Օդում ինձ զգում էի՝ ինչպես ձուկը՝ ջրում

14/05/2006 Զրուցեց Սուսաննա ԱԶԱՏՅԱՆԸ

Մանիկ Սարգսյանը 23 տարվա բորտուղեկցորդուհու ստաժ ունի: Նա արդեն 11 տարի է, ինչ չի աշխատում, բայց ամեն անգամ ինքնաթիռի ձայն լսելիս ակամայից հայացքը հառում է երկնքին ու նայում ինքնաթիռի սպիտակ հետագծին: Ցավոք, այսօր այս բառերը ասոցիացվում են Ա-320 ինքնաթիռի ողբերգական վախճանի հետ:

– Հիշում եմ, դեռ այն ժամանակ Հարավային օդանավակայանն էր, եւ երբ ինքնաթիռները վայրէջք էին կատարում կամ բարձրություն վերցնում, մենք շատ մոտիկից տեսնում էինք եւ երազում, որ այդ ինքնաթիռի մեջ լինեինք, իսկ անձնակազմի անդամ լինելու մասին չէի էլ մտածում, որովհետեւ դա անհասանելի մի բան էր: Ավելացրած այս ամենին էլ, մենք ունեինք հարեւանուհի, որ ուղեկցորդուհի էր, եւ ամեն անգամ նրան համազգեստով տեսնելիս՝ սիրտս թրթռում էր: Անցան տարիներ, ու ես ընտրեցի այդ մասնագիտությունը: Աշխատածս առաջին րոպեներից սկսած՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել, թե սխալ ընտրություն եմ կատարել: Երկնքում գտնվել եմ մոտավորապես 12.000 ժամ, մինչեւ այն պահը, երբ Շահեն Պետրոսյանը մի գրչի հարվածով աշխատանքից ազատեց 120 ուղեկցորդի, այդ թվում՝ նաեւ ինձ: Կարծես հատուկ առաքելությամբ եկած լիներ օդանավակայան, որովհետեւ հետո էլ սկսեց օդաչուների հետ հաշվեհարդար տեսնել: Շատ խորն է վիրավորանքս, որովհետեւ մեզ վերաբերվեցին ինչպես անպետք իրի: Իհարկե, այսօր արդեն այդ հնարավորությունը դժվար թե տրվի, որովհետեւ 58 տարեկան եմ, բայց լինելու դեպքում՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածի: Ես օդում այնպիսին կլինեմ, ինչպես ձուկը ջրում:

– Իսկ երբեւէ վախի զգացում չե՞ք ունեցել հենց միայն այն մտքից, որ գտնվում եք 11.000 մետր բարձրության վրա:

– Երբեք: Եթե մեզանից մեկը վախեցավ, ուրեմն այդ աշխատանքն իր համար չէ: Եղել են շատ դեպքեր, երբ հենց առաջին թռիչքից հետո հրաժարվել են այլեւս այդ աշխատանքից: Շատ կարեւոր է ուղեկցորդի դերը սրահում: Հաճախ ուղեւորը նայում է ուղեկցորդուհու դեմքին. եթե նա ժպտում է, ուրեմն ամեն ինչ կարգին է: Եթե մի քիչ էլ ուղեւորը վախենում է, ապա ժպիտն ու սիրալիր վերաբերմունքն ամեն ինչ իր տեղն են գցում: Ուղեկցորդուհին ինքնաթիռում մի կողմ պիտի դնի իր հոգսերն ու լինի ուղեւորի համար եւ հոգեբան, եւ հայր, եւ մայր, եւ քույր ու եղբայր: Հիշում եմ՝ սարսափահար դեմքով ինքնաթիռ էր նստում սիրված կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը: Նա արդեն ինձ ճանաչում էր` որպես դերասանուհի Սոֆիկ Սարգսյանի քույր, եւ միշտ մի տեղ մեկնելիս առաջ զանգահարում էր, որպեսզի այն ինքնաթիռով թռչեր, որի անձնակազմում ես կլինեմ: Ամբողջ թռիչքի ընթացքում նա պիտի գտնվեր խոհանոցում, ես էլ պիտի զրուցեի նրա հետ: Մեծ վախով էր ինքնաթիռ բարձրանում հայտնի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն: Իսկ մենք այնպես պետք է անեինք, որ հանկարծ ուղեւորները դա չնկատեին: Մի անգամ էլ՝ 1977 թվականին, երբ նոր ինքնաթիռ էինք ստացել ու կատարում էինք Երեւան-Տաշքենդ-Ալմա Աթա-Տաշքենդ-Երեւան չվերթը, Ալմա Աթայից արդեն 1000 մետր բարձրության վրա էինք, երբ հանկարծ ուժեղ հարվածի ձայն լսեցինք, բայց, փառք Աստծո, ոչ մի խափանում չեղավ: Վայրէջքից հետո տեսանք ինքնաթիռի քիթը՝ արյան ու փետուրների մեջ կորած: Պարզվեց, մի մեծ արծիվ բախվել էր երկաթե թռչունին… Թռիչքների ժամանակ ականատես եմ եղել հրաշալի շատ արեւածագերի եւ նույնիսկ տեսել եմ այդ՝ անապատի արեւ ասվածը:

Ամենասարսափելի թռիչքներն այն ժամանակ էին, երբ Բաքվից մեր ծեծված ու ջարդված հայրենակիցներին էինք տեղափոխում: Այ, դա իսկապես սարսափ էր: Այդ ժամանակ մենք պարզապես գթության քույրեր էինք: Դրանից մի քանի ամիս անց էր, որ գալիս էինք Մոսկվայից, ուղեւորների մեջ կար մի կին` երկու երեխաների հետ: Ամբողջ ճանապարհին լաց էր լինում ու ոչինչ չէր ասում: Քիչ անց, երբ սրահում ուղեկցորդ չի լինում, հանկարծ բորտինժեները գալիս է սրահ ու տեսնում, որ ինքնաթիռի այն դուռը, որը նախատեսված է վթարային իրավիճակներում օգտագործելու համար, կարծես թե մեկը փորձել էր բացել: Հետո այդ կինը խոստովանեց, որ դա ինքն է արել, որպեսզի իրեն երեխաների հետ ինքնաթիռից դուրս նետի, որովհետեւ ամուսինն ադրբեջանցի էր, ուրեմն՝ երեխաներն էլ… Եթե մի փոքր ուշացնեինք, հնարավոր է` 350 հոգանոց ինքնաթիռը կործանվեր, ու ոչ ոք չէր էլ իմանա: Հետո, իհարկե, սկսեցինք հանգստացնել նրան, ու ես ասացի նրան, որ եթե մայրը ցանկանա, ուրեմն այդ երեխաները հայ կլինեն, պետք չէ հուսահատության գիրկն ընկնել:

Իհարկե, շատ դեպքեր են եղել, երբ կայծակն է խփել կամ կարկտաբեր ամպերի մեջ ենք ընկել, շասսիները չեն բացվել կամ չեն փակվել: Հայտնի օրինակ կա, երբ 1991թ. Գյումրիում մեր հմուտ օդաչուն այնպիսի վայրէջք կատարեց, որն անհնար էին համարում շատ շատերը: Մի անգամ էլ մեր ինքնաթիռը, որ ուղեւորվում էր Մոսկվա, շասսիները չփակվեցին, եւ խեղճ օդաչուն այնքան գնաց Սեւան ու եկավ, մինչեւ վայրէջք կատարեց մեր օդանավակայանում, իհարկե, ուղեւորներին տեղափոխեցինք այլ ինքնաթիռ: Ինքնաթիռները թեեւ մանրակրկիտ տեխզննում էին անցնում, բայց ինչ արած, տեխնիկա է: Անձնակազմը հոգեպես եւ ֆիզիկապես պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Կասկած չկա, որ մեր օդաչուներն ամենաբարձր որակավորում ստացած օդաչուներն են, իսկապես իրենց գործում «աս» են: Ամբողջ ՍՍՀՄ-ում մեզ մատով էին ցույց տալիս: Ես իմ ականջով եմ լսել, թե ինչպես Նովոսիբիրսկի օդանավակայանում ասում էին` եթե ինքնաթիռը մեկ թեւով վայրէջք կատարի, ուրեմն դա հայերն են: Եթե ուրիշները Կովկասյան լեռնաշղթան անցնում էին հատուկ պատրաստվածությամբ, ապա մեզ համար այն խաղ ու պար էր, օրվա մեջ երկու անգամ էինք անցնում: Ես այսօր էլ վստահ եմ, որ մերոնք առաջինն են ու միշտ էլ այդպես կլինի: Նաեւ վստահ եմ, որ Երեւան-Սոչի չարաբաստիկ չվերթի վթարը կարող էր լինել ամեն ինչի պատճառով, միայն թե՝ ոչ անձնակազմի: Վթարված Ա-320 ինքնաթիռի բորտինժեների՝ Նիկոլայ Խաչատրյանի հետ բազմաթիվ թռիչքներ եմ ունեցել: Նա այնքան հմուտ մասնագետ էր, որ իրավունք ուներ թռչելու տարբեր ինքնաթիռների վրա: Ճանաչում էի Անահիտ Աբելյանին, շատ համարձակ աղջիկ էր: Երկրորդ օդաչուին՝ Արման Դավթյանին ես տեսել եմ, երբ դեռ երեխա էր: Նա այնպիսի մի հմուտ օդաչուի որդի էր, որ դժվար թե հայրն իրեն փոխարինող միջակ մասնագետ պատրաստեր: Եթե ինքնաթիռը փրկելու մի փոքր շանս լիներ, նրանք կանեին հնարավորն ու անհնարինը: Ուրեմն ամեն ինչ շատ անսպասելի ու արագ է տեղի ունեցել: