Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա ուղերձ է հղել ՌԴ Դումային, որը փաստացի ուղերձ է ամբողջ աշխարհին: «Աշխարհում ակնհայտ է հակամարտ տարածության ընդլայնման միտումը, ինչը ծայրաստիճան վտանգավոր է»,- հայտարարել է Պուտինը: ՌԴ նախագահն այդ համատեքստում կարեւորել է երկրի ռազմական ներուժի ընդլայնումը, օրինակ բերելով աշխարհաքաղաքական գործընթացների համար վճռորոշ ձայն ունեցող այլ երկրներին, որոնք, ըստ Պուտինի, Ռուսաստանին գերազանցում են ռազմական ծախսերով: Մասնավորապես, Պուտինը նշել է ԱՄՆ-ի ռազմական բյուջեի քսանհինգապատիկ մեծությունը ՌԴ ռազմական բյուջեի համեմատությամբ: «Պաշտպանական բնագավառում հենց դա էլ կոչվում է` նրանց տունը նրանց ամրոցն է: Կեցցեն: Բայց դա նշանակում է, որ մենք էլ ձեզ հետ պետք է կառուցենք մեր սեփական տունը` ամուր, հուսալի: Որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում: Ինչպես ասում են` ընկեր գայլը գիտե ինչ ուտել, կեր եւ ոչ մեկին մի լսիր», – հայտարարել է ՌԴ նախագահը: