Խորհրդային դպրոցն ավարտածները հիշում են Շուշանիկ Կուրղինյանի «Բանվորները» բանաստեղծությունը, որ անգիր էին հանձնարարում.
Այդ մենք ենք գալիս`
Մաշված բաճկոններ, յուղոտ ու մրոտ,
Տրորված գդակ, աղտոտ մազերով…
Չկա Սովետը, ու նրա հետ դպրոցական ծրագրերից ջնջվեց Կուրղինյանը: Այսօր հարցնում ես պատանուն` անցե՞լ եք Կուրղինյան, պատասխանում է` ո՞վ է նա: Շուշանիկ Կուրղինյանի անունը մնացել է միայն ավագ սերնդի դպրոցական հիշողություններում` որպես սովետական պրոպագանդայի հետք, որպես պրոլետարական բանաստեղծուհի:
Բայց կա նաեւ ուրիշ Կուրղինյան, որ շատ ավելի արդիական է, քան այսօրվա հայ իրականության մեջ կնոջ մասին պատկերացումները. ֆեմինիստ ու ըմբոստ բանաստեղծուհին, ում ընթերցողին է վերադարձնում «Ապրել եմ ուզում» գիրքը հայերեն եւ անգլերեն:
Թարգմանիչը Իլինոյսի համալսարանում դոկտորանտուրա անցնող 30-ամյա Շուշան Ավագյանն է: Գիրքը տպագրել է Հայ կանանց միջազգային ընկերակցությունը (http://www.aiwa-net.org ):
«Առաջին անգամ Կուրղինյանի բանաստեղծություններից մեկ-երկուսը 6-րդ դասարանի դասագրքում կարդացի,- գրում է նամակում Ավագյանը: -Նրա վրայով ուսուցիչը անցավ, «կարեւոր» գրող չէր: Անցան տարիներ, Կուրղինյանի մասին մոռացա, միայն հիշում էի, որ իմ անունով մի բանաստեղծուհի կա: Տարիներ հետո, երբ կարդում էի այլ կին գրողների գրքերը, տեսնում էի, որ ինչ-որ բան պակասում էր. պակասում էին մշակութային այն առանձնահատկությունները, որ ինձ տարբերում էին այդ գրողներից: Նրանց ֆեմինիզմը կատարյալ չէր ինձ համար: Բրոնտեի ու Վիրջինիա Վուլֆի վեպերն արծարծում էին անգլիացի կնոջ հարցերը ու նրա առանձնահատկությունները, Շարլոթ Գիլմանն ու Քեյթ Շոպենը կառուցում էին սպիտակամորթ ամերիկուհու կերպարն ու նրա ամուսնական խնդիրները, Ալիս Ուոքերն ու Թոնի Մորիսոնը գրում էին ստրկատիրությամբ բռնաբարված սեւամորթ կնոջ անունից: Այդ ժամանակ էր` 1999 թվականին, երբ սկսեցի լուրջ մտածել Կուրղինյանի գործերի մասին: Երբ Երեւանում էի, գրադարանում գտա նրա 2 գրքերը… Ահա մի կին, որը 100 տարի առաջ գրում է այն ամենի մասին, ինչի մասին ես մտածել ու շարունակում եմ մտածել այսօր»:
«Ապրել եմ ուզում» ժողովածուն վերադարձնում է ոչ միայն Կուրղինյանին, այլեւ նրա` կանանց համար նվաճած տարածքը, որտեղ կնոջ կյանքը տղամարդուն հմայելու ու նրա սերունդը շարունակելու համար չէ.
Ապրել եմ ուզում, բայց ոչ մեղկ կյանքով,
Անհայտության մեջ, անշահ, բթամիտ,
Կամ արդ ու զարդին գերի ողջ մտքով`
Որպես թույլ էակ, քնքույշ ու վտիտ,
Այլ ձեզ հավասար, ձեզ պես բախտավոր,
Ով դուք, այր մարդիկ, ուժեղ ու համառ:
Գրքի առիթով Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Մարկ Նշանյանը գրում է. «Իր ողջությանը, իր մահէ ետքը եւ մինչեւ այսօր հանդիպած է ոչ թե անհասկացութեան, այլ ատկէ շատ ավելիին, իսկապէս ուզուած, գիտակից, կազմակերպուած ուրացումի մը: Նախ ցարական գրաքննութեան կողմէ իր ընկերվարական եւ յեղափոխական բնանյութերուն պատճառով: Ետքը սովետահայ մտավորականութեան կողմէ, որովհետեւ ըմբոստ մըն էր, ետքն ալ գրականագիտութեան կողմէ, որ անկարող էր զինքը հասկնալու: Որովհետեւ ըմբոստ կին մըն էր, այսինքն բոլորին աչքին ամենեն անընդունելի եւ անըմբռնելի մարդկային տեսակը»: Նշանյանն ասում է, որ մինչեւ այժմ երկու Կուրղինյան է պրոպագանդվել, սփյուռքում` քնարերգու, իսկ Սովետում` պրոլետարական բանաստեղծուհին: Իրական ըմբոստ ու ֆեմինիստ բանաստեղծուհուն գրականագիտությունը թաքցնում էր եւ նրան հարմարեցնում քաղաքական պատեհապաշտությանը. «Եվ ըմբոստությունեն անդին, նույնիսկ մարտահրավեր մըն է արական հասարակարգին դեմ»:
Կուրղինյանը (1876-1927 թթ.) ծնվել է Գյումրիում: 1903 թ. ցարական հետապնդումից փախչում է Ռոստով: Հետագայում վերադառնում է կրկին Գյումրի:
Կուրղինյանի հետ ըմբոստ կանացի ոգին վերացավ: Նրա մարտահրավերը լռեց «Ձեզ հետ իմ սեռի հաշիվը մաքրած/ կռվել եմ ուզում եւ բիրտ կյանքի դեմ»: Եվ հիմա նրա «կտակը» կրկին հանվել է անհայտությունից: Մինչեւ հիմա էլ աղջիկներին ամուսնացնելիս ծնողները հետը օժիտ են դնում` կահ-կարասի, սպիտակեղեն եւ այլն: Բոլոր պարագաները օջախի համար խորհրդանիշն են նորահարսի ապագայի, որ նա պիտի իրեն նվիրի ընտանիքին: Կուրղինյանն էլ է օժիտ պատրաստել «Նվեր աղջկաս» բանաստեղծության մեջ, որը հիմա կարծես մի նամակ է ուղղված ժամանակակից հայ կնոջը.
Քեզ կտամ օժիտ հոգուս խորքերից
Չար կյանքի խեղդած ազնիվ իդեաներ…
Խորհրդային Միությունը հավասարության, ազատության գաղափարներից միայն լոզունգը թողեց, որ շքերթների պլակատներից դուրս չէր կիրառվում, իսկ պլակատի հետեւում կինը ընտանիքի հոգսի տակ կքած մեկն էր, որ դրսում աշխատելուց հետո ճաշ էր եփում, աման ու շոր լվանում, տուն մաքրում:
Մարտի 8-ը, որ կնոջ ազատության պայքարի օր էր նախանշել Ռոզա Լյուքսեմբուրգը, վերածվեց կնոջը ուշադրության արժանացնելու մի տոնախմբության, որն ավելի էր ընդգծում կնոջ ու տղամարդու սոցիալական անջրպետը: Երկիրը քանդվեց, մարտի 8-ը մնաց էլի տոն: Հիմա էլ վերակենդանացավ մինչարդիական նահապետական մտածողությունը, որտեղ կինը, ինչպես մի դերասանուհի է եթերից ասում, տղամարդու լրացումն է:
Հիմա մտավորական կանանց հարցազրույցներում հնչում են այսպիսի մտքեր. «Տղամարդու լավին (գրականության իմաստով:-Վ.Ի.) կնոջ լավը չի հասնի», «Կնոջ դերը միայն ամուսնուն խորհուրդներ տալն է», «Հայ ժողովուրդն ունի իմաստուն խոսքեր` մարդի ծեծած, վարդի ծեծած»: Եվ չկա բանավեճ:
Կուրղինյանի գիրքը կարծես հայտնվել է, որ բանավիճի իշխող հայացքների եւ (այսօրվա Հայաստանում) գրանտներով գոյատեւող հմայիչ կին լիդերների հետ:
Ինձ մի սիրիր ծաղկի նման,
Կուզեմ ապրել արժանի`
Որպես հյուլեն` վշտի տիտան,
Որպես զավակ խուժանի:
Կտրվել է սերունդների միջեւ կապը, փլվել են հասարակության այն հիմքերը, որոնք դրել էր 20-րդ դարի սկզբի մտավորական ոգին: Հիմա կնոջը տրված դերը` երեխա մեծացնելու ու օջախի սրբությունը պահելու, չի էլ վիճարկվում, կնոջ կարիերան սկսվում է ամուսնանալով ու ավարտվում թոռներ մեծացնելով: Ու կրկին կապը վերականգնվում է, հայտնվում են տողեր, որոնք որպես հայելի դրվում են կնոջ դիմաց.
Եվ քո կյանքի միակ պայման`
Ուտել, քնել ու ծնել`
Որպես կնիք ստրկության,
Այն, որ աղջիկ ես ծնվել:
Ինչ-որ բան փոխվե՞լ է 100 տարվա ընթացքում: Հիմա էլ իշխում է քրեա-նահապետական «ախպերությունը», որի համար «կնոջ խոսքը ասնավանի չի»: Որոշ հարուստ, «առաջադեմ» խաղացող ընտանիքներում կնոջը թույլատրվում է աշխատել, բայց ոչ կարիերա անելու կամ ինքնադրսեւորվելու համար, այլ զբաղմունք ունենալու («Աշխատում եմ, որ տանը չնստեմ»): Այսինքն` աշխատանքը մի նոր զարդարանք է այն բարձրաշխարհիկ կանանց համար, որոնց Կուրղինյանը բնորոշում է.
Խղճում եմ ես ձեզ` շվայտ գերիներ,
Միտքը թավիշե ծալքերում կորցրած.
Որ ուղեղ ունեք, բայց չկան մտքեր,
Որ սրտեր ունեք կեղծիքով ներկված…
Տարվա մեջ տասնյակ սեմինարներ են լինում կանանց ազատության, գենդերային թեմաներով: Զեկուցողները ներկայացնում են կանանց շարժումների միջազգային փորձը: Ո՞ւր է հայկական փորձը, կարծես չի էլ եղել, կարծես միջնադարից Հայաստանը միանգամից հայտնվել է 21-րդ դարում:
Թարգմանիչ Ավագյանի որոնումներն այլ բան են ասում. «Եթե ուզում ես ճիշտն իմանալ, Կուրղինյանի նման գրողի չեմ հանդիպել ոչ մի մշակույթի, գրականության շրջանակներում: Եվրոպական ու ամերիկյան կին գրողները հիմնականում գրում էին, բուրժուական հարցերի մասին: Իսկ Կուրղինյանը գրում էր աղքատ կանանց, աշխատավորների մասին»: