Երեկ վաղ առավոտից «Զվարթնոց» օդանավակայանում չէր դադարում Երեւան-Սոչի ինքնաթիռի վթարի զոհ դարձած ուղեւորների հարազատների հոսքը: Օդակայանում տեղեկատվություն ստանալու միակ աղբյուրը Քաղաքացիական ավիացիայի Գլխավոր վարչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Գայանե Դավթյանն էր: «Արմավիայի» որեւէ ներկայացուցչի մենք այդպես էլ չկարողացանք տեսնել այնտեղ:
Զոհվածների հարազատներին նույնպես տեղեկատվություն չէր տրվում: Նրանց միակ աղբյուրը օդակայանում վաղ առավոտից փակցված Երեւան-Սոչի թռիչքուղիով մեկնած ուղեւորների ցանկն էր: Նրանք մոտենում էին ցուցակին, փնտրում իրենց հարազատի անուն-ազգանունը, եւս մեկ անգամ համոզվում, որ իրենց հարազատն այդ ինքնաթիռում է եղել, դրան հաջորդող աղմուկ-աղաղակներն ուղղակի աննկարագրելի էին: Նրանց որեւէ մեկը չէր մոտենում, այլ մանրամասներ չէր փոխանցում ու չէր մխիթարում: Ամեն մեկն ինքն իրենով էր:
Հեռվում` պատի տակ, պատրաստ կանգնած էին բուժաշխատողները ու սպասում էին, թե երբ է զգացվելու իրենց անհրաժեշտությունը: Նրանց կարելի էր դիմել ճնշում չափելու եւ «վալերիանկա» խնդրանքով: Այլ օգնություն պարզապես հնարավոր չէր ակնկալել բազմության մեջ:
Առաջին արտահերթ չվերթը դեպի Սոչի երեկ կատարվել էր ժամը 11:00-ին, որը, սակայն, բավարար չէր զոհերի հարազատներին տեղափոխելու համար: Երկրորդ թռիչքը, ինչպես վստահեցնում էր Գ. Դավթյանը, պետք է լիներ ժամը 16:00-ին եւ այն նույն ինքնաթիռով, որը կատարել էր առաջին թռիչքը: Ինքնաթիռը Երեւան ժամանեց ժամը 16:20 րոպեին, եւ երկրորդ թռիչքը կատարվեց միայն ժամը 20:25 րոպեին: Այդ ընթացքում զոհերի հարազատներին որեւէ մեկը չէր տեղեկացնում, թե ե՞րբ է լինելու հաջորդ թռիչքը, ինչո՞ւ է ուշանում, կամ արդյոք իրենք ընդգրկվա՞ծ են երկրորդ թռիչքի կազմում, թե՞ ոչ: Անորոշությունից հարազատների մոտ այլ խուճապ էր ստեղծվում: Մարդիկ առավոտից, ոմանք անգամ գիշերվանից օդանավակայանում էին, նրանց որեւէ սնունդ կամ սովորական ջուր չէր առաջարկվում: Միայն «վալերիանկա», եթե` արդեն վատ ես զգում:
Օդակայանում կամավոր օգնության էին եկել «Հոգեկան առողջության կենտրոնի» հոգեբան Խաչիկ Գասպարյանն ու հոգեբույժ Մարուք Եղյանը: Նրանք էին միայն, որ մոտենում էին հարազատներին ու փորձում հանգստացնել, զրուցել: Խ. Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախ` անհրաժեշտ էր «տեսակավորել» հավաքված մարդկանց` զոհերի հարազատներին, լրագրողներին եւ մյուս քաղաքացիներին, քանի որ դա լրացուցիչ խուճապ է ստեղծում: «Տեղեկատվության պակաս կա, որի պատճառով զոհերի հարազատները շատ հակասական ինֆորմացիա են ստանում տարբեր տեղերից: Իսկ դա հոգեբանական տեսանկյունից վատ է: Պետք էր նաեւ ռեակցիան վերածել ակցիայի, որպեսզի լուրջ հետեւանքներ չլինեն, սակայն դա էլ չկա»,- ասաց Խ. Գասպարյանը` ավելացնելով, թե կազմակերպչական այդ թերությունը լրացուցիչ խուճապ է ստեղծում հարազատների մոտ: Ըստ հոգեբանի, նույն ազդեցությունն ունեին նաեւ տեսախցիկները, որոնք հետեւում էին սգացող հարազատներին:
Սաղաթելյանին ինքնաթիռից չեն զանգել
A-320 ինքնաթիռում են եղել նաեւ «Զվարթնոց» օդանավակայանի VIP բաժնի պետ Ալբերտ Ազարյանը, «Հայկական ավիաուղիների» նախկին ղեկավար, «Արմավիայի» ներկայիս խորհրդական Վյաչեսլավ Յարալովն ու իր տիկինը, որոնք Հայաստան էին ժամանել մասնակցելու Վ. Յարալովի զոքանչի հուղարկավորությանը: Նույն ինքնաթիռում են եղել նաեւ ՆԳՆ նախկին նախարար Հուսիկ Հարությունյանն ու ԱԱԾ նախկին պետ Կառլոս Պետրոսյանի որդին` Արամ Պետրոսյանը: Ի դեպ, ուղեւորների մեջ է եղել նաեւ Ռոստովում բնակվող, գյումրեցի «հեղինակություն» Բենիամին Խաչատրյանը, որն օդանավակայանում շրջանառվող լուրերի համաձայն` ինքնաթիռից զանգահարել է քաղաքական գործիչ Մուշեղ Սաղաթելյանին եւ տեղեկացրել է, որ իրենց ինքնաթիռը վայր է ընկնում: Ասում են նաեւ, որ Բ. Խաչատրյանը Մ. Սաղաթելյանին խնդրել է «տեր կանգնել» իր ընտանիքին: Սակայն Մ. Սաղաթելյանը մեր թղթակցի հետ զրույցում հերքել է այս տեղեկատվությունը` ասելով, թե իրեն որեւէ մեկը չի զանգահարել, քանի որ դա, ըստ նրա, «անհնար էր նույնիսկ տեխնիկապես»: «Ես նրան ընդամենը ճանապարհել եմ, ու դրանից հետո եկել եմ տուն: Թռիչքից հետո ինքն ինձ չի զանգել»,- ասել է Մ. Սաղաթելյանը: Երեկ օդանավակայանում էին նաեւ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության գյումրեցի պատգամավորներ Սամվել Բալասանյանն ու Հովհաննես Մարգարյանը, որոնց, ըստ լուրերի, Բ. Խաչատրյանը «լուրջ թիկունք է եղել»: Նրանք ցանկանում էին հարազատներին Սոչի ուղեւորելու համար նախատեսված երկրորդ չվերթով ճանապարհել Բ. Խաչատրյանի հինգ հարազատներին: Նշենք, որ յուրաքանչյուր ընտանիքից ընդամենը մեկ հարազատ կարող էր մեկնել Սոչի, ավելին, ըստ օդակայանի աշխատակիցների, հնարավոր չէր, քանի որ թռիչքն իրականացվում էր 120 տեղանոց ինքնաթիռներով:
Ուշագրավ է եւս մեկ փաստ: Այդ թռիչքով Բենիամին Խաչատրյանի հետ Սոչի պետք է մեկներ նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, սակայն նա ուշ գիշերին հետ է վերադարձրել իր տոմսը: Ասում են` թռիչքից առաջ Ա. Աղաբաբյանն ու Բենիամին Խաչատրյանը մի խումբ մարդկանց հետ ինչ-որ տեղ նշել են Բ. Խաչատրյանի վերադարձը Սոչի: Սակայն թռիչքից ժամեր առաջ Ա. Աղաբաբյանն իրեն վատ է զգացել, ու ՀՀԿ-ական Գալուստ Սահակյանը նրան հորդորել է մեկ օրով հետաձգել իր թռիչքը: Երկար համոզելուց հետո, ի վերջո, Ա. Աղաբաբյանը որոշել է հետ վերադարձնել իր տոմսը: Նա Սոչի է մեկնել երեկ առավոտյան` առաջին թռիչքով, զոհերի հարազատների հետ, որպեսզի, ինչպես նշում էր Գ. Սահակյանը, օգնի դիակները Հայաստան բերել: Օդակայանից տեղեկացանք, որ նախապես գրանցված երկու քաղաքացիներ նույնպես այդ օդանավով չէին մեկնել Սոչի, որովհետեւ փաստաթղթային թերություններ են եղել:
Հարազատներին տեղափոխող երկրորդ ինքնաթիռը, ինչպես նշեցինք, եղավ ժամը 20:25 րոպեին: Այդ պահին էլ ինքնաթիռի վթարի շուրջ շրջանառվող հիմնական վարկածն անբարենպաստ եղանակն էր, ինչն էլ խոչընդոտել է տեսանելիությունն, ու ինքնաթիռն անհետացել է: «Եթե վայրէջք տեղի չի ունենում, ինքնաթիռն իրավունք ունի իրականացնել երկրորդ պտույտը, իսկ եթե գործում է երկրորդ պտույտը, ուրեմն կարողանում է վայրէջք կատարել»,- ասաց Գ. Դավթյանը` ավելացնելով, թե «Արմավիայի» A-320 ինքնաթիռը երկրորդ անգամ էլ չի կարողացել վայրէջք կատարել, ու ռադարների տեսադաշտից կորել է, կորցնելով նաեւ կապը ցամաքի հետ: Որոշ ժամանակ անց օդանավի բեկորներն արդեն գտել են Սեւ ծովում: Գ. Դավթյանը տեղյակ չէր` արդյոք մինչ Երեւան-Սոչի ինքնաթիռի վայրէջք կատարելը, Ադլերի օդակայանում այլ ինքնաթիռ վայրէջք կատարե՞լ էր, թե՞ ոչ: «Ինքը չի համապատասխանել վայրէջքի չափանիշներին: Ընդհանրապես Սոչիի օդանավակայանը համարվում է բավականին ցածր կարգի օդանավակայան»,- ասաց նա: Ինքնաթիռում, ինչպես նշեց Գ. Դավթյանը, փրկաբաճկոններ եղել են, սակայն դրանք գործում են միայն վայրէջքի պահին: «Այո, սովորաբար փրկաբաճկոններ լինում են, բայց դրանք գործում են այն ժամանակ, երբ լինում է վթարային վայրէջք: Այնինչ, վայրէջք ընդհանրապես չի եղել: Եթե վթարային վայրէջք է լինում, այդ ժամանակ փրկարարական բոլոր օղակներն աշխատում են, բայց քանի որ չի եղել` դրանք չեն աշխատել»: Ըստ Քաղավիացիայի վարչության լրատվական ծառայության պետ Գ. Դավթյանի, Քաղավիացիայի գլխավոր վարչությունը թռիչքային անվտանգության գծով վարչություն ունի, որը զբաղվում է բացառապես օդանավերի վերահսկմամբ ու ժամանակ առ ժամանակ տեխնիկական զննման է ենթարկում օդանավերը: «Յուրաքանչյուր թռիչքից առաջ լինում է տեխզննում, եւ տվյալ բորտը նույնպես անցել է այդ զննումը, եւ եղել է բարվոք վիճակում: Անձնակազմում նույնպես պրոֆեսիոնալներ են եղել»,- ասաց Գ. Դավթյանը: Հարցին, թե օդաչուները եղանակի մասին տեղեկություն չե՞ն ստանում թռիչքն իրականացնելուց առաջ, Գ. Դավթյանը պատասխանեց. «Եղանակի մասին հաղորդագրությունն օդաչուն ստացել է Վրաստանի տարածքում: Նա չէր կարող ժամեր առաջ գուշակել, թե այնտեղ ինչ եղանակ է սպասվում: Կարող է ինքնաթիռը հասներ Վրաստան, եւ եղանակը բացվեր»:
Սովորաբար, ըստ սահմանված կարգի, յուրաքանչյուր օդային տարածք հատելիս, տվյալ նավիգացիոն ծառայությունը պարտավոր է օդային այդ տարածքում գտնվող ինքնաթիռի օդաչուին եղանակի մասին մանրամասներ հաղորդել: Պարտավոր է նաեւ տեղեկացնել, թե ինչպիսին է եղանակը հետագա ճանապարհին: Գ. Դավթյանի հավաստմամբ, սկզբում Վրաստանի նավիգացիոն ծառայությունը հաղորդել է, թե Ադլերում եղանակն անբարենպաստ է վայրէջքի համար, սակայն քիչ անց «Սոչին հաղորդում է, որ հնարավոր է վայրէջք կատարել, բայց հենց ինքնաթիռը հասնում է Սոչի, այլեւս անհնարին է լինում, ու երկրորդ պտույտն է կատարում»,- ասաց Գ. Դավթյանը:
Սակայն, մեկ այլ վարկածի համաձայն, երբ Վրաստանի դիսպետչերը հաղորդել է, որ եղանակն անբարենպաստ է, ինքնաթիռը պտույտ է կատարել, որպեսզի հետ վերադառնա Երեւան: 15 րոպե հետո, սակայն, Վրաստանի դիսպետչերը նորից հաղորդել է, թե եղանակը բացվել է, եւ հնարավոր է վայրէջք իրականացնել: Հենց այդ ժամանակ ինքնաթիռը կատարել է երկրորդ պտույտը ու նորից մեկնել է Սոչի: Օդանավակայանի օդաչուներից մեկը մեզ հետ զրույցում վստահեցնում էր, որ մեղքը դիսպետչերինն է, որն իրավունք չուներ նման տեղեկատվություն տարածել ու համոզված ասել, թե հնարավոր է վայրէջք կատարել: Բանն այն է, որ ըստ մեր զրուցակցի, ցանկացածի համար ակնհայտ է, որ եղանակը 15 րոպեում չի կարող բարենպաստ լինել բարեհաջող վայրէջք կատարելու համար: Ավելին, ըստ օդակայանի օդաչուների, եղանակն այնքան անբարենպաստ չէր, որ A-320 ինքնաթիռը չկարողանար վայրէջք կատարել: Շատ ավելի վատ եղանակների դեպքում էլ են այդ ինքնաթիռները կարողացել առանց վթարների իջնել:
Այն հարցին, թե միայն անբարենպաստ եղանակը բավարա՞ր էր օդանավի վթարի համար, թե՞ ուրիշ պատճառներ էլ կային, Գ. Դավթյանը պատասխանեց. «Դա շատ մասնագիտական հարց է: Բնականաբար, անբարենպաստ եղանակի դեպքում նա կարող էր երրորդ պտույտն էլ կատարել եւ, ի վերջո, վերադառնալ Զվարթնոց: Սա էլ է տարբերակ, որը քննարկվել է: Բայց թե ինչո՞ւ նման բան չի կատարել օդաչուն` անհասկանալի է, եւ հենց այդ ինչո՞ւ-ն է խնդիրը, որի մասին, կարծում ենք, տեղեկություն կունենանք ուշ երեկոյան»:
Գ. Դավթյանին հարց ուղղելու հնարավորությունից օգտվեց նաեւ զոհվածների հարազատներից մեկը եւ ուզում էր պարզել` արդյոք հնարավոր չէ՞ր այլ քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարել: «Կարելի էր, ՀՀ ավիացիան ունի 3 պահեստային օդանավակայաններ Սոչիում, Մինվոդում եւ Թբիլիսիում: Ցանկացած պահի կարող էր օդաչուն որոշում կայացնել եւ փոխել օդանավակայանը: Խնդիրը հենց այդ ինչո՞ւ-ի մեջ է, թե ինչո՞ւ նա չի փոխել օդանավի ուղղությունը»,- ասաց Գ. Դավթյանը:
Ասում են` եղանակը Սոչիում նպաստավոր է եղել
Ժամը 16:20 րոպեին «Զվարթնոց»-ում վայրէջք կատարեց Սոչի-Երեւան ինքնաթիռը: Սոչիից եկած ուղեւորների կցկտուր տեղեկություններից հասկացանք, որ այնտեղ նույնպես անորոշություն է: «Բոլորը հավաքված են Սոչիի օդանավակայանում, ասում են` մառախուղ է եղել, վայրէջք չի եղել, դրա համար: Ինձ թվում է` բենզինն էր վերջացել, դրա համար էլ չի հասել օդանավակայան»,- ասաց ուղեւորներից մեկը: Մեկ այլ ուղեւորի` Անժելա Մարկոսյանի խոսքով, իրենց էլ չի հաջողվել այնտեղ իմանալ, թե կոնկրետ որ մասում է ընկել ինքնաթիռը: «Ամեն ինչ անհասկանալի է, ոչ ոք չգիտի, թե ինչ է եղել, եւ ինչ է կատարվել ընդհանրապես` ահաբեկչությո՞ւն էր իրականում, թե՞ ինչ: Ոչինչ հայտնի չէ: Ով կարողանում է` հասնում է օգնության: Ահավոր է վիճակը»,- ասաց նա: Մի տարեց մարդ, ով երկար ժամեր Սոչիի օդանավակայանում է եղել, պատմում էր. «Մեզ ասացին` ինքնաթիռն անհետացել է: Էդքան բան: Հետո ասեցին` կես ժամ սպասեք: Սպասեցինք, հետո նորից ասեցին` կես ժամ սպասեք: Ասում են` դիսպետչերն ասել է` հետ գնացեք Երեւան, երկրորդ պտույտի ժամանակ արդեն ընկել է: Դե թող Կրասնոդար, Մինվոդ իջներ, ինչի՞ չիջացրին: Չիջացրին` մարդն էլ փորձանքի էկավ, ժողովուրդն էլ կոտորվեց»: Հետաքրքրվեցինք` արդյոք Սոչիի օդանավակայանում այդ հարցը չե՞ն տվել, նա պատասխանեց. «Մեզ ո՞վ է հաշվի առնողը, ընենց միամիտ հարց ես տալիս, քուր ջան»:
Առավել ուշագրավ էին Ալլա Խաչատրյանի փոխանցած տեղեկությունները: Նա նշեց, որ Սոչիի օդանավակայանում անվճար ավտոբուսներ կան, որոնք մարդկանց տեղափոխում են հյուրանոցներ ու անհրաժեշտության դեպքում` նաեւ հիվանդանոցներ: Ամեն ինչ, ինչպես նշեց ուղեւոր Ա. Խաչատրյանը, ամեն ինչ այնտեղ անվճար է կատարվում: «Դիակները մենք չտեսանք: Սոչիի հեռուստաընկերությամբ ցույց տվեցին, որ սկզբում կնոջ դիակ էին հանել»,- ասաց նա: Ա. Խաչատրյանը զարմացած էր այն հայտարարություններից, թե Սոչիում եղանակն անբարենպաստ է: «Այս օրերին թռիչքները նորմալ են եղել: Ես այստեղից (Երեւանից.-Լ.Ս.) Սոչի եմ գնացել ապրիլի 26-ին, շատ նորմալ էր, նույն եղանակն էր, ինչ երեկ էր Սոչիում: Ասում էին` պատճառը եղանակն է եղել, բայց եղանակը նորմալ էր, ոչ մի բան չկար: Լուսադեմին 4:05 րոպե պետք է թռչեինք Երեւան, բայց անընդհատ հետաձգում էին, մենք էլ ավտոյի մեջ քնեցինք, հետո ձեներ լսեցինք, գնացինք` տեսնենք բոլորը գոռում են, գլուխները բռնած ման են գալիս: Հարցրինք` ի՞նչ է եղել, ասեցին` սամալյոտն ընկավ ծովը: Զարմացանք` ո՞նց է ընկել ծովը, քիչ առաջ ասում էին` ուշանում է, հիմա էլ ծովն ընկավ: Ասեցին` բա, եղանակը շատ վատն էր: Եղանակի պատճառով հնարավոր չէ, որովհետեւ մենք էդ եղանակով ապրիլի 26-ին իջել ենք Ադլեր: Այնտեղ ասեցին, որ իրենք են ասել, որ օդանավը մի քիչ օդում մնա, որովհետեւ օդանավակայանը զբաղված էր: Ուրիշ բան չկա: Այնտեղ ահավոր վիճակ է, մենակ ժողովրդի վիճակը տեսնեք: Պատկերացնո՞ւմ եք հայ տղամարդու լացը, որը երբեք չեք կարողանա օտար քաղաքում տանել, ահավոր էր,- ասում էր Ա. Խաչատրյանը։ -Ժամը 1:30-ից մինչեւ 4:05 րոպե օդանավակայանում ենք եղել, միայն վերջին պահին ենք իմացել, թե ինչ է եղել: Երեք ժամ հետո են հասել օգնության, ժամը 8-ի սահմաններում, մինչեւ էդ ոչ մի օգնություն չի եղել: Համարյա 5 ժամ օդանավակայանում ենք կանգնել: Ժողովրդի վիճակն այնտեղ ահավոր է, դժվար է»:
Ի դեպ, երեկ Սոչի-Երեւան ինքնաթիռում էր նաեւ շախմատիստ Լեւոն Արոնյանը: Լրագրողների հարցին, թե ինչ է կատարվում Սոչիում, Արոնյանը ոչինչ չկարողացավ պատասխանել. երկու րոպե գլուխը բռնած կանգնեց, մտածում էր ինչ ասել, հետո ասաց. «Կներեք էլի, չեմ կարա»: Ու գնաց: Նրանից ոչ ոք ոչինչ չկարողացավ իմանալ, այնինչ մտածում էինք` ավելի շատ բան հնարավոր կլիներ հենց իրենից իմանալ:
Հ.Գ. Երեկ 24:00-ի սահմաններում դեպի Սոչի թռիչքի էր պատրաստվում նաեւ 3-րդ ինքնաթիռը: Այլ տեղեկություններ այդ ժամի դրությամբ դեռեւս չկային: Նույն վարկածն էր, նույն տեղեկատվությունը. ինքնաթիռում եղել է 113 մարդ` 63 տղամարդ, 36 կին, 6 երեխա, 8 հոգի անձնակազմից: