Եփելիս բանջարեղենի բնական գույնը պահպանելու համար պետք է ջրի մեջ կես թեյի գդալ սոդա լցնել։ Մեծ քանակությամբ բանջարեղեն եւ կանաչի (օրինակ` սոխ, կարտոֆիլ եւ այլն) մաքրելիս ձեռքերի մատները դեղնում են։ Դրանից խուսափելու համար նախքան գործի անցնելը ձեռքերը թրջեք քացախով եւ թողեք չորանա:
Ժամանակի ընթացքում բանջարեղենի եւ մրգերի վիտամինները ոչնչանում են։ Ահա թե ինչու խորհուրդ չի տրվում դրանք մեծ քանակությամբ գնել։ Բայց եթե արդեն գնել եք, ապա ավելի լավ է պահել սառնարանի ներքեւի մասում` բանջարեղենի եւ մրգերի համար նախատեսված արկղիկներում։
Նախապես մաքրած բանջարեղենը խորհուրդ է տրվում մաքրելուց հետո ծածկել թղթե խոնավ անձեռոցիկով (բայց 2 ժամից ոչ ավելի)։ Նախընտրելի է բանջարեղենը եւ մրգերը կտրատել մատուցելուց անմիջապես առաջ։
Թարմ բանջարեղենից պատրաստված սալաթները պետք է աղով համեմել միայն օգտագործելուց առաջ, հակառակ դեպքում սալաթը կկորցնի ոչ միայն հաճելի տեսքը, այլեւ օգտակար հատկությունը։
Բանջարեղենից սալաթը շատ համեղ է ստացվում բուրավետ քացախով, որը կարելի է պատրաստել այսպես. գինու քացախը եռացնել, ավելացնել մի քիչ շաքար, մանր կտրատած մաղադանոս, սամիթ, սեւ պղպեղ, դափնետերեւ եւ մանր կտրատած սխտոր։ 5-6 օր մնալուց հետո քացախը քամել եւ լցնել համապատասխան ամանների մեջ եւ պահել զով տեղում։ Բանջարեղենը պետք է եփել թույլ կրակի վրա։ Բանջարեղենը որքան խոշոր է կտրատված, եփելիս այնքան քիչ վիտամիններ են կորչում։
Կանաչեղենը խոր, չոր կաթսայի մեջ պահելիս թարմությունը պահպանում է 1 շաբաթ։
Բանջարեղենը (կանաչ, սալաթ, սպանախ, կաղամբ եւ այլն) հարկավոր է լվանալ հոսող սառը ջրի տակ։ Այս ձեւով դրանք ավելի հեշտ են մաքրվում հողից եւ ավազից։
Մի թափեք այն ջուրը, որի մեջ եփել եք բանջարեղենը։ Շատ օգտակար նյութեր պարունակող այդ հեղուկը կարելի է օգտագործել ապուր կամ սոուս պատրաստելիս։
Գազար
Գազարը պարունակում է գրեթե բոլոր վիտամինները, հատկապես հարուստ է կարոտինով, որն օրգանիզմում վերածվում է A վիտամինի։ Ինչպես հայտնի է, A վիտամինն անհրաժեշտ է հասակի աճի, օրգանիզմում բջիջների բազմացման, ինչպես նաեւ` տեսողության համար։ Որպեսզի A վիտամինը լավ ներծծվի արյան մեջ, անհրաժեշտ է գազարն օգտագործել կարագի հետ։
Գազարը շատ օգտակար սննդամթերք է հիվանդների եւ հատկապես աղեստամոքսային խանգարումներով, թունավոր լուծով տառապող նորածին երեխաների համար։
Գազարից կարելի է պատրաստել համեղ կերակրատեսակներ` սալաթներ, պյուրե, պովիդլո, ջեմ, մուրաբա, թխվածքներ եւ այլն։ Գազարի հյութը բուժիչ հատկություն ունի։ Այն միզամուղ է։ Լավ արդյունք է տալիս լյարդի, լեղապարկի, աղեստամոքսային համակարգի եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում։
Խորհուրդ է տրվում ծանր հիվանդությունից հետո օրական խմել թեկուզ մեկ բաժակ գազարի հյութ։ Դա բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։
Գազարի կեղեւը շատ բարակ է, ահա թե ինչու է այն շատ շուտ թառամում, իսկ բարձր խոնավության պայմաններում` նեխում։ Գազարը լավ է պահպանվում չոր ավազով արկղի մեջ։ Այն լավ է պահվում նաեւ թղթով կամ պոլիէթիլենով փաթաթած վիճակում։