Ի՜նչ լավն էին, ի՜նչ թարմ էին վարդերը

08/05/2006 Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

Հայաստանում, որպես կանոն, ոչ մի լուրջ իրադարձություն տեղի չի ունենում: Իսկ եթե միջին լրջության ինչ-որ բան կատարվում էլ է, ապա կամ դրսի թելադրանքով է, կամ ինքնաբերաբար, ինչպես եղավ Արթուր Բաղդասարյանի դեպքում, երբ նա գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Հայաստանի ապագան հստակորեն տեսավ Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կազմում, ինչպես նաեւ` մինչ օրս ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները համարեց կեղծված:

Ազնիվ ճանապարհ անցածները

Թվում էր, ահա մեր՝ հիմնականում վախեցած եւ կարծրացած կողմնորոշումներով քաղաքական գործիչների թվում հայտնվեց, եթե կարելի է այդպես ասել, «բալզակյան տարիքի» տղամարդ, ով առանց Ռոբերտ Քոչարյանի համաձայնության՝ հանդգնեց հրապարակայնորեն իր անհամաձայնությունը հայտնել Հայաստանը որպես Ռուսաստանի վասալ ծառայեցնող իշխանական կուրսին: Մինչ Ա. Բաղդասարյանի Հայաստան վերադառնալն արդեն սկսեցին կանխատեսումներ անել նախագահական հաջորդ ընտրություններին Բաղդասարյանի մասնակցության լուրջ հայտի մասին: Սակայն ԱԺ-ում իր իսկ հարցազրույցը մեկնաբանելիս՝ Արթուր Բաղդասարյանը սկսեց արդարանալ: Նախ՝ թե ՆԱՏՕ-ին անդամակցելը պարզապես ապագայի տեսլական է՝ զուգահեռ թեթեւ հաճոյախոսություններ անելով նախագահի եւ կոալիցիայի իր երկու գործընկերների հասցեին, նաեւ նկատելով. «Ճանապարհ ենք անցել նույն Հանրապետականի, նույն Դաշնակցության հետ, ՀՀ նախագահի հետ, ազնի՛վ ճանապարհ»: Իսկ սպառնալիքը, որ եթե ՕԵԿ-ը խայտառակում է ռեսպուբլիկան, իրենք կքեն կոալիցիան, Արթուր Բաղդասարյանի համար խիստ ցանկալի, սակայն քիչ հավանական լուծում է. կոալիցիան նրան հենց այնպես հեշտությամբ բաց չի թողնի: Դա կարելի է ենթադրել նաեւ Ա. Բաղդասարյանի՝ կեղծված ընտրությունների մասին հայտարարությանը հետեւած` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի պատասխանից. «Կասկածում եմ, որ Արթուր Բաղդասարյանը նկատի է ունեցել 2003-ի համապետական ընտրությունները, քանի որ 2003-ի նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ն այն հիմնական կուսակցությունն էր, որ սատարում էր Ռոբերտ Քոչարյանին: Իսկ 2003 թ. ԱԺ ընտրությունների, քաղաքական համաձայնության ձեռքբերման արդյունքում Բաղդասարյանը զբաղեցրեց ԱԺ նախագահի պաշտոնը, եւ այս երեք տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացներին՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ կառավարությունում ՕԵԿ-ն ունեցել է ակտիվ մասնակցություն եւ, հետեւաբար, ունի պատասխանատվության իր բաժինը»: Այնպես որ, առանց պատասխանատվության իր բաժինը, հնարավոր բոլոր հետեւանքներով, կրելու՝ կոալիցիան թույլ չի տա, որ ՕԵԿ-ը լքի կոալիցիան՝ իր ետեւից դուռը շրխկացնելով: Կոալիցիայի մյուս անդամները կնախընտրեն իրենք հանդես գալ Բաղդասարյանին իրենց շարքերից վտարողի եւ նրան երեսպաշտության մեջ մեղադրողի դերում:

Հայտարարությունն արվել է relax վիճակում

Իր իսկ արած հայտարարության հետեւանքներից հաճելիորեն շփոթված եւ անակնկալի եկած ՕԵԿ նախագահի ԱԺ ամբիոնից հնչեցրած պարզաբանումները ողջունելիս՝ պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը փորձեց դրանք համեմատել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու արտահայտած մտքերի հետ: Սակայն կարելի է արձանագրել, որ տարիքային եւ հայացքների որոշ ընդհանրություններով էլ սահմանափակվում են Արթուր Բաղդասարյանի եւ Սահակաշվիլու նմանությունները: Արթուր Բաղդասարյանը չունի իր մտքերն առանց բարդույթների եւ անկեղծորեն ներկայացնելու ուժը: Վախը, թե մինչեւ վերջ համարձակ լինելով՝ կկորցնի ձեռք բերածից ավելին, մարդկային պարզ վախը հանրապետության նախագահի եւ նրա հետ անցած ազնիվ ճանապարհի հանդեպ, նրան ստիպում են պարբերաբար վերախմբագրել իր իսկ արտահայտած մտքերը: Եվ միայն մեծ հավակնություններն են նրան դրդում համարձակ, բայցեւ մինչեւ վերջ չպաշտպանված հայտարարություններ անել: Ի դեպ, մինչ նման տեսական դատողություններ անելը՝ մենք փորձեցինք անձամբ Արթուր Բաղդասարյանից ստանալ մեր կարծիքով հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես՝ ՕԵԿ-ի եւ կոալիցիայի մյուս կուսակցությունների միջեւ արդե՛ն իսկ կան լուրջ տարաձայնություններ եւ անթաքույց հակակրանք: Այսքանից հետո պարոն Բաղդասարյանն, ամեն դեպքում, հնարավոր համարո՞ւմ է ընդհանուր հայտարարի գալու եւ կոալիցիան չլքելու տարբերակը: Եվ կամ՝ կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ը մեխանիկորեն հայտնվում է ընդդիմադիր դաշտում: Նման դեպքում ինչպե՞ս է պատկերացնում կուսակցության ղեկավարն ՕԵԿ-ի հետագա գործողությունները, եւ էլի նման մի քանի հարց: Ինչպես կարգն է պահանջում՝ հարցերն ինտերնետի միջոցով ուղարկեցինք ԱԺ մամուլի պատասխանատու Անահիտ Ադամյանին, որը քիչ հետո մեզ տեղեկացրեց, թե «Նախագահն (ԱԺ.-Լ.Ա.) այդ հարցերին մասամբ արդեն պատասխանել է «Առավոտին» տված իր հարցազրույցում»: Թերեւս ավելորդ է ասել, որ նախքան մեր հարցերն ուղարկելը՝ մանրամասն ծանոթացել էինք պարոն Բաղդասարյանի հարցազրույցին, ուր մեր ուղղած հարցերի պատասխանն անգամ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէր գտնել: Մեր առարկությանն ի պատասխան, թե` նշված հարցազրույցում չկան մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները, Անահիտ Ադամյանը խորհուրդ տվեց տողատակերն էլ կարդալ: Տողատակի խնդիր չկար, քանի որ Արթուր Բաղդասարյանը վերոնշյալ հարցազրույցում դարձյալ արդարանում էր. «Չեմ բացառում, որ կարող էին լինել եւ տարընթացումներ (գերմանական թերթին տված հարցազրույցում.-ԼԱ.). չէ՞ որ, ի վերջո, մեկ ժամից ավելի ազատ զրույց է եղել լրագրողի հետ:…ՀՀ Սահմանադրությամբ է կանոնակարգված, որ արտաքին քաղաքականությունը վերապահված է հանրապետության նախագահին, եւ նա է այդ քաղաքականության որոշողն ու պատասխանատուն: Եվ ես, որպես ԱԺ նախագահ, գիտեմ, որ նման հարց (Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելը.-Լ.Ա.) մեր արտաքին քաղաքականության օրակարգում դրված չէ: Բայց երբ այդ մասին լրագրողը երկար եւ ազատ զրույցի ժամանակ տարբեր հարցեր է տալիս, ի՞նչ եք կարծում, կոռե՞կտ է արդյոք պատասխանել՝ այդ հարցն ուղղեք նախագահին»:

Թախիծն է պատել Իսագուլյանին

Քանի որ նախագահական նստավայրից հրապարակային որեւէ տպավորություն չի հնչել Բաղդասարյանի պարզաբանումների կապակցությամբ` փորձեցինք Կոնդոլիզա Ռայսից առաջ մե՛նք տեղեկանալ, թե ինչ գնահատականի է արժանացնում նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանը Բաղդասարյանի պարզաբանումներն ու դրա հնարավոր հետեւանքները: Սակայն պարոն Իսագուլյանը լակոնիկ էր՝ ինչպե՞ս կարելի է սգո այս օրերին իրեն անհանգստացնել Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականությանն առնչվող հարցերով: «Ամսի 6-ից հետո»,- խորհուրդ տվեց խորհրդականը: Մի վայրկյան չենք կասկածում, որ պարոն Իսկագուլյանը սգո օրերին չի սափրվելու եւ իր թղթապանակով երկրի նախագահին է ներկայանալու արցունքից այտուցված աչքերով եւ քաղցից հյուծված արտաքինով: Իսկ Հայաստանում, ցավոք, ոչ մի լուրջ իրադարձություն այդպես էլ չի կատարվում՝ …աղետներից բացի: