ԱԺ ՕԵԿ խմբակցությունից եւ ընդհանրապես ՕԵԿ կուսակցությունից երեկ դուրս են եկել գործարար պատգամավորներ Արշակ Մխիթարյանն ու Մելիք Մանուկյանը: Սակայն պետք է նկատենք, որ այս փաստը ոչ մեկի համար էլ անակնկալ չէր: Վերջին շրջանում Ա. Բաղդասարյանի եւ կոալիցիայի մյուս կողմերի` ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ բավական սրված հարաբերություններ էին: Եվ ամեն օր սպասվում էր, որ ՕԵԿ-ի գործարար թեւը ուր որ է դուրս կգա ֆրակցիայից: Սակայն սպասվում էր, որ այդ բոյկոտը կիրականացվի ոչ թե առանձին-առանձին, այլ ամբողջ խմբով` շուրջ 12 հոգով: Մեր աղբյուրների հավաստմամբ` ՕԵԿ-ից շատ շուտով դուրս կգան նաեւ մյուս գործարար պատգամավորները:
Հիշեցնենք, որ մեր նախորդ համարներից մեկում գրել էինք, որ ՕԵԿ գործարար թվով 12 պատգամավորները գրավոր «ուլտիմատում» էին ներկայացրել Ա. Բաղդասարյանին` հայտարարելով, թե իրենք որեւէ մեկից կախում չունեն, ուստի կարող են ցանկացած պահի դուրս գալ ՕԵԿ-ից: Սակայն ՕԵԿ-ից դուրս եկած Մելիք Մանուկյանն, օրինակ, այն ժամանակ մեզ հետ զրույցում հայտարարել էր բառացիորեն հետեւյալը. «Ես ոչ մի բան չեմ գրել, ես Բաղդասարյանին շատ հարգում եմ, ոչ էլ կգրեմ: Եթե հարցեր ունենամ լուծելու, կգնամ կլուծեմ, ոչ թե գրավոր դիմումներ կներկայացնեմ»: Երեկ պարոն Մելիքյանը փոխանցեց հետեւյալը. «Մեկնաբանություններ չեմ ուզում անել: Իմ դուրս գալն առանց մեկնաբանությունների է»: Ու քանի որ շուրջ մեկ ամիս առաջ Մ. Մելիքյանը հայտարարել էր, թե ինքը երբեք ՕԵԿ-ից դուրս եկողը չէ, երեկ նրան հիշեցրեցինք իր իսկ խոսքերը: «Պարոն Բաղդասարյանին ես այսօր էլ եմ հարգում: Բայց կյանքում շատ-շատ բաներ են փոխվում: Կյանքը հո մի օրվա բան չէ՞»,- ասաց նա` հերքելով այն կարծիքները, թե իրենք ՕԵԿ-ից դուրս են եկել ՀՀԿ-ի կամ Ռոբերտ Քոչարյանի դրդմամբ: Մեր այս տեղեկությունը հերքեց նաեւ մյուս պատգամավորը` Արշակ Մխիթարյանը: «Ի՞նչ կարիք կա մեկնաբանելու: Չեմ ուզեցել մնալ այդտեղ, դուրս եմ եկել»,- ասաց նա` ավելացնելով, որ իր քայլի մեջ որեւէ քաղաքական ենթատեքստ չկա: «Հաջորդ անգամ էլ պատգամավոր դառնալու ցանկություն չունեմ, հայացքների որոշակի տարբերություն կա, չեմ ուզում մնալ խմբակցությունում»,- հավելեց նա:
Ի դեպ, մեր տեղեկություններով, Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է առաջիկայում հրաժեշտ տալ կոալիցիային: Սակայն կոալիցիայի կազմից դուրս գալու որոշման հրապարակմանը խոչընդոտել է Սոչիում տեղի ունեցած ողբերգական ավիավթարը: Հիշեցնենք, որ ԱԺ վերջին նիստի ժամանակ Ա. Բաղդասարյանը հայտարարեց, որ եթե իրենց ու կոալիցիոն մյուս կուսակցությունների մեջ խոր հակասություն առաջանա, ապա իրենք պատրաստ են դուրս գալ կոալիցիայից` որպեսզի հարվածի տակ չդնեն իրենց գործընկերներին: Եվ հիմա նա պատրաստ է կյանքի կոչել իր հայտարարությունները, քանի որ այդ հակասություններն այսօր հասել են իրենց գագաթնակետին: Բայց եթե Ա. Բաղդասարյանը դուրս գա կոալիցիայից, ապա նրա նկատմամբ կիրականացվի վերջին` պատժիչ գործողությունը: Խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի կսկսի բոյկոտել ու այլեւս չգալ ԱԺ նիստերին: Իսկ ՀՀ Սահմանադրության 74.1 հոդվածի համաձայն` ՀՀ նախագահը կարող է ազատ արձակել Ազգային ժողովը, եթե այն շուրջ երեք ամիս շարունակ չի կարողանում նիստ գումարել, որոշում կայացնել: Այնպես որ՝ Արթուր Վահանիչի վիճակն իսկապես աննախանձելի է: Իսկ նա հույս ուներ դառնալ Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդը: Բայց զուտ հումանիզմից դրդված` հուսով ենք, որ Ռ. Քոչարյանը Ա. Բաղդասարյանի հետ չի վարվի այնպես, ինչպես վարվեց իր աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ: Չնայած, մեկ էլ տեսար, Ա. Բաղդասարյանն ավելի՞ վատ վիճակում հայտնվի: