Մութ, շատ մութ ողբերգություն

08/05/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հակասական էր նաեւ հայկական եւ ռուսական կողմերի տրամադրվածությունը կործանման իրական պատճառը բացահայտելու, այսինքն՝ «սեւ արկղերը» գտնելու հետ կապված: Այս հանգամանքը մարդկանց, առավելեւս` մասնագետներին, ստիպում է մտածել, որ այս պատմության մեջ ինչ-որ բան այն չէ, եւ որ հենց սկզբից ինչ-որ բան թաքցրել են: Այսինքն, կամ՝ դեպքի հանգամանքները ճիշտ չեն ներկայացրել հանրությանը, կամ էլ՝ կիսատ են ներկայացրել: Իսկ այդպես վարվում են այն դեպքում, երբ մեղավոր են լինում: Տվյալ դեպքում` հանգամանքները թերի են ներկայացրել եւ՛ հայկական կողմը, եւ՛ ռուսական կողմը:

Հենց սկզբից, որպես ավիավթարի պատճառ, առաջ քաշվեց անբարենպաստ եղանակը: ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` հետեւելով ռուսական կողմի տեղեկատվությանը, հայտարարեց, որ «գիտենք երկու բան՝ եղանակը վատ է եղել, եւ մեր օդանավը սարքին վիճակում է եղել»: Բայց ռուսական մասնագետներն իրենք հերքեցին նման վարկածը: Փորձառու հայ օդաչուներն էլ վկայում են, որ նման իրավիճակում միանգամայն հնարավոր էր վայրէջք կատարել: Մասնագետները չեն հասկանում նաեւ այն հանգամանքը, թե այն ժամանակ երբ տեսանելիությունը 3 հազար մետր էր, այդ ո՞վ եւ ինչպե՞ս է տեսել, որ 5-6 հազար մետր հեռավորության վրա ինքնաթիռն ընկել է 60 աստիճանի անկյան տակ:

Հենց սկզբից որոնողական աշխատանքները կատարելիս ռուսական կողմը հայտարարեց, որ ինքնաթիռն ափից այնքան հեռու ու խորն է ընկել, որ գրեթե անհնար է գտնել կամ հանել «սեւ արկղերը»: Նույնը կրկնեցին նաեւ մերոնք: «Սեւ արկղերը» գտնելու հավանականությունը գնահատվեց 10 տոկոս: Նման մեկնաբանություններով երկու կողմերն էլ ցանկանում էին հասարակությանը տրամադրել այն մտքին, թե հնարավոր չի լինի բացահայտել վթարի իրական պատճառը: Եվ հիմնական մեղքն օդանավի անձնակազմի վրա բարդելու միտումը նկատվում էր երկու կողմերի մոտ էլ:

Ամեն ինչ կտրուկ փոխվեց, երբ Սոչի ժամանեցին «Airbus» ընկերության ներկայացուցիչները եւ հայտնաբերեցին «սեւ արկղերի» գտնվելու վայրը: Թե՛ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, թե՛ Սերժ Սարգսյանը կտրուկ փոխեցին իրենց տրամադրվածությունը եւ սկսեցին հայտարարել, որ ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ծովի հատակից հանեն այդ արկղերը: Բնական է, որ դրա համար իսկապես շահագրգռված կլինեն «Airbus» ընկերության ներկայացուցիչները: Նրանք պետք է հաստատեն, որ իրենց ֆիրմայի արտադրանքն անթերի է եղել, կամ էլ հնարավոր անսարքությունն իրենց պատճառով չի եղել: Նրանք պետք է փրկեն իրենց ֆիրմայի բարի համբավը, հակառակ դեպքում` կկորցնեն վստահությունն ամբողջ աշխարհում: Վստահության հետ միաժամանակ` կկորցնեն նաեւ պատվերների կամ վաճառվելիք ինքնաթիռների քանակը, ինչն էլ կարող է բերել ընկերության սնանկացմանը: Իսկ նման վիճակում չհայտնվելու համար «Airbus»-ի մասնագետներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի հանեն խորհրդավոր արկղերը եւ մասնակցեն դրանց տվյալների վերծանմանը: Մասնագետների հավաստմամբ, «սեւ արկղերում» գրանցված են լինում վերջին 30 րոպեների տվյալները, նույնիսկ այն վիճակները կամ շարժումները, որոնք ունեցել է ինքնաթիռն այդ ընթացքում: Այնպես որ՝ այդ տվյալները բացահայտելու են ամեն ինչ:

Պարզ է, որ նման դեպքում հակասություններ կամ լուռ, բայց դաժան պայքար է գնալու, կամ արդեն գնում է հայ-ռուս-ֆրանսիական կողմերի միջեւ: Հայկական եւ ռուսական կողմերն աշխատելու են ամեն ինչ «ծածկադմփոց» անել, իսկ ֆրանսիացիները՝ հակառակը:

Այն, որ ռուսները հայտարարում են, թե տեխնիկական հնարավորություն չունեն «սեւ արկղերը» ծովի տակից հանելու, այնքան էլ համոզիչ չէ, որովհետեւ նրանք ջրի տակից հանեցին հսկայական «Կուրսկ» սուզանավը: Եթե ռուսական կողմը շահագրգիռ լիներ իրական պատճառների բացահայտմանը, կամ այդ վթարի համար չունենար մեղքի բաժին, անպայման ներկայացրած կլիներ հայ օդաչուի եւ ռուս դիսպետչերի խոսակցության ձայնագրությունը: Կամ էլ հնարավորություն կստեղծեր դիսպետչերին` ներկայացնելու իրենց խոսակցության մանրամասները: Մինչդեռ, արդեն երեք օր է, դիսպետչերն անհայտ կորած է, նրան ոչ ոք նույնիսկ չի հիշում: Տեղեկատվություն է շրջանառվում, որ այդ դիսպետչերը հարբած է եղել, հայհոյել է հրամանատարին եւ իր պարտականությունն ամբողջությամբ չի կատարել, դրա համար ձայնագրությունը չեն վերծանում: Ի դեպ, հրամանատարն ու դիսպետչերը պետք է հաղորդակցվեին անգլերեն լեզվով, սակայն վրացական տարբերակում խոսակցությունը ռուսերեն լեզվով էր: Ռուսական կողմն անընդհատ շեշտում է, որ դիսպետչերը միայն տվյալներ է տալիս, որոշողը օդանավի հրամանատարն է: Բայց մասնագետները հավատացնում են, որ վայրէջքի պահին հրամանատարը պարտավոր է կատարել դիսպետչերի հրահանգները: Այն, որ վթարի պատճառը մարդկային գործոնն է, արդեն համոզիչ է, բայց կպարզվի՞ արդյոք, թե մեղքը դիսպետչերի՞նն էր, հրամանատա՞րը չուներ բավարար փորձառություն, վառելի՞քն էր քիչ լցված, ինչը մեր դեպքում հնարավոր է, թե՞, այնուամենայնիվ, կատարվել է ահաբեկչություն, որ լիովին բացառեցին ռուսական ու հայկական կողմերը: