Հնարավոր է՝ «սեւ արկղերն» արդեն հանել են

08/05/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Ամբողջ աշխարհում շարունակում են հետեւել են մայիսի 3-ին Երեւան-Սոչի թռիչքն իրականացնող հայկական ինքնաթիռի աղետին: Պաշտոնական անձինք չեն շտապում որեւէ մեկին մեղադրել, սակայն տարբեր լրատվամիջոցներ տարբեր վարկածներ են առաջ քաշում, հաճախ էլ՝ հակասական լուրեր տարածում:

Ի դեպ, երեկ առավել ակտիվ էին աշխատում հենց ռուսական լրատվամիջոցները (արտասահմանյան հայտնի ԶԼՄ-ները հիմնվում են միայն պաշտոնական տեղեկությունների վրա):

Ռուսական «Կյանք» թերթի փոխանցմամբ, Ադլերի օդանավակայանի ղեկավարությունը թաքցրել է այն աշխատակիցներին, ովքեր հերթապահել են աղետի գիշերը: Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն վախենում են ինքնադատաստանից, քանի որ զոհվածների հարազատները կարող են իրենց զայրույթը «թափել» այն դիսպետչերի վրա, ով A-320 ինքնաթիռին թույլ է տվել վայրէջք կատարել: Սակայն քննիչները դիսպետչերի աշխատանքից դեռ բողոքներ չունեն: Ռուսական օրենքների համաձայն, վատ եղանակային պայմաններում արտասահմանյան ավիաընկերությունների օդանավերի հրամանատարներն իրենք են որոշում` վայրէջք կատարե՞լ, թե՞ ոչ: Նույն թերթի հավաստմամբ, այնուամենայնիվ, զոհված ուղեւորների հարազատները ողբերգության մեջ մեղադրում են դիսպետչերներին: «Այդ գիշեր հերթապահ աշխատակիցների հետ հաշվեհարդար տեսնելու կոչեր էին լսվում: Այդ պատճառով էլ մենք որոշեցինք նրանց արձակուրդ ուղարկել: Թե ո՞ւր են այժմ նրանք՝ ես չգիտեմ, բայց հուսով եմ, որ անվտանգ տեղում են»,- ասել է ԱԱԾ-ի մի աշխատակից:

Օդաչուների եւ դիսպետչերների խոսակցությունը քննիչները գաղտնի են պահում, եւ դա ավելի է սրում լարվածությունը. զոհվածների հարազատները գտնում են, որ հանձնաժողովի անդամները թաքցնում են դիսպետչերների սխալը: «Միգուցե նրանք չե՞ն ճշտել, թե ինքնաթիռն ինչ բարձրության վրա է ընթանում: Եվ պտույտուղու վրա օդանավը թեքվել է ջրից ցածր բարձրության վրա, թեւով շղթայել է ջուրը եւ ընկել է. չէ՞ որ անձրեւային եղանակին շատ դժվար է որոշել բարձրությունը»,- ասել է տարեց մի մարդ, ով ժամանակին ավիացիայի համակարգում է աշխատել:

Ամեն ինչ կպարզվի, եթե հաջողվի ծովի հատակից հանել «սեւ արկղերը». ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը դրանում կասկած չունի: Մինչդեռ, փրկարարների խոսքերով, «սեւ արկղերը» հանելը գրեթե անհնար է: Դա իրատեսական կլինի, եթե դրանք գտնվեն ինքնաթիռի խոշոր բեկորներում, որոնք կարելի է հանել ստորջրյա ռոբոտ-սարքավորումների միջոցով: Այս առնչությամբ «Մոսկովսկի կոմսոմոլեցն» առաջարկում է առաջին կարգի ռազմական օդաչու Ալեքսանդր Պլենցովի տեսակետը: «Հնարավոր է, որ «սեւ արկղերը» գտնված են եւ ահա թե ինչու: Թռիչքի ժամանակ ցածրանալիս եւ վայրէջքի նախապատրաստվելիս օդաչուները կորցրել են տարածական կողմնորոշվածությունը: Ինքնաթիռը շրջադարձ է կատարել: Ամպերի միջից դուրս գալով եւ 100 մետր բարձրության վրա հայտնվելով՝ օդաչուները կողմնորոշվել են, ինքնաթիռը թեքվածքից դուրս են բերել, սակայն պոչը դիպչել է ջրին: Դրա համար էլ օդանավի հետնային մասն արդեն գտել են: «Սեւ արկղերը» հենց այդ մասում են գտնվում: Հնարավոր է, որ դրանք արդեն գտել եւ վերծանել են: Պարզապես, ավելորդ հուզումներ եւ անհանգստություն չառաջացնելու համար, դրա մասին դեռ չեն խոսում»,- ասել է Պլենցովը: