ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով, մայիսի 4-ին ԼՂՀ նախկին դատախազ Մավրիկ Ղուկասյանը նշանակվել է ԼՂՀ նախագահի խորհրդական: Այս մասին մեր թղթակցին հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ Մավրիկ Ղուկասյանն այս տարվա փետրվարի 6-ին նախագահի հրամանագրով ազատվել է ԼՂՀ գլխավոր դատախազի պաշտոնից` երկարամյա ծառայության թոշակի անցնելու կապակցությամբ: ԼՂՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արմեն Զալինյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:
Արկադի Ղուկասյանի մայիսի 4-ի հրամանագրերով, աշխատանքից ազատվել են ԼՂՀ Մարտակերտի եւ Մարտունու շրջանի դատախազները: Նրանց փոխարեն նոր դատախազներ են նշանակվել Արմեն Գալստյանն ու Արսեն Հայրապետյանը: Հարկ է նկատել, որ կադրային փոփոխությունների առումով Ղարաբաղում 2006-ի առաջին մի քանի ամիսները բավականին առատ էին. կադրային փոփոխությունները մեկնարկեցին հունվարի 17-ին, երբ ԼՂՀ նախագահի կողմից ստորագրած հրամանագրերի համաձայն, Բորիս Ալավերդյանն ազատվեց ԼՂՀ քաղաքաշինության, իսկ Լենստոն Ղուլյանը` ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարի պաշտոնից: ԼՂՀ քաղաքաշինության նախարար նշանակվեց Մարատ Հակոբջանյանը, իսկ ԼՂՀ սոցիալական ապահովության նախարար` Վասիլի Աթաջանյանը: Նույն օրը ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի որոշմամբ, Լենստոն Ղուլյանը նշանակվել է ԼՂՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար: Գործադիրի որոշմամբ` Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել է Սմբատ Սանթրյանը եւ նոր ղեկավար է նշանակվել Կառլեն Պետրոսյանը: Իսկ փետրվարի 6-ին ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Կարեն Բաբուրյանը: Թե ինչով են պայմանավորված կադրային փոփոխությունները՝ առայժմ հայտնի չէ: Մի բան պարզ է, որ պաշտոններից ազատումը հիմնականում չեն հիմնավորում, ավելին` ամեն անգամ ազատվողին արդյունավետ գործունեության համար շնորհակալություն են հայտնում: Ակնհայտ է նաեւ այն, որ կադրային «տեղափոխություններ» են կատարվում, եւ, փաստորեն, նոր անձեր չեն հայտնվում պաշտոններում: Այս առումով միակ բացառությունը թերեւս ԼՂՀ քաղաքաշինության նախարար Մարատ Հակոբջանյանի նշանակումն էր: Մ.Հակոբջանյանը վերջին տարիներին գործունեություն էր ծավալում մասնավոր սեկտորում: Վերլուծաբանների կարծիքով, Ղարաբաղում հնարավոր է շարունակվեն կադրային փոփոխությունները, քանի որ առջեւում նախագահական ընտրություններ են: