Անաստաս Միկոյանը ծնվել է 1895թ. Սանահինում: Ինը տարեկանում ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան հոգեւոր ճեմարանը: Ինչո՞ւ հոգեւոր ճեմարան: Պարզապես ցարական իշխանությունների օրոք Կովկասում բոլոր գիմնազիաներում ուսուցումը տարվում էր ռուսերեն լեզվով, բացի այդ, ճեմարանը տալիս էր բուհական կրթություն:
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Միկոյանը թողեց ճեմարանը եւ կամավորագրվեց ռուսական բանակին, որը մարտնչում էր Արեւելյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու համար: Սակայն շուտով հիվանդացավ մալարիայի ծանր տեսակով, եւ նրան ուղարկեցին թիկունք բուժվելու, սկզբում Երեւանի, այնուհետեւ` Թիֆլիսի հոսպիտալներում: Միկոյանն իր ուսուցիչ Դանուշ Շահվերդյանի խորհրդով` դարձավ բոլշեւիկյան կուսակցության անդամ, իսկ երբ որոշ ժամանակ անց Ստեփան Շահումյանը հայերի մեջ ագիտացիա անելու համար խնդրեց Բաքու ուղարկել խելացի պատանու, Դանուշն ուղարկեց Անաստասին: Բաքվում Անաստասը մասնակցեց քաղաքացիական պատերազմին, որի ժամանակ վիրավորվեց: Այնուհետեւ մեկնեց ճակատ կռվելու, սակայն, երբ թուրքական զորքերը մոտեցան քաղաքին, կառավարությունը որոշեց քաղաքի պաշտպանման գործը վստահել անգլիացիներին, իսկ Բաքվի Կոմունայի ղեկավարներին ուղարկեցին բանտ: Երբ թուրքական զորքերը մտան Բաքվի արվարձանները, Անաստասը հասկացավ, որ օկուպանտները կխոշտանգեն բանտում գտնվող իր ընկերներին: Նա, միանալով Ստեփան Շահումյանի կազմավորած զինված հայերի բոլշեւիկյան դրուժինային, ազատեց Շահումյանին եւ նրա դաշնակիցներին, որոնք էլ նստեցին Կրասնովոդսկ մեկնող «Թուրքմեն» նավը: Ցավոք, այստեղ նրա ավագ ընկերները զոհվեցին էսեռների ձեռքով, իսկ Միկոյանին Ստեփան Շահումյանի երկու որդիների (Սուրենի եւ 14-ամյա Լյովայի) եւ մի խումբ այլ ոչ այնքան հայտնի բոլշեւիկ ագիտատորների հետ ուղարկեցին Աշգաբադի բանտը: Մեկ տարվա ազատազրկումից հետո Բաքուն պահանջեց նրանց ազատ արձակել: Միկոյանը ժամանեց Բաքու եւ զբաղեցրեց քաղկոմի կուսակցության քարտուղարի պաշտոնը: Այդ ժամանակ Բաքվում հիմնականում բնակվում էին ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, ասորիներ, պարսիկներ, հրեաներ եւ այլ էթնիկ խմբեր:
1920թ. Անաստաս Միկոյանին տեղափոխում են Նիժնի Նովգորոդ: Այստեղ նա ընտրվում է նահանգային քարտուղար: Նիժնի Նովգորոդի առաջին դեմքը լինելու ժամանակահատվածում Միկոյանը տառապում էր թերսնումից եւ ի վերջո հիվանդացավ թոքախտով:
1922-26թթ. Միկոյանը գլխավորում էր Ռուսաստանի հարավ-արեւելյան շրջանը` Դոնի Ռոստովից մինչեւ Վլադիկովկաս, Սոչիից` Մախաչկալա: Անհրաժեշտ էր ոտքի կանգնեցնել պատերազմից սնանկացած Ռուսաստանը: Միկոյանի մոտ դա այնքան հաջող էր ստացվում, որ առեւտրի ազգային կոմիսար Լ.Ռ. Կոդոմցեւը 1926թ. հրաժարական տվեց եւ իր փոխարեն առաջարկեց Միկոյանի թեկնածությունը: Ստալինը համաձայնում է, քանի որ արդեն բավականաչափ ճանաչում էր Հյուսիս-Կովկասյան քարտուղարին: Միկոյանը համառորեն հրաժարվում էր այդ պաշտոնից, քանի որ վստահ չէր` կկարողանա՞, արդյոք, իրեն վստահված գործը հաջողությամբ գլուխ բերել, թե՞ ոչ, սակայն ստիպված եղավ ենթարկվել Ստալինի հրամանին: Հրաժարվելով, Միկոյանը վախենում էր, որ չի կարողանա գլուխ հանել նման մասշտաբի պաշտոնից:
1928թ. պարզ դարձավ, որ երկիրը ինդուստրալիզացնելու Ստալինի պլանը կբերի արվեստի գործերի վաճառքին, տարադրամ ձեռք բերելու համար: 1928թ. աշնանը քաղբյուրոյի անդամների կողմից որոշում ընդունվեց` սկսել գործընկերների որոնումները: Գործարքների կազմակերպումը հանձնարարվեց Անաստաս Միկոյանին: Նույն տարվա նոյեմբեր ամսին նա աճուրդներ կազմակերպեց Լեյպցիգում եւ Բեռլինում: Լեպկեի պատկերասրահում վաճառքի հանվեցին 109 կտավներ, հիմնականում` հոլանդական եւ ֆլամանդական նկարիչների գործեր, կահույքի մոտ 100 նմուշներ եւ 129 անուն չինական ճենապակե գործեր, գոբելեններ, քանդակներ եւ այլն: Այդ շրջանում վաճառվեց նաեւ Նիկոլայ II-ի գրադարանը եւ Ցարսկոսելսկյան արխիվը: Միկոյանը գործարքներ կնքեց նաեւ անհատների հետ, որոնց թվում էին Գալուստ Գյուլբենկյանը եւ Համմերը:
30-ականների սկզբին Միկոյանը դառնում է սննդի արդյունաբերության ժողկոմիսար` հետագայում ստեղծելու այն, ինչը պարզապես գոյություն չուներ Սովետական Միությունում: Միկոյանը սկսեց ամերիկյան տիպի պահածոների գործարանների ստեղծման աշխատանքները: Նա անձամբ երկու ամիս շրջեց ԱՄՆ-ի գործարաններով, այցելեց Ֆրանսիայի Շամպայն գավառն` ուսումնասիրելու տեղի շամպայն գինիների արտադրման փորձը: Ստալինը կատակում էր. «Անաստասի համար պանրի նոր տեսակները Մարքսիզմ-Լենինիզմի թեորիայից կարեւոր են»: Այդ ժամանակ Միկոյանը դարձավ ԽՍՀՄ ազգային կոմիսարների խորհրդի նախագահը, չհեռանալով նախկին պաշտոնից:
1938թ. աշնանը Ստալինը Միկոյանին առաջարկեց դառնալ արտաքին առեւտրի ժողկոմ: Միկոյանը համաձայնեց` այն պայմանով, որ իրեն ազատեն սննդի արդյունաբերության ներքին առեւտրի եւ մթերման ժողկոմիտեների ղեկավարությունից, ինչպես նաեւ` դադարեցնեն արտաքին առեւտրի աշխատողների կալանքները: Ստալինը հրաժարվեց կատարել նրա առաջին խնդրանքը. «Դու այնքան լավ գիտես քո գործը, այնքան էներգիա ունես, որ երկու աշխատանքն էլ հանգիստ կարող ես համատեղել, այնպես որ, քո խնդրանքը չի բավարարվի: Ինչ վերաբերում է երկրորդ խնդրանքին, քեզ համար հաճելի աշխատանքային մթնոլորտ ստեղծելու համար կկարգադրենք դադարեցնել աշխատակիցների կալանքները»: Պետք է ասել, որ այս խոստումը Ստալինը «կատարեց» շուրջ 10 տարի:
Անգնահատելի է Միկոյանի կազմակերպչական տաղանդը պատերազմի շրջանում, երբ նա գլխավորում էր Կարմիր բանակի պարենահանդերձանքային մատակարարման կոմիտեն: Միկոյանի վաստակն այնքան մեծ էր, որ 1943թ. նրան շնորհվեց Սոցիալիստական աշխատանքի հերոսի կոչում:
«Ես առավել բանիմաց եւ ընդունակ մարդկանց ուղարկում էի արտասահման, որպեսզի նրանք ուսումնասիրեին Եվրոպայի եւ Ամերիկայի լավագույն եւ առաջավորը ընկերությունների փորձը: Բացի այդ, հրավիրում էի օտարերկրյա մասնագետների: Այսպես, օրինակ, Մոսկվայի մսի կոմբինատը կառուցվեց այն բանից հետո, երբ խորհրդային մասնագետների խումբը եղավ ԱՄՆ-ում, իսկ այնտեղից ժամանեց պրոյեկտավորողների խումբը, որոնք էլ մշակեցին Մոսկովյան մսի կոմբինատի նախագիծը…»։
Միկոյանն այն սակավաթիվ քաղաքական գործիչներից էր, որին շրջանցեց ստալինյան ռեպրեսիայի դաժան մեքենան: Շատերն այս հանգամանքը բացատրում էին Միկոյանի կոնֆորմիզմով, նրա հարմարվելու ունակությամբ: Միկոյանի բարոյական ազնվության մասին վեճերը շարունակվում են մինչեւ օրս: Ինքը` Միկոյանը, այդ շրջանի մասին խոսում էր բավական ինքնաքննադատաբար. «Բոլորս էլ այդ ժամանակ սրիկաներ էինք»: Սակայն պետք չէ մոռանալ, որ նա անձամբ չէր մասնակցում այդ ռեժիմի հանցագործություններին, ավելին, նա դեմ էր ճնշմանը եւ փորձում էր հնարավորության սահմաններում օգնել ազնիվ մարդկանց, թեեւ հաճախ ստիպված էր լինում լռել, երբեմն էլ բարձրաձայն աջակցել ռեժիմին: Ստալինը սպառնում էր Միկոյանին. «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարման եւ միայն քո կենդանի մնալու պատմությունը շատ մութ ու խճճված է: Եվ դու, Անաստաս, մի ստիպիր մեզ պարզել այդ պատմությունը»:
Մերձավորներին վնասելու վախը բոլոր ժամանակների ճնշման ամենագործող մեթոդներից մեկն է եղել: Այս մեթոդը կիրառվեց նաեւ Անաստաս Միկոյանի վրա: Միկոյանի երկու որդիներին` 15-ամյա Վանոյին եւ 13-ամյա Սերգոյին «հակախորհրդային գործունեություն» ծավալելու համար բանտարկեցին: Նրանց շուրջ 6 ամսվա բանտարկությունը եւ ադմինիստրատիվ աքսորը հիշեցում էր Անաստասին, որն իրեն թույլ է տվել կասկածել, թե ով է գլխավորը:
Սակայն իր ողջ դաժանության հետ մեկտեղ, Ստալինը շատ բարձր էր գնահատում գործին նվիրված եւ բարդ խնդիրներն արդյունավետ կերպով լուծող մարդկանց: Հենց սրանով էլ բացատրվում է Միկոյանի «երկարակեցությունը»: Սակայն նույնիսկ «Կրեմլյան երկարակյացը» 1952թ. մոտ եղավ ճակատագրական գծին: ՍՄԿԿ-ի XIX նիստի ժամանակ Ստալինը խիստ քննադատության ենթարկեց Միկոյանին եւ Մոլոտովին: Բոլորն էլ գիտեին, թե ինչ է դա նշանակում, եւ հասկանում էին, որ նրանց ճակատագիրը վճռված է: Միկոյանն օր ու գիշեր չէր բաժանվում իր ատրճանակից` սպասելով կալանքի: 1953թ. մարտին Ստալինի մահն, ըստ էության, վերացրեց դատավճիռը: Անաստասի բախտը բերեց:
Ընդհանրապես, Միկոյանի խոսքերով` հաջողությունն իրեն ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում: 1959թ Միկոյանը հրաշքով փրկվեց: Նյու Յորքից Կոպենհագեն թռչող ինքնաթիռի 2 շարժիչները մեկը մյուսի հետեւից բռնկվեցին: Ուղեկցորդուհին Միկոյանից թույլտվություն խնդրեց վերջինիս խցիկ տեղափոխել երեխաներին` իրենց ծնողների հետ: Այնուհետեւ սկսեց հանգամանորեն բացատրել փրկարարական միջոցների օգտագործման եղանակները, այդ թվում` ինչ-որ հրաշագործ փոշու հատկությունները, որն ինչ-որ հրաշքով կարող էր վախեցնել շնաձկներին: Միկոյանը սիրալիր կերպով վստահեցրեց ուղեկցորդուհուն, որ ոչ մի շնաձուկ էլ իր վրա չի հարձակվի, երբ իր կողքին այդպիսի գեղեցկուհի է գտնվում: Նրա կատակը թեթեւացրեց լարված մթնոլորտը, իսկ օդաչուներին հաջողվեց ժամանակին օդանավը իջեցնել մոտակա ռազմածովային բազա:
Իհարկե, Միկոյանի գլխավոր խաղաքարտը ոչ միայն հաջողությունն էր, այլեւ անձնային հատկանիշները, կրիտիկական իրավիճակներում փոխզիջումային որոշումներ գտնելու ունակությունը: Նրա բոլոր քայլերն ու որոշումները բխում էին երկրի շահերից, իսկ անձնականը մղվում էր երկրորդ պլան: Կարիբյան ճգնաժամի օրերին վախճանվեց Անաստաս Միկոյանի կինը` տիկին Աշխենը: Չնայած հոգեկան մեծ ստրեսին, Միկոյանն, այնուամենայնիվ, չընդհատեց իր առաքելությունը եւ չմասնակցեց կնոջ հուղարկավորությանը, քանի որ շատ լավ էր գիտակցում ուսերին դրված ահռելի պարտականությունը: Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Էլմանն ասում էր. «Միկոյանի երկարակեցությունը բացատրվում է ոչ միայն նրա զարմանալի խորամանկությամբ, այլ դիվանագետի ֆենոմենալ տաղանդով, Միկոյանն իրոք անփոխարինելի էր»: Այդպիսի մարդկանց ժամանակակից տերմինով անվանում են կրիզիս-մենեջեր, իսկ Միկոյանը հանճարեղ կրիզիս-մենեջեր էր: Նա կարողանում էր փոխզիջման գալ, զիջելով մանրուքներում, բայց հաղթող դուրս գալով գլխավորում: Երբ Գրոզնիում ռուս, չեչեն եւ ինգուշ բնակչության միջեւ անկարգություններ սկսվեցին, Միկոյանը կոնֆլիկտը կարգավորելու համար մեկնեց Չեչեն-Ինգուշական Հանրապետություն: Գործը վերջացավ առանց արյունահեղության: Միկոյանի աչքի առաջ անցավ Խորհրդային Միության ողջ պատմությունը, նա երկրի բոլոր կարեւոր իրադարձությունների ականատեսն ու մասնակիցն էր:
Երբ լրացավ Միկոյանի 70 տարին, նա անցավ թոշակի: Մահացավ 1978թ. հոկտեմբերին, 83 տարեկան հասակում: