Երեւան բերվեցին առաջին դիակները

08/05/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Մեկում ավիավթարի զոհ դարձած քաղաքացիների հարազատներն էին` թվով 120 մարդ, որ ավիավթարի օրը մեկնել էին Սոչի` գտնված աճյունների մեջ իրենց զոհված հարազատների դիակները ճանաչելու եւ դրանք Երեւան տեղափոխելու համար: Րոպեներ անց «Զվարթնոց» օդակայանում վայրէջք կատարեց երկրորդ` ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ԻԼ-87 օդանավը, որն արդեն Հայաստան տեղափոխեց ավիավթարի արդյունքում զոհված եւ ինքնությունը պարզված քաղաքացիների դիակները: Զոհերից թվով 26-ի աճյուններն օդանավակայանից ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ անմիջապես տեղափոխվեցին Հանրապետական դատաբժշկական դիահերձարան: Զոհվածներից 11-ի աճյունները, որ ՀՀ տարբեր մարզերի բնակիչներ էին, անմիջապես հանձնել են հարազատներին: Երեկ դիահերձարանից տուն են տարել 6-ի աճյունը: Թերեւս բառերով հնարավոր չէ նկարագրել այն մթնոլորտը, որ երեկ տիրում էր «Զվարթնոց» օդանավակայանում, իսկ այնուհետեւ` Հանրապետական դատաբժշկական դիահերձարանի մոտ: Չնայած իրենց անդառնալի կորստին, մարդկանց մի մասը սփոփվում էին գոնե այն հանգամանքով, որ իրենց հարազատի դիակը հայտնաբերվել էր, ու իրենք կարողանում են այն հողին հանձնել հայրենի հողում:

Փրկարարներին հաջողվել է հայտնաբերել եւ Հայաստան ուղարկել 1998թ. ծնված Լուսինե Բադալյանի աճյունը: Սակայն ինքնաթիռում Լուսինեն միայնակ չէր: Նրա հետ մեկտեղ զոհվել են նաեւ 8-ամյա աղջնակի ծնողները, ում դիակները, սակայն, դեռ չէին գտել, կամ, եթե արդեն գտել են, ապա հարազատների կողմից դեռ չեն ճանաչվել: Եվ, ամենայն հավանականությամբ, 8-ամյա աղջնակի դիակը կպահեն դիահերձարանի սառնախցիկում մինչեւ գտնեն նաեւ նրա ծնողներին: Ընդհանրապես, անելանելի վիճակում են հայտնվել այն ընտանիքները, որոնց զոհված հարազատների մի մասի դիակները հայտնաբերվել են, իսկ մյուսներինը` ոչ: Այդպիսի վիճակում էր նաեւ սիսիանցի Հենրիկ Աբրահամյանը: Վերջինս իր հարազատների հետ եկել էր Հանրապետական դատաբժշկական դիահերձարան՝ Սիսիան տեղափոխելու ազգականներից մեկի` Հայրապետ Անտոնյանի դիակը: Հ. Անտոնյանը Սոչի էր մեկնել արտագնա աշխատանքի: «Մենակ չէր, իր բարեկամներից մեկի՝ Հմայակ Համբարձումյանի հետ էր: Հմայակի դիակը դեռ չեն հայտնաբերել»,- ասում է Հ. Աբրահամյանն ու սրբում արցունքները:

Դիահերձարանի մոտ բորտ-ուղեկցորդուհի Անաիդա Աբելյանի մասին էր հետաքրքրվում զոհվածի մտերիմ ընկերուհիներից մեկը: «Երկու հոյակապ տղա ուներ, ինքը հոյակապ մայր էր, հրաշալի կին: 28 տարի է` թռչում էր, ստյուարդեսա էր»,- ասում էր Ա. Աբելյանի ընկերուհին ու սրբում արցունքները: Դիահերձարանի մոտ հանդիպեցինք Անահիտ Ավետիսյանին, ով եկել էր փնտրելու իր՝ Արարատի մարզի Ավշար գյուղում բնակվող մորաքրոջ աղջկա՝ Անահիտ Խաչատրյանի դին: Նա հեռուստատեսությամբ իմացել էր, որ իր մորաքրոջ աղջկա աճյունը եւս տեղափոխվել է Հայաստան: Սակայն դիահերձարանում նա չկարողացավ գտնել իր հարազատի դին: Ա. Խաչատրյանը Սոչի մեկնել էր ամուսնու եւ իրենց երկու որդիների մոտ` մշտական բնակության: Մինչեւ հիմա հայտնաբերված չէ Ա.Խաչատրյանի ամուսնու` Ալբերտ Բաղդասարյանի դիակը: «Սպասում ենք հետագա ինֆորմացիայի: Մինչեւ հիմա ամուսնուն չեն հայտնաբերել: Գոնե գտնեին: Իսկ մորաքրոջս աղջկան, ասում են, շատ դժվարությամբ են ճանաչել: Դիակն այնպիսի վիճակում է եղել, որ անգամ տղաները չեն կարողացել իրենց մորը ճանաչել»,- ասում է Ա. Ավետիսյանը: Ընդհանրապես, ավիավթարի զոհերի հարազատների պատմելով, ոչ բոլորի դիակներն են եղել նորմալ վիճակում: Նրանցից ոմանք եղել են քայքայված, եւ հիմնականում ճանաչել են հագուստներով, ոմանց` մատանիներով կամ այլ նշաններով: Հայտնաբերված 53 դիակներից երեկվա դրությամբ ճանաչվել էր 41-ի ինքնությունը: Նրանցից 31-ը ՀՀ, իսկ 10-ը` ՌԴ քաղաքացիներ են: Մարդիկ արդեն կարծես կորցրել են իրենց զոհված հարազատին գտնելու հույսը: Լավագույն դեպքում, ծովում հայտնաբերվում են մարդկային մարմնի տարբեր մասեր:

Մասնագետների պնդմամբ, ծովի աղաջուրը քայքայում է մարդկանց մարմինները, եւ, եւս մի քանի օր, ու գրեթե անհնար կլինի ամբողջական դիակ հայտնաբերելը: Իսկ մինչ այդ, Սոչիում գենետիկ անալիզ է անցկացվում` զոհվածների ինքնությունը հաստատելու համար: ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի խոսքերով, զոհվածների հարազատներից` շուրջ 21 մարդուց, վերցվել են ԴՆԹ-ի անալիզներ: Այդ հետազոտությունները կտեւեն 3 օր: «Երկու օր է` նոր դիակներ չեն հայտնաբերվում: Մարդիկ անորոշության, սգի մեջ են, անչափ ընկճված են, չգիտեն ինչ անել: Ահավոր անելանելի վիճակում են»,- մեզ հետ հեռախոսազրույցում փոխանցեց ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով Սոչի էր մեկնել դեպքից հետո` առաջին իսկ օդանավով: Իսկ եթե զոհվածների դիակներն, այնուամենայնիվ, չհայտնաբերվեն, ապա Սոչի մեկնած հարազատները ստիպված կլինեն այնտեղից մի բուռ հող եւ Սեւ ծովից ջուր բերել` որպես մասունք` ՀՀ-ում թաղելու համար: Նկատենք, որ առայժմ չի հաջողվում հայտնաբերել նաեւ հայտնի ուղեւորների` «Զվարթնոց» օդանավակայանի VIP բաժնի պետ Ալբերտ Ազարյանի, «Հայկական ավիաուղիներ» ընկերության նախկին ղեկավար Վյաչեսլավ Յարալովի, ՀՀ ՆԳՆ նախկին նախարար Հուսիկ Հարությունյանի, ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանի որդու` Արամ Պետրոսյանի, Ռոստովում բնակվող գյումրեցի հեղինակություն Բենիամին Խաչատրյանի դիակները:

Ի դեպ, երեկ ցերեկը սպասվում էր ավիավթարի զոհ դարձածների աճյունները տեղափոխող երկրորդ ինքնաթիռը: Սակայն չվերթն անորոշ ժամանակով հետաձգվել է: Առայժմ նախատեսված է Երեւան բերել եւս 7 աճյուն: «Թե զոհվածների քանի դիակ կտեղափոխվի Երեւան՝ կախված է նրանից, թե քանի քաղաքացու ինքնություն կհաստատվի մինչ այդ, եւ կցանկանա՞ն արդյոք հարազատները հուղարկավորել նրանց Հայաստանում»,- լրագրողներին ասել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Տարածքային ինտեգրման իրավունքների վարչության պետ Խաչատուր Վարդանյանը, որը եւս ավիավթարի զոհերի դիակները հանրապետություն տեղափոխելու եւ հուղարկավորության կազմակերպման հարցերով միջկառավարական հանձնաժողովի անդամ է: Ի դեպ, երեկ արդեն Երեւան է վերադարձել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որ վթարի պատճառներն ու հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով գործուղվել էր Սոչի: Սոչիից Մոսկվա է վերադարձել նաեւ ՌԴ տրանսպորտի նախարար, Սոչիում աղետի ենթարկված հայկական A-320 օդանավի որոնողական աշխատանքների օպերատիվ շտաբի պետ Իգոր Լեւիտինը: Նրա փոխարեն որոնողական աշխատանքների շարունակությունը կղեկավարի ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Սերգեյ Արեստովը: Ս. Սարգսյանն օդանավակայանում ասաց, որ երեկ որոշ ժամանակով դադարեցվել են օդանավի որոնողական աշխատանքները, քանի որ բաց ծով են դուրս եկել զոհվածների հարազատները` ինքնաթիռի կործանման վայրում հարգանքի տուրք մատուցելու համար: Դրանից հետո, նախարարի խոսքերով, կրկին վերսկսվել են աշխատանքները: Ս. Սարգսյանի խոսքերով, որոնողական աշխատանքների ավարտի համար որեւէ կոնկրետ ժամկետ նախանշված չէ: «Դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է, մինչեւ հայտնաբերվեն դիակները,- վստահեցրեց նա` ավելացնելով,- մասնագետները համարում են, որ դեպքից հետո 5-8 օրում հնարավոր է, որ ջրի հատակում գտնվող դիակները բարձրանան վերեւ»: Նա նաեւ վստահեցրել է, որ հայկական կողմը լիարժեքորեն կմասնակցի տարվող հետաքննությանը: Նկատենք, որ հետաքննությանը ցանկանում են մասնակցել ֆրանսիական եւ վրացական կողմերը եւս: