Հայաստանն ու Ռուսաստանը մայիսի 5-ին սգո օր են հայտարարել եւ, հարգելով ավիավթարում զոհված իրենց քաղաքացիների հիշատակը, հետաձգել են բոլոր խոշոր զվարճալի միջոցառումները, համերգներն ու դիսկոտեկային ծրագրերը: Մոսկվայի մշակույթի հարցերով զբաղվող վարչությունը նշել է, որ չեն կայանա նաեւ բացօթյա զվարճալի միջոցառումները: Իսկ գիշերային ակումբների, ռեստորանների, խաղատների մասնավոր տերերն իրենք պետք է որոշեն զվարճալի ծրագրերի սահմանները: Նրանց խորհուրդ է տրվել «հաշվի առնել էթիկական պահը»: Համազգային հեռուստաընկերությունները որոշակի շտկումներ կանեն իրենց հեռուստացանցում եւ զվարճալի եւ բարձր վարկանիշ ունեցող շոուների ու ֆիլմերի փոխարեն վավերագրական ֆիլմեր եւ հաղորդումներ կցուցադրեն: Հայկական հեռուստաընկերությունները հեռուստացանցի շտկման կարիք չունեն, բոլորը դասական երաժշտություն են հեռարձակում, որն ընդմիջվում է աղետի, աղետի հետեւանքների եւ աղետի պատճառների հետազոտումների մասին տեղեկություններով: