Գրեթե բոլոր փորձագետներն ու մասնագետներն ավիաաղետի հիմնական պատճառների շարքում, բացի տեխնիկական եւ կլիմայական գործոնից, հաշվի են առնում «մարդկային» գործոնը: Բազմաբնույթ ենթադրությունների առիթ է տվել նաեւ անձնակազմի վարքագիծը: Շարունակե՞լ, թե՞ ոչ դժվար պայմաններում ընթացող չվերթը` պետք է անձնակազմի հրամանատարը որոշեր: «A-320» ինքնաթիռի փորձառու հրամանատար Գիրիգորյանը սկզբում Երեւան վերադառնալու որոշում է կայացրել, սակայն հետո Քութայիսի քաղաքի վրա գտնվելու պահին 180 աստիճանով փոխել է կուրսը եւ շարունակել դեպի նպատակակետ թռչել: Շատ բան տեսած փորձառու օդաչուները (ոչ միայն հայ, այլ` ռուս եւ վրացի) չեն բացառում, որ անձնակազմի հրամանատարին կարող էին խորհուրդ տալ ամեն դեպքում չվերթի ժամկետները չխախտել:
Բնականաբար, ռուսական կողմն այժմ ամեն ինչ անում է մեղքն իր վրայից գցելու համար: Համենայնդեպս, դա են վկայում ռուսական մամուլում տարածվող տարաբնույթ վարկածները: Օրինակ, «Կոմերսանտ» թերթը երեկ մի վարկած է շրջանառել, թե հնարավոր է, որ «թռիչքը շարունակել օդաչուին համառորեն խնդրել է VIP ուղեւորներից մեկը, որը լավ չի պատկերացրել խնդրի լրջությունը եւ որն իր սեփական ժամկետների գրաֆիկը խախտել ոչ մի դեպքում չի ցանկացել»: Նաեւ հավելել է՝ «Թե ի՞նչ կերպ է նա (VIP-ի ուղեւորը) ձեւակերպել իր սպառնալիք-խնդրանքը, որ կարողացել է ազդել օդաչուների վրա, պարզել արդեն չի ստացվի»: Իսկ թե որտեղի՞ց է «Կոմերսանտը» նման վարկած շրջանառում եւ նույնիսկ հայտարարում, թե այդ հավանական «սպառնացողը» VIP-ի ուղեւոր է եղել՝ մնում է ենթադրությունների մակարդակում: Բայց պետք է նկատել, որ ռուսական կողմի՝ նման հապճեպ ու անտրամաբանական հայտարարությունները միայն ապացուցում են, որ ռուսական կողմում ինչ-որ բան, այնուամենայնիվ, այնպես չէ: «Կոմերսանտը» նաեւ գրում է. «Թռիչքի բարձությունը եւ արագությունը նորմայի սահմաններում էին,- սա փորձագետների նախնական գնահատականն է։ -Սակայն դժվարին պայմաններում իրականացվող չվերթը, որոշ ուղեւորների համառությունը եւ մի քանի բարդ մանեւրերը կարող էին մեծ հոգեբանական ճնշում գործադրել օդաչուների վրա: Եթե իհարկե, բացառվի ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը»: