ինչ հնարավորություններ կան, եւ Իտալիայում մեր դեսպանատան խորհրդով գտա “Villino Suore Armene” հյուրատունը, որը պատկանում է հայ միանձնուհիների, (նրանց միաբանությունը հիմնադրվել է 1848-ին Պոլիսում եւ առ այսօր միակ նման կառույցն է հայ ազգային իրականությունում. մանրամասները` քիչ ավելի ուշ):
Բայց Վատիկան գնալու համար ուղետոմսը կամ հյուրատունը չեն առաջնայինը, այլ հրավերը:
Դեսպանություն Սբ. Աթոռին ի Հայաստան
Անձնավորությունը` ում նախ էթիկական նկատառումներից ելնելով` կապված ֆիլմի ստեղծման հետ, այնուհետեւ արդեն կազմակերպչական աջակցության համար (եթե գործնական հողի վրա էր դրվում Վատիկան մեկնելու ցանկություն-խոսակցությունները) պետք էր դիմել, իհարկե, Վատիկանի դեսպանը կամ, ինչպես ավելի ճիշտ է ասել` Պապական նվիրակն է Հայաստանում` Նորին գերազանցություն Մոնս. Կլաուդիո Գուջերոտտին: Այդպես էլ վարվեցի:
Անցյալ նոյեմբեր, կամ դեկտեմբերն էր, Մոնսինյորի հետ հանդիպեցինք: Պատմեցի, որ մասնագիտությամբ լրագրող եմ, որպես կանոն` գրել եմ քաղաքականություն, պարզապես մի-երկու տարի առաջ մի վավերագրական ֆիլմ նկարելուց հետո կինեմատոգրաֆիան այնքան է դուր եկել, մանավանդ, արտերկիր կինոփառատոների մեկնելը, որ լրագրության հետ կապերս խզել եմ: Ծիծաղեց, թե` ճիշտ էլ արել ես: Այնուհետեւ պատմեցի, թե ինչ ֆիլմ եմ ցանկանում նկարել Հովհաննես Պողոս II-ի մասին: Լսեց. «Շատ լավ է: Այնքան կենդանի պատմեցիր, որ չեմ էլ կասկածում, կնկարես: Ե՞րբ ես ուզում մեկնել Վատիկան»:
Մեկնելը որոշված էր, մնացյալն արդեն ժամանակի եւ հյուպատոսական կարգավորումների հարց էր: Հարկավոր եղավ նաեւ Վատիկանի հեռուստակենտրոնից անմիջական հրավեր, ինչն Իտալիայից ուղարկեցին: Բայց, այնուամենայնիվ, ամենաթանկ իրն ինձ համար այս ողջ ուղեւորության, հանդիպումների, տպավորությունների մեջ, մնաց Մոնսինյորի “Nota Verbale”-ն` ուղարկված Հայաստանում Իտալիայի դեսպանատուն, Վատիկան մեկնելու հարցում ինձ աջակցելու հավաստումով, որի վրա Վատիկանի պետական կնիքն է, եւ «Դեսպանություն Սուրբ Աթոռին ի Հայաստան» գրությունը:
Սավոյան արքայատունը
Չգիտեմ` հայաստանցիների ո՞ր մասին է հայտնի` Իտալիայի արքայական ընտանիքը` Սավոյան արքայատունը 15-րդ դարից ի վեր կրում է «Արքա Հայոց» տիտղոսը: Հիշում եմ, երբ առաջին անգամ ԵՊՀ-ում «Հայ ժող. պատմության» մեր դասախոսից` պրն Պետրոս Հովհաննիսյանից լսեցի այդ մասին` անչափ զարմացել էի: Նաեւ հիշում եմ` պրն Հովհաննիսյանը պատմել էր, որ Մոսկվայում դեռ խորհրդային տարիներին ինչ-որ անգամ անձամբ հանդիպում էր ունեցել Սավոյան արքայատան շառավիղներից մի դուքսի կամ դքսուհու հետ:
Երբ Իտալիայում էի, իհարկե, թիվ մեկ հետաքրքրությունս Սավոյան արքայատունն էր: 1946-ից ի վեր, երբ Իտալիայում հռչակվել է հանրապետություն, արքայական իշխանությունը վերացվել է եւ մինչեւ 2002թ. նույնիսկ արքայական ընտանիքի անդամներին ֆիզիկապես արգելված է եղել մուտք գործել Իտալիա: 2002-ին արգելքն օրենսդրորեն վերացվեց, եւ ինչպես ամերիկյան թե բրիտանական թերթերից մեկն էր այդ օրերին խիստ տպավորիչ գրել. «մի ընտանիքի համար ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը»: 2002-ին Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի հրավերով շուրջ վեց տասնամյակների ընդմիջումից հետո Նորին Արքայական Մեծություն Վիտտորիո Էմմանուելը ժամանեց Իտալիա, անշուշտ, առաջին այցելությունը կատարելով Վատիկան:
Սավոյան արքայատան կալվածքները ժամանակակից պետություններից մի քանիսի վարչական սահմաններում են` Շվեյցարիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի: Չգիտեմ` ինչպե՞ս է ավելի ճիշտ ասել` Սավոյան արքայատա՞ն, թե՞ Սբ. Մաուրիս եւ Սբ. Ղազարոս ասպետական օրդենների քարտուղարության հիմնական նստավայրը Ժնեւում է: Բայց Իտալիայի երեւի թե բոլոր մարզերում եւ արտերկրի 3-4 տասնյակ պետություններում Սավոյան արքայատունն ունի պատվիրակություններ:
Քանի որ Հռոմում էի, բնականաբար, ամենագործնական ուղին Սավոյան արքայատան հետ կապ հաստատելու` նախ Հռոմի պատվիրակության ղեկավարի հետ ծանոթանալն էր: Դոն Ֆաբրիցիո Մասսիմո Բրանկաչիո` սերում է հարյուրամյակների ազնվականական տոհմից, «դոն» կոչումն Իտալիայում նույնական է «լորդ» տիտղոսին Մեծ Բրիտանիայում, կրում է տիտղոսներ, ընդհուպ բարձրագույն` Արքայազնի տիտղոսը, Արքայազն Տրիջջիանոյի, Ռովիանոյի եւ այլն, մաս է կազմում Սավոյան տոհմածառին (կարծես թե հենց իր տատիկը եղել է Սավոյան արքայադուստր) եւ այլն, վերջապես ինչը տվյալ պարագայում ամենից էականն էր` Սավոյան արքայատան Պատվիրակության ներկա ղեկավարն է Հռոմում:
Դոն Մասսիմոն մտահոգված էր, որ ինքը շատ քիչ տեղեկություններ ուներ Հայաստանի մասին, թեեւ այն, ինչ գիտեր, ինձ իսկապես զարմացրեց: Գիտեր միայն այն, որ «հայերն ամենահին քրիստոնեական եկեղեցին են աշխարհում, եւ Քրիստոսի ժամանակներից ի վեր իրենց կրոնական ավանդույթներն ու արժեքները պահել են աներեր` ի տարբերություն արեւմտյան եկեղեցու, որն անվերջ արդիականացնելով դրանք այնքան է հեռացել նախնական դրվածքներից, որ երեւի հայերն իրենց այժմ ավելի մոտ կզգան իսլամական աշխարհին, քան արեւմտյան եկեղեցուն»:
Այն, որ Հայ Առաքելական եկեղեցին քրիստոնեական ուսմունքն ու ավանդույթը պահպանել է իր նախաստեղծ բովանդակության մեջ, գիտեր եւ փաստարկում էր ասենք Մաղաքիա արք. Օրմանյան պատրիարքը, բայց, որ 21-րդ դարում ապրող եվրոպացի ազնվականը, ով շատ քիչ գիտելիքներ ունի Հայաստանի մասին, այդքան դիպուկ ընկալում կունենար քրիստոնեական աշխարհում Հայ Առաքելական եկեղեցու յուրահատկության, ինձ իսկապես ապշեցրեց:
Իհարկե, Հայաստանում շատ ավելի հետաքրքիր է այն, ինչ դոն Մասսիմոն հաղորդել է իտալական ազնվականության եւ Սավոյան արքայատան ներկա գործունեության մասին: Դա ստորեւ կներկայացվի: Սակայն ինչի համար ինքս եմ առանձնակիորեն շնորհակալ պրն Մասսիմոյին, դա Սավոյան արքայատան հետ բանակցելն էր, եւ ինձ համար Հաութկոմբե այցելելու ու արքայական ընտանիքի անդամներին հանդիպելու հրավեր ստանալը: Հաութկոմբեն Սավոյան արքայատան ժառանգական կալվածքներից է Ֆրանսիական Ալպերում: Հռոմից այնտեղ մեկնելը պետք է ինչ-որ ժամերի խնդիր լիներ, բայց նախ` Հռոմում գտնվելու իմ հիմնական նպատակը Վատիկանի հեռուստակենտրոնի արխիվից անհրաժեշտ կադրերի ձեռքբերումն էր եւ Վատիկանն ու Հռոմը տեսնելը, ինչի համար 8-10 օրը միայն ճարտարապետությանը ծանոթանալուն բավարարող ժամանակ է: Եվ հետո Բրատիսլավայում արդեն նշանակված էին հարցազրույցներ եւ հանդիպումներ, ոչինչ հետաձգել հնարավոր չէր:
Հետեւաբար ուղղակի շնորհակալություն հայտնելով հրավերի համար` խնդրեցի, որ, եթե կարելի է, այն մնա ուժի մեջ, մինչեւ հաջորդ այցելությանս Արեւմտյան Եվրոպա. կարծում եմ, դա կլինի աշնանը: Եվ հուսամ` այդ ժամանակ Սավոյան արքայատնից մի հարզազրույց հայկական մամուլում կամ հեռուստաեթերում կլինի:
Արքա Երուսաղեմի, Հայաստանի եւ Կիպրոսի
Թերեւս մինչեւ Սավոյան արքայատան ներկա գործունեության մասին պրն Մասսիմոյի շնորհիվ ձեռք բերված տեղեկությունները ներկայացնելը, նախ իմաստ ունի թեկուզ թռուցիկ անդրադառնալ Սավոյան արքայատան առնչությանը Հայաստանի հետ, եւ թե ինչպես է «Արքա Հայոց» տիտղոսն անցել այդ ազնվականական տոհմին: Ի դեպ, 15-րդ դարից ի վեր Սավոյան դուքսերը կրում էին Արքա Երուսաղեմի, Հայաստանի եւ Կիպրոսի տիտղոսը, որին միայն 18-19-րդ դարում գումարվեց նոր` Արքա Սարդինիայի եւ Իտալիայի տիտղոսը:
Սավոյան արքայատունն ամենահին ազնվականական տոհմն է Եվրոպայում, հիմնադրվել է 1030-40-ական թվականներին: Մոտավորապես 1450-ականների Հռովմեական Սրբազան Կայսրության ժամանակներում Հռոմի պապի կողմից նրանց շնորհվում է դուքսի տիտղոս: Ավելի ուշ` 1550-ականներին դարձյալ պապական կոնդակով Սավոյան արքայատան առաջնորդությանն են հանձնվում Սբ. Մաուրիս եւ Սբ. Ղազարոս ասպետական օրդենները:
Դժվար չէ կռահել, որ Երուսաղեմի, Հայաստանի եւ Կիպրոսի գահերը Սավոյան արքայատանն են անցել Սրբազան Հռովմեական կայսրության սանձազերծած խաչակրաց արշավների եւ հետագա դարերում խաչակիրների` Մերձավոր արեւելքում ծավալած գործունեության արդյունքում: Ավելի ստույգ` այդ տիտղոսները` «Արքա Երուսաղեմի, Հայաստանի եւ Կիպրոսի», Սավոյան դուքսերը ժառանգել են Լուսինյան (Lusignan) արքայատնից, որոնք գահակալում էին Կիպրոսում 1190-1490 թվականներին:
Լուսինյանների արքայատան հիմնադիրը Պաղեստինում հաստատված մի ֆրանսիացի խաչակիր ասպետ էր` Գվիդոն Լուսինյան (Guy Lusignan), որն ամուսնացել էր Երուսաղեմի արքայադստեր հետ եւ այդ ամուսնությամբ ժառանգել Երուսաղեմի գահը (1180-ին): Հաջորդած մեկ տասնամյակում նա պատերազմում է Սալլահ էդ-Դինի հետ (արեւելյան հեքիաթասացությունից հայտնի Ալադինն է իր կախարդական կանթեղով), բնականաբար, պարտվում է եւ գերեվարվում: Սակայն Արեւմուտքի միջնորդությամբ ազատվում է, Տեմպլիերների օրդենից գնում Կիպրոսը եւ հռչակվում Կիպրոսի արքա` հիմնադրելով Լուսինյան (Lusignan) արքայատունը: Այդպիսով, 1190-ականներից Կիպրոսում գահակալում են Լուսինյանները` կոչվելով «Արքա Երուսաղեմի եւ Կիպրոսի»:
Լուսինյանների արյունակցական կապը Կիլիկիայի հայոց արքայատան հետ հաստատվում է, երբ Լեւոն Գ Հեթումյան արքայի մանկահասակ դուստրը` Զաբելն ամուսնանում է Կիպրոսի գահաժառանգի հետ: Այնուհետեւ Զաբել թագուհու որդին 1350-ականներին հայկական ծիսակարգով օծվում է Կիլիկիայի Հայոց արքա: Նրան հաջորդում է եղբորորդին` Լեւոն Զ-ն, որին վիճակված էր լինել Կիլիկիայի վերջին արքան: 1375-ին Սիսն ընկնում է, իսկ Լեւոն Զ-ն իր մահկանացուն կնքում է դարավերջին Իսպանիայում: Նրա մահվանից հետո ժառանգաբար «Արքա Հայոց» տիտղոսն անցնում է Կիպրոսի Լուսինյաններին, որոնք այդուհետ պաշտոնապես կրում են «Արքա Երուսաղեմի, Հայաստանի եւ Կիպրոսի» տիտղոսները:
Մոտ 1450-ականներին կարդինալ (ըստ որոշ վարկածների` նաեւ 1439-49-ին պապական գահ է զբաղեցրել) Ֆելիքս VI-ի որդին` Սավոյան դուքս Լուիս I-ն իր կնոջ` Կիպրոսի գահաժառանգ Աննա Լուսինյանի գծով ժառանգում է Կիպրոսի արքայի տիտղոսը: Նրա որդին` դուքս Լուիս II-ն ամուսնանում է Կիպրոսի թագուհի Շառլոտայի հետ եւ նրա մահից հետո պաշտոնապես սկսում է կրել «Արքա Երուսաղեմի, Հայաստանի եւ Կիպրոսի» տիտղոսները: Լուիս II-ի մահից հետո տիտղոսներն անցնում են եղբորը` Ֆիլիպ II-ին: Վերջինիս ժառանգներն են այնուհետեւ շարունակում Սավոյան տոհմածառը եւ, բնականաբար, այն ժամանակներից էլ ժառանգական իրավունքով «Արքա Հայոց» տիտղոսը պատկանում է Սավոյան արքայատանը:
Շարունակելի