Մայիսի լույս 3-ի գիշերը Երեւան-Սոչի չվերթի «Ա-320» ինքնաթիռի վթարն իր մասշտաբներով առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Այս ողբերգության հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 113 քաղաքացիները` 8 հոգանոց անձնակազմի անդամներն ու 105 ուղեւորները, որոնցից 6-ն, ի դեպ, եղել են երեխաներ:
Ուղեւորներից 77-ը եղել է ՀՀ, 27-ը` ՌԴ, իսկ մեկն էլ` Ուկրաինայի քաղաքացի:
Երեկ երեկոյան ջրից հաջողվել է դուրս բերել 48 դիակ: Իսկ մյուս դիակները հայտնաբերելու ուղղությամբ ընթացող աշխատանքները դեռ շարունակվում են:
«Ա-320» ինքնաթիռը, որ պատկանում է «Արմավիա» ընկերությանը (բորտի համարն է` 32009), Սեւ ծովն է ընկել Սոչի քաղաքի մոտ` ափից 5 կիլոմետր հեռու, որտեղ եւ 300 մետր խորության վրա հայտնաբերվել են վթարի ենթարկված ինքնաթիռի բեկորները: Մայիսի 5-ին եւ 6-ին սգո օր է հայտարարված ՀՀ-ում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Մայիսի 5-ը սգո օր է հայտարարվել նաեւ Ռուսաստանի Դաշնությունում: Այդ օրերին պետք է խոնարհվեն ՀՀ պետական դրոշները, արգելված է մշակութային միջոցառումների իրականացումը: Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ` վթարի պատճառներն ու հանգամանքները տեղում ուսումնասիրելու նպատակով Ռուսաստանյան Դաշնություն է մեկնել Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:
Դեպքի ժամանակագրությունը
Երեւան-Սոչի ինքնաթիռն օդ է բարձրացել տեղական ժամանակով ժամը 01.47-ին: Սոչիի ընդունող օդանավակայանում, եղանակային վատ պայմանների պատճառով, դեռեւս վրացական գոտում անձնակազմի հրամանատարը որոշում է կայացրել` վերադառնալ Երեւան: Ինքնաթիռն ուղղություն է վերցրել դեպի Երեւան: Քիչ անց, Սոչիի օդանավակայանից դիսպետչերը հայտնել է, որ իրենց եղանակը կարգավորվում է, եւ արդեն հնարավոր է վայրէջք կատարել: «Ա-320» ինքնաթիռը կրկին փոխել է իր ուղղությունը` դառնալով դեպի Սոչի: Օդանավակայանին մոտենալիս, երբ արդեն ինքնաթիռը պատրաստվել է վայրէջքի, եղանակը կտրուկ վատացել է, եւ օդանավը հրահանգ է ստացել` վերեւ բարձրանալ ու օդանավակայանի մոտ լրացուցիչ շրջան կատարել: Քիչ անց այն այլեւս անհետացել է ռադարների էկրանից: Օդանավի հետ կապը կորել է Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելու հաշվարկային ժամանակից վեց րոպե առաջ, ժամը 2.15 րոպեին: Շուրջ 15-20 րոպե դիսպետչերները փորձել են կապ հաստատել օդանավի անձնակազմի հետ: Անհաջող փորձերից հետո, Երեւանի ժամանակով ժամը 03.35-ին նրանք տագնապ են հայտարարել: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ ինքնաթիռն ընկել է ծովը:
Ինքնաթիռի վթարի վերաբերյալ տարբեր վարկածներ են շրջանառվում: Սակայն իրավապահները կտրուկ հերքել են տեռորիստական ակտի հավանականությունը: Փաստի առթիվ ՌԴ Կրոսնոդարի երկրամասի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՌԴ Քրեական օրենսգրքի 263 հոդվածով (օդանավի շահագործման կանոնների խախտում, որը հանգեցրել է մեկ կամ մի քանի հոգու մահվան): Նույն դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել նաեւ ՀՀ Գլխավոր դատախազությունում` ՀՀ Քրեական օրենսգրքի 241 հոդվածով (տրանսպորտի երկաթուղային, օդային կամ ջրային ձեւերի անվտանգության եւ շահագործման կանոնների խախտում): ՀՀ քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը երեկ վաղ առավոտյան հրավիրած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ինքնաթիռի վթարի վերաբերյալ հիմնական հետաքննությունը վարելու է ռուսական կողմը, սակայն հայկական կողմը եւս աջակցելու է նրանց: ՌԴ Տրանսպորտի ներքին գործերի Հյուսիսային Կովկասի վարչության պետ Իգոր Ժուկովը, խոսելով վթարի հնարավոր վարկածների մասին, ասել է. «Դա կամ օդաչուի սխալն է եղել, կամ որեւէ տեխնիկական գործոն, հնարավոր է, վերերկրյա ծառայությունների սխալը»: Սակայն բոլորը հակված են կարծելու, որ հիմնական պատճառը եղել է վատ եղանակը: Իրավապահների խոսքերով, սա միայն նախնական վարկածն է: Իսկ վթարի իրական պատճառը կպարզվի հետաքննության արդյունքում: Նշենք, որ արդեն Սոչի են ժամանել «Ա-320» ինքնաթիռներն արտադրող Ֆրանսիական «Airbus» ընկերության մասնագետները, որտեղ նրանք մասնակցելու են «Արմավիա» ընկերության օդանավի աղետի հետաքննությանը: «Արմավիայի» ներկայացուցիչ Անդրեյ Աղաջանովի խոսքերով, «Ա-320» օդանավը գտնվել է «միանգամայն սարքին վիճակում, իդեալական տեխնիկական վիճակում, եւ այն վարել է փորձառու անձնակազմ»: Իսկ Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի խոսքերով` վթարի ենթարկված «A-320» ինքնաթիռն ապրիլին ամբողջովին զննման է ենթարկվել, եւ բացառվում է անսարք լինելու վարկածը: Թռիչքից առաջ եւս ինքնաթիռի վիճակը ստուգվել է: Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության պետը բացառել է նաեւ վառելիքի պակասի վարկածը: Ըստ նրա, ինքնաթիռում եղել է 10 տոննա վառելիք, մինչդեռ Երեւան-Սոչի չվերթի համար բավարար էր 3,5 տոննան: Բայց, չնայած սրան, նկատենք, որ վթարված ինքնաթիռը դեռ ամիսներ առաջ խնդիրներ էր ունեցել Փարիզում: Ավիաընկերությունը հայտարարել էր, որ օդանավը տեխնիկական պրոբլեմներ ունի եւ թռիչքը մի քանի ժամով հետաձգվել է: Դրա հետեւանքով ուղեւորներից շատերը տոմսերը հետ են վերադարձրել: Իսկ Ամստերդամում նույն ինքնաթիռը կրկին տեխնիկական խնդիր է ունեցել, եւ «Արմավիան» ստիպված է եղել ուղեւորների համար ուրիշ ինքնաթիռ ուղարկել:
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Վիկտոր Բելցեւի խոսքերով` ինքնաթիռը ծովն է ընկել 60 աստիճան անկյան տակ: Մասնագետները գրեթե անհնար են համարում օդանավի «Սեւ արկղի» հայտնաբերումը: Միջազգային Ավիացիոն կոմիտեի Օդային տրանսպորտի հետաքննության կենտրոնի ղեկավար Ռաֆայել Թեյմուրազովի խոսքերով. «Ես հոռետեսորեն եմ վերաբերվում Սեւ ծովի հատակին, ափից մեկ կիլոմետր հեռու ինչ-որ բան հայտնաբերելու հնարավորությանը»: Բացի այդ, որոնողական աշխատանքներին խոչընդոտում են ջրի խորությունն ու եղանակային վատ պայմանները: «Ա-320»-ն աղետի է ենթարկվել այն հատվածում, ուր ջրի խորությունը հասնում է 500 մետրի, իսկ ջրասույզները կարողանում են սուզվել մինչեւ 200 մետր: Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունն արդեն դեպքի վայր է բերել ռոբոտներ, հիդրոլոկատորներ, որոնք կարող են որոնողական աշխատանք իրականացնել առկա խորության պայմաններում: Սակայն ծովում 4 բալ ուժգնությամբ ալեկոծությունը խոչընդոտել է նրանց աշխատանքին: Թեեւ փրկարարական ծառայության աշխատակիցները կարողացել են ջրից դուրս բերել նաեւ վթարված ինքնաթիռի որոշ մասեր:
Վրացիներն ունեն ինքնաթիռի ձայնագրությունները
Մինչ Սեւ ծովում փնտրում են ինքնաթիռի «Սեւ արկղը», «Վրացական ավիաուղիներ» ԲԲԸ ներկայացուցիչ Գեորգի Կարբելաշվիլին երեկ լրագրողներին հայտնել է, որ իրենք ունեն վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի եւ վրաց դիսպետչերների խոսակցության ձայնագրությունը: Երեւան-Սոչի օդային ճանապարհի 90 տոկոսն անցնում է Վրաստանի վրայով: Եվ այդ ընթացքում, բնականաբար, կապ է պահպանվել վրացական օդանավակայանների դիսպետչերների եւ հայկական ինքնաթիռի անձնակազմի միջեւ: Գեորգի Կարբելաշվիլիի խոսքերով, սկզբում հայկական ինքնաթիռը թռել է մինչեւ Սեւ ծով, որից հետո նորից ետ է վերադարձել: Սակայն Քութաիսի քաղաքի մոտից կրկին շրջվել է դեպի Սոչի: Ըստ նրա` Թբիլիսիի եւ Բաթումիի օդանավակայանները պատրաստ են եղել ընդունելու հայկական ինքնաթիռները: Ավելին, վրաց դիսպետչերները, ինչպես ֆիքսված է ձայնագրության մեջ, մի քանի անգամ զգուշացրել են ինքնաթիռի անձնակազմին Սոչիում տիրող վատ եղանակի մասին եւ առաջարկել իրենց մոտ հանգրվանել: Սակայն հետո ռուս դիսպետչերները, Գ. Կարբելաշվիլիի խոսքերով, հավաստիացրել են, որ եղանակն արդեն կարգավորվել է, եւ ամեն ինչ նորմալ է: Ի դեպ, թռիչքի ընթացքում վրացի դիսպետչերները մի քանի անգամ հետաքրքրվել են ինքնաթիռի վառելիքի պաշարների մասին: Եվ օդանավի անձնակազմը հավաստիացրել է, որ իրենց մոտ բավական վառելիք է մնացել, եւ այն կբավարարի դեռ 2,5 ժամ թռիչքի համար: Սակայն Կարբելաշվիլին զարմանք է հայտնել, որ հետաքննական մարմիններն այդպես էլ իրենց չեն դիմել եւ իրենցից ինքնաթիռի անձնակազմի հետ խոսակցության ձայնագրությունը չեն ուզել, ուստի ինքն այդ ամենը ներկայացրել է լրատվամիջոցներին:
Իսկ այս ժամերի ընթացքում ՀՀ-ն շարունակում է ցավակցական հեռագրեր ստանալ աշխարհի տարբեր ծայրերից: Ցավակցական հեռագիր է ուղարկել նաեւ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը: