«Սերպանտինի» շարժիչ ուժն ու ղեկավարը՝ երաժիշտ Ակսել Բակունցը, հայտնի գրողի զարմիկը, միշտ երաժշտության ոլորտում է եղել, նոր խմբեր ու երգիչներ է աշխարհ բերել: Արել է իր գործը մեծ պրոֆեսիոնալիզմով ու սիրով: Սկզբում եղել է «Կռունկ» էստրադային անսամբլը, հետո «Արմինան», որոնց մասին այժմ քչերն են հիշում: Ակսել Բակունցը նույնիսկ իրեն վիրավորված է զգում, երբ ասում են, որ ԽՍՍՀ-ի առաջին էստրադային նվագախումբը ռուսական` «Միրաժներ» խումբն է եղել, որը 1969 թվականին է ստեղծվել. «Երբ մենք Հայաստանում 1966 թվականին արդեն «Կռունկն» ունեինք, «Միրաժները» դեռ դպրոցականներ էին ու մեզ մոտ պրակտիկայի էին գալիս: Ստաս Նամինը, Վյաչեսլավ Դոբրինինը, Ալեքսանդր Գրադսկին մեր խմբի փորձերին էին մասնակցում, որպեսզի սովորեն»: Ստեղծագործական երկար կյանք ապրած Ակսել Բակունցը շատ համակրելի եւ համեստ անձնավորություն է: Պարզապես մեր օրերի խառնաշփոթից մի քիչ հոգնել է: Նրա ղեկավարած ջազ քոլեջն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, անհապաղ լուծմանն են սպասում քոլեջի տարածքային եւ սպասարկման հարցերը: Թեեւ դասերը շարունակվում են, եւ հարյուրից ավելի երիտասարդներ ամեն օր նախկին Երիտասարդական պալատի տարածք են բարձրանում` Ռոբերտ Ամիրխանյանի, Ռուբեն Մաթեւոսյանի եւ այլ վարպետների դասերը լսելու համար, քոլեջի հեռանկարներն այնքան էլ լուսավոր չեն: Քոլեջը կանոնավոր գործող բեմ չունի, եւ շրջանավարտներից շատերը ցուցադրվելու տեղ չունեն: Այս փաստը ցավ է պատճառում Ակսել Բակունցին, քանի որ քոլեջում արժանիները քիչ չեն: Նրանք միշտ եղել են եւ լինելու են:
– Կարծես առանց հեռուստաէկրանին երեւալու ոչ ոք հայտնի դառնալ չի կարող:
– Այն, ինչ հաճախ հեռուստատեսությամբ են ցույց տալիս, շատ ներողություն, ինքնագործունեություն է: Եթե երիտասարդին ասում եք, որ նա սուպերսթար է, դուք նրան խաբում եք: Մի երգ երգած մարդը երգիչ չի դառնում: Այդ երիտասարդ երգիչները երկար կյանք չեն ունենում, քանի որ պրոֆեսիոնալ պատրաստվածություն չունեն: Էստրադան ու ջազը մեծ աշխատանք են պահանջում: Միայն թվում է, որ դրանք թեթեւ ժանրեր են: Երբ մարդը երգում է, շատ բան ես հասկանում նրա մասին, սկսած նրանից, թե ինչ անձնավորություն է նա, ինչ գիրք է կարդացել, վերջացրած նրանով՝ ատամները լվացե՞լ է, թե՞ ոչ: Ամեն ինչ երեւում է: Եվ միայն այն ժամանակ է նա դուր գալիս հանդիսատեսին, երբ երգչի անձնավորությունը մոտ է իդեալականին: Դա եք առաջինը նկատում, հետո նոր միայն նրա կատարողական վարպետությունը: Իսկ եթե ձեր առաջ անլվա մարդ է կանգնած, ու կատարողականն էլ կաղում է, նա ձեր ուշադրությունը երբեք չի գրավի: Այդ երկուսն իրար հետ կապված են: Մարդն իր գյուղի տան մեջ չի կարող մի այնպիսի ինքնաթիռ սարքել, որն աշխարհում ոչ ոք դեռ չի հնարել: Դա հնարավոր չէ, դրա համար ժամանակ, գիտելիք ու գումարներ են պետք:
– Այսինքն, երգելիս երեւո՞ւմ է, թե ինչ խմորից է սարքված տվյալ երգիչը:
– Իհարկե, եթե ուշադիր լսեք որեւէ կատարողի, կկարողանաք ամեն ինչ հասկանալ նրա բնավորության, «խասյաթի» մասին: Շատերը սովորաբար երկու ծափ լսելուց հետո համարում են, որ աստղ են դարձել: Դա արդեն մարդու տկարությունից է գալիս: Մենք մեր քոլեջում շատ արագ այդպիսի ուսանողներից ազատվում ենք:
– Ձեր կյանքում շատ համերգներ ու ծափեր են եղել: Ամեն ինչ «Սերպանտին» խմբի՞ց է սկսվել:
– «Սերպանտինն» իր պատմությունն ունի: Ավտոճանապարհների նախարարություն կար, որի նախարարը մի փայլուն, ինտելիգենտ մարդ էր՝ Հրանտ Հայրապետյանը: Նա հասկացավ, որ Սեւանի ավտոճանապարհը կառուցող բանվորները երաժշտություն լսել են ուզում, նրանք չեն կարող իրենց աշխատանքը թողնել ու Երեւան համերգ լսելու գալ: Եվ նա պայմաններ ստեղծեց «Սերպանտինի» հայտնվելու համար: Աշխատանքային ամեն մի փուլ մեր համերգով էր ավարտվում:
– Անվանումը ոլորապտույտ ճանապարհի` սերպանտինի խորհրդանի՞շն էր:
– Սկզբում, այո, միտքը դրանում էր: Բայց հետո մեր սահմանները լայնացան, սկսեցինք տարբեր մրցույթների մասնակցել, հյուրախաղերի գնալ: Երբեք ոչ մի լուրջ կազմակերպչական խնդրի առաջ չենք կանգնել, որոշում էինք համերգ անել եւ անում էինք: Երկու ժամ հետո պարզվում էր, որ բոլոր տոմսերը վաճառվել են:
– «Սերպանտինը» Հայաստանի տարբեր շրջաններում շատ է շրջագայել: Հիմա մարզերում համերգներ կարելի՞ է կազմակերպել:
– Հիմա համերգային գործունեություն գրեթե չկա: Ամեն ինչ շատ թանկ է: Պետք է տրանսպորտի, հյուրանոցի, սննդի, դերասանների հոնորարի մասին մտածել: Եվ եթե այդ բոլոր ծախսերը փորձես հաշվի առնել, ամենաէժան տոմսը 3000 դրամ պիտի արժենա: Իսկ դա շատ թանկ է: Հետո էլ, մարդիկ սովորել են համերգները ձրի նայել: Երբ մեր շրջանավարտներից կազմված խմբով մարզերում ելույթ էինք ունենում, տեսնում էինք, որ դահլիճը լիքն է, բայց պարզվում էր, որ ընդամենը 18 տոմս է վաճառվել: Շատ շրջաններում դահլիճները սարսափելի վիճակում են, ապակիները, աթոռները ջարդված են, մեջը հավեր են զբոսնում… Երբ մեր խմբով շրջագայությունների էինք գնում, շատ մարզպետներ ասում էին` օ, ինչ լավ է, մենք ամեն ինչ կանենք: Բայց իրականում, ոչինչ էլ չէին անում, դա նրանց պետք չէր, նրանք միայն իրենց փողի մասին են մտածում: Լավ է, որ գոնե մենք մեր մեքենան ունեինք, որով ճամփորդում էինք, թե չէ, ուղղակի ճանապարհին կմնայինք: Մի քանի նման անհաջող փորձերից հետո մեր խումբը, որը կրկին «Սերպանտին» էր կոչվում, ցրվեց: Այն ամեն վայրկյան կարող է նորից հավաքվել եւ փորձեր անել, բայց ինչի՞ համար: Միայն սպասելո՞ւ, որ մի օր կարող է պետք գալ: Հիմա անհատ կատարողներին ավելի հեշտ է, եթե հրավիրում են, նա իր ձայնագրությունը վերցնում ու երգելու է գնում: Իսկ մեծ, կենդանի կատարող կոլեկտիվ ինչպե՞ս պահել:
– Կարծում եմ, հիմա կենդանի կատարում լսելու մեծ ցանկություն կա, ֆոնոգրամայով արդեն հագեցրել են: Գուցե ֆոնոգրաման արգելող օրե՞նք է պետք:
– Կենդանի կատարումը կենդանի շփում է, որը հիմա կարծես մոռացվել է: Ֆոնոգրաման շատ երկրներում է արգելված: Արաբական երկրներից շատերում եթե երգիչն ուզում է աշխատանքի ընդունվել, նա իր երգերի ցանկն է ցուցադրում: Եթե հազարից պակաս երգեր ունի, նրա հետ նույնիսկ չեն էլ խոսում: Բայց կարեւորը միայն քանակը չէ, նա պիտի կարողանա դրանցից շատերը կենդանի երգել: Իսկ մեզ մոտ բանը նրան է հասել, որ շատ երգիչներ նույնիսկ մրցույթների ժամանակ են ֆոնոգրամայի տակ երգում, ինչը բացարձակ անհասկանալի է: Սակայն մենք այսօր ավելի մեծ խնդիր ունենք ոչ թե երգողների, այլ երաժիշտների հետ: Կենդանի նվագող երաժիշտներ գրեթե չկան:
– «Երգում է 70-ականների Երեւանը» ծրագիրը մեծ հաջողություն ունեցավ: «Հին» երաժիշտներն ու երգիչները զգալի առավելություն ունեին:
– Հետաքրքիրն այն է, որ հիմա մենք ավելի շատ լավ երգիչներ ունենք, քան նույն այդ 70-ականներին: Այն ժամանակ մի քանի հայ երգիչներ կային, եւ Ֆիլհարմոնիան կամ Հայհամերգը Ռուսաստանից էին երգիչներ բերում ու պակասը լրացնում: Նույնիսկ ծիծաղելի դեպքեր են եղել, օրինակ, մի ռուս դահուկորդուհի էր Հայաստան մրցումների եկել, եւ նրան մեր երկրում որպես երգչուհի թողեցին: Այդպիսի պատմություններից հետո սեփական կադրերի պատրաստման հարց առաջացավ: Եվ Հայհամերգին կից ստուդիա բացվեց: Հիմա երգիչները շատ են եւ կարող են ավելի շատ լինել: Դրանում ոչ մի վատ բան չեմ տեսնում: Շատի մեջ է լավը երեւում: Պարզապես բեմ պետք է երգիչները դուրս գան, այլ ոչ թե պատահական մարդիկ:
– Երգիչները պետք է իրե՞նք մտածեն բեմի, ձայնագրությունների մասին:
– Գումար եւ պրոդյուսերական կենտրոններ են պետք: Դա պրոդյուսերի գործ է: Էստրադայի եւ ջազի մեջ կարելի է մեծ գումար ներդնել եւ ավելի մեծ գումար շահել: Լավ կլինի, որ մեր հարուստները դա հասկանան:
– Կարծում եմ, դուք կարող եք լավ պրոդյուսեր լինել:
– Առանց գումարի պրոդյուսերը ոչ մեկին պետք չէ:
– Խորհրդային տարիներին նվագախմբերի միջեւ կա՞ր մրցակցություն:
– Եվ բավականին սուր: Կոնստանտին Օրբելյանն, օրինակ, անընդհատ մեզանից մեր երգիչներին էր տանում: Նա սովոր էր կողքին երեւացող ամեն մի լավ բան իր մոտ տանել: Սիմոն Տերյանը, Էլվինա Մակարյանը «Կռունկից», իսկ Նադեժդա Սարգսյանը, Գայանե Հովհաննիսյանը, Լարիսա Դոլինան «Սերպանտինից» գնացին Օրբելյանի մոտ: Շատերը գնում էին նրա մոտ, քանի որ Օրբելյանի հետ կարելի էր հյուրախաղերի մեկնել: Իսկ մեզ մոտ նոր երգիչներ էին հայտնվում, մեզ հաջողվում էր պակասը լրացնել: Մրցակցությունը միայն ինձ հետ չէր կապված: Երբ Ժան Թաթլյանն իր սեփական խումբն էր որոշել ստեղծել, կողքի մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի նա հոգնի, թքի ու հեռանա Հայաստանից: Եվ Ժանն իր խումբը Լենինգրադում ստեղծեց, շատ հաջող ելույթներ էր ունենում, բայց արդեն` որպես լենինգրադյան խումբ:
– Երեւի շատերի համար դժվար է ավելի տաղանդավոր մրցակիցների գոյության հետ հաշտվելը:
– Բայց մրցակցության ավելի քաղաքակիրթ ձեւեր կան: Գալիս է ժամանակ, երբ մտածում ես` լավ, ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Էներգիա ես ծախսում այնպիսի բաների վրա, որոնց վրա ծախսել բոլորովին չես ուզում: Մենք հիմա նեղ գլոբալիզացիա ենք ապրում: Օրինակ, եթե ասում ենք` երգչախմբային արվեստ, միայն Չեքիջյանին ենք պատկերացնում: Այդպես չպիտի լինի, ամեն մարդ իր տեղն ունի:
– Հայաստանից դուրս աշխատելու հնարավորություններ ունեցե՞լ եք:
– Իհարկե, եւ՛ հնարավորություն, եւ՛ առաջարկներ եմ ունեցել: Չեմ ափսոսում, որ Հայաստանում եմ մնացել: Մեր երաժշտական ժանրի հետ կապված բոլոր հարցերում պատրաստ եմ օգնել, պարզապես անիմաստ պայքարից եմ հոգնել: Պետք է գնամ ու բացատրեմ, որ քոլեջի ջուրը չի կարելի կտրել, քանի որ ուսանողներ կան… Ես ուսանողների առաջ ինձ մեղավոր եմ զգում: Ամեն տարի մենք 300 հազար դրամ միայն լիցենզիայի գումար ենք վճարում: Ինչո՞ւ, չգիտեմ: Մենք էլ ենք այդքան գումար վճարում, Պետական համալսարանն էլ: Համալսարանի համար դա գուցեեւ մեծ գումար չէ, իսկ մեզ համար մեծ է:
– Հետեւո՞ւմ եք ձեր շրջանավարտների հետագա ճակատագրին:
– Մենք մեր յուրաքանչյուր շրջանավարտի համար պատասխան ենք տալիս: Նրանք բոլորն էլ կարող են աշխատել այդ ասպարեզում:
– Կարծում եք՝ այդքան շատ երգիչների կարիք ունե՞նք:
– Կարծում եմ՝ այո: Շատերը, ովքեր ուզում են աշխատել, հենց առաջին կուրսից կարող են աշխատել: Երգում են ռեստորաններում, գիշերային ակումբներում եւ իրենց աշխատանքով ընտանիք են պահում: Եվ բավականին մեծ ընտանիքներ: Իհարկե, ես համոզված եմ, որ շատերին մենք կարող ենք ավելի մեծ հնարավորություններ տալ, բայց չենք տալիս բազմաթիվ սուտ, հնարովի խնդիրների պատճառով: Քոլեջ ընդունվելու համար երաժշտական կրթություն ունենալը պարտադիր չէ, շատերն ուղղակի փողոցից են գալիս: Նրանք կրթությունն այստեղ են ստանում: Հիանալի, գործող մասնագետներ են մեզ մոտ դասավանդում: