Կոռումպացված համալսարա՞ն

08/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունը ստանձնած մեր պաշտոնյաներին նա առաջարկում է ուսումնասիրել 2003թ. N 16 Պրոֆտեխ. Ուսումնարանի հսկայական տարածության առուվաճառքի պայմանագիրը: «Պետական սեփականություն հանդիսացող հիմնական օտարման կարգի հաստատման մասին» ՀՀ կառավարության 1994թ. փետրվարի 25-ի թիվ 92 որոշումը կիրառելով` 2003թ. մայիսի 29-ի թիվ 760 որոշմամբ՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող շենքերը (7 հատ՝ 9258,53 քմ ընդհանուր մակերեսով) եւ 2 շինությունները վաճառվել են ընդամենը 19.500.000 դրամով: Ի դեպ, ուսումնարանն իր 4 հարկանի հանրակացարանով հանդերձ` հսկայական տարածություն է զբաղեցնում եւ գտնվում է Սեբաստիա 3ա հասցեում: Այս զավեշտալի գործարքը կատարվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Դավիթ Վարդանյանի թեթեւ ձեռքով, իսկ գնորդը եղել է ոմն Ջուլիետա Կուզինա: Ներկայումս ուսումնարանի տարածքում գործում է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանը: Իսկ ամենաուշագրավն այն է, որ նշյալ ուսումնարանի հանրակացարաններում հանգրվանել էին շուրջ 49 ընտանիք, 114 բնակիչներ, որոնց մի մասը փախստականներ էին, իսկ մյուս մասը` սոցիալապես անապահով ընտանիքներ: Ըստ պայմանագրի, կողմերի «Իրավունքները եւ պարտավորությունները» կետում արձանագրված է, որ գնորդը պարտավորվում է բնակվող հայաստանաբնակ, ինչպես նաեւ` փախստականի կարգավիճակ ունեցող բնակիչների անժամկետ օգտագործմանը տրամադրել իրենց կողմից զբաղեցրած տարածքները: Վտարելու դեպքում բնակիչներին ապահովել համարժեք տարածքներով կամ կատարել համապատասխան դրամական փոխհատուցում:

Հանրակացարանի բնակիչների հավաստմամբ, սակայն, «Մխիթար Գոշ» հայ-ռուսական համալսարանը չի պատրաստվում կնքած պայմանագրի կետերը կատարել, փոխարենը` համալսարանի ներկայացուցիչները պատրաստվում են նրանց վռնդել՝ հանրակացարանում շինարարական աշխատանքներ սկսելու պատճառաբանությամբ: Հանրակացարանում շուրջ 18 տարի բնակություն հաստատած փախստականները պնդում են, որ իրենք ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա են հանգրվանել այդ շենքում, այսինքն՝ պետությունն է այդ սենյակներն իրենց տրամադրել, իսկ հիմա մասնավոր մարդիկ պատրաստվում են պետության որոշումը ոտնահարելով իրենց վտարել: Փախստականներից բացի, այդ շենքում բնակվում է 8 տեղաբնակ ընտանիք, որոնցից մի մասին տեղավորել էր Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանը: Այդ ընտանիքներին սենյակ տրամադրվել է Արցախյան պատերազմի ազատամարտիկների կարգավիճակի համար: «Ստացվում ա, որ համալսարանի տերն ավելի շատ արտոնություն ունի, քան մեր պետությունը»,- կարծիք են հայտնում բնակիչները: Նրանց խոսքերով` համալսարանի ղեկավարությունն արդեն իրենց ստրուկի պես է վերաբերվում, քանի որ անգամ երեխաներն իրավունք չունեն բակում խաղալ, աղմկել: Բնակիչներից ամենատարբեր ճանապարհներով ձերբազատվելու նպատակով նրանք նույնիսկ դիմել են շանտաժի. «Երեխաները բակի ծառերից ցոգոլ էին քաղել, կերել, բայց դրանք այն ծառերն են, որոնք իրենց ձեռքով են տնկել: Հաջորդ օրը բոլորին կանչել էին ոստիկանություն: Բողոքել էին, ծնողներով գնացինք, պարզվեց` պատճառը ցոգոլներն են եղել»,- պատմում են նրանք՝ մատնանշելով համալսարանի ներկայացուցիչների բողոքի բովանդակությունն, ըստ որի` նշվել է, թե շենքում օթեւանած անօրինական բնակիչների երեխաները գողություն են կատարել: Վերջիններս «անօրինական բնակիչներ» ձեւակերպման մեջ դիտավորություն են տեսնում՝ ասելով, որ իրենց վտարելու միակ ճանապարհը սկզբունքորեն անօրինական բնակչի իրենց կարգավիճակը կարող է լինել: «Բայց մեր անձնագրերում նշված է` Սեբաստիա 3ա հասցե»,- պնդում են նրանք՝ վստահեցնելով, որ անգամ Տյարն ընդ առաջ տոնի ժամանակ վառված խարույկը համալսարանի ներկայացուցիչները հանգցրել են, որպեսզի երեխաները վրայով չթռնեն: Հանրակացարանում բնակվող Ռիմա Աբրահամյանն ասում է, որ, երբ իրենց դուրս են հրավիրել, գնացել են Փախստականների կոմիտե. «Ասացինք` եթե մենք ձեզ պետք չենք, մեր ձեռքը կրակն եք ընկել, ուրեմն ուղարկեք ուրիշ պետություն»: Նրա ենթադրությամբ` կոմիտեից զանգահարել են տարածքի գնորդին եւ հայտնել են, որ փախստականները կառավարության որոշմամբ՝ իրավունք ունեն այդտեղ բնակվել, եւ համալսարանի ներկայացուցիչ Ռաֆիկ Գրիգորյանը` փախստականներից ներողություն խնդրելով, թույլ է տվել բնակվել՝ ասելով, որ կարող են այդտեղ մնալ, մինչեւ իրենց բնակարանների հարցը լուծվի: Ներկայումս, սակայն, համալսարանի ներկայացուցիչները մասնավորապես տեղաբնակներին հանրակացարանից դուրս են հրավիրում՝ պահանջելով մինչեւ օգոստոսի 20-ն ազատել սենյակները: Տեղաբնակ Ֆլորա Գասպարյանի ընտանիքին, որպես ազատամարտիկի կարգավիճակ ունեցողի` նախկին թաղապետ Վ. Զատիկյանն այդ շենքում բնակարան է տրամադրել: Ֆ. Գասպարյանը վկայում է, որ իրենցից ազատվելու համար համալսարանի ներկայացուցիչներն առաջարկել են Չարբախի «Ղռերում» մի տնակ, որն անգամ տանիք չի ունեցել, ավտոտնակի նման տարածք է եղել:

Շատերն ապահո՞վ են

Մենք կապվեցինք Ռաֆիկ Գրիգորյանի հետ, ով զբաղվում է հանրակացարանի բնակիչների հարցերով: Վերջինս նախ նշեց, որ ստում են բնակիչները` ասելով, որ մինչեւ օգոստոսի 20-ը ժամանակ են տվել սենյակներն ազատելու համար: «Մենք ոչ մի անօրինական գործողություն չենք կատարում, մենք օրինականության կողմնակից ենք»,- վստահեցրեց նա՝ ասելով, որ փախստականները կմնան շենքում այնքան ժամանակ, մինչեւ Փախստականների կոմիտեն նրանց բնակարանով կապահովի: Ինչ վերաբերում է տեղաբնակ 8 ընտանիքներին, ապա, ըստ պրն Գրիգորյանի, նրանք այդ շենքում ապրում են անօրինական կերպով: «Նրանք չունեն նոտարական ձեւակերպում, օրդեր, քաղաքապետարանի, կառավարության որոշում, ոչինչ չունեն, ապօրինի բնակիչներ են: Եվ հետո, որ էդպես խեղճուկրակ կեցվածքով ներկայանում են, նաեւ թող ասեն, որ պետությունն իրենց բազմաթիվ անգամ գումարներ է տվել բնակարանի համար, անգամ ոմանց բնակարանով է ապահովել, սակայն եկել են այդ շենք ու համառորեն ուզում են էլի ինչ-որ բան պոկել: Նրանցից շատերը լավ էլ ապահովված են ամեն ինչով, պարզապես սիրում են, որ իրենց խղճան, մի բանով օգնեն»,- նշեց նա՝ բացատրելով, որ դա հանրակացարան չէ, դա համալսարանի տարածքն է դեռեւս 2003-ից: Այդուհանդերձ, Ռ. Գրիգորյանի կարծիքով՝ այս հարցը լուծվելու է օրենքի շրջանակներում եւ դատարանի որոշմամբ: Վերջում եւս մեկ անգամ նշենք, որ պայմանագրում զետեղվածի համաձայն՝ գնորդը պարտավորվել է շենքում բնակվող հայաստանաբնակ, ինչպես նաեւ` փախստականի կարգավիճակ ունեցող բնակիչների (49 ընտանիք) անժամկետ օգտագործմանը տրամադրել իրենց կողմից զբաղեցրած տարածքները, իսկ վտարելու դեպքում` բնակիչներին ապահովել համարժեք տարածքներով կամ կատարել համապատասխան դրամական փոխհատուցում: Ստացվում է, որ համալսարանի ղեկավարությունը` անօրինական համարելով նրանց այդ տարածքում բնակվելը, պատրաստվում է շրջանցել իր իսկ կողմից ստորագրած պայմանագիրը: