Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը երեկ Բաքվում մեկնարկած Տնտեսական համագործակցության կազմակերպության 9-րդ գագաթաժողովում հայտարարել է, թե տարածաշրջանի զարգացմանը խոչընդոտում են միջազգային ահաբեկչությունը եւ չկարգավորված հակամարտությունները: «Աշխարհը պետք է միավորի ջանքերը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում: Այդ երեւույթի դեմ հնարավոր չէ միայնակ պայքարել»,- ըստ day.az-ի, նշել է Իլհամ Ալիեւը: Նա ասել է, թե Ադրբեջանը նույնպես տուժել է ահաբեկչությունից: «Մենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում ենք ուզում եւ գտնում ենք, որ այդ հնարավորություններն առայժմ սպառված չեն: Սակայն մեր համբերությունն անսպառ չէ»,- ասել է Ալիեւը: Վերջինս նաեւ շեշտել է, որ նավթատար եւ գազատար խողովակաշարերի գործարկումը եւ Հյուսիս-Հարավ ու Արեւելք-Արեւմուտք տրանսպորտային միջանցքների իրագործումը կծառայի տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդմանը: Գագաթաժողովում նախատեսվում է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը: