Կորսված ժամանակ

07/05/2006 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Երեկ պատահաբար ձեռքս ընկավ «Ազգ» օրաթերթի 2002 թվականի մի համար։ Առավոտ էր, սուրճ էի խմում, եւ աչքի պոչով նայում հին օրաթերթի հոդվածների վերնագրերը։ Վերջին էջում տեղադրված լուրը պատմում էր, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը մի քանի նախարարությունների միացյալ ջանքերով պատրաստվում պայքարել Ատոմ Էգոյանի հանրահայտ «Արարատ» ֆիլմի հնարավոր ցուցադրության դեմ, ասես պատրաստվեին ինչ-որ ահավոր համաճարակի դեմն առնելու։ Այս լուրը կարդալիս հիշեցի, որ օրեր առաջ աչքովս մի այլ տեղեկություն էլ էր ընկել, թե թուրքական մասնավոր մի հեռուստաալիք պատրաստվում է ցուցադրել նշված ֆիլմը։ Փառք Աստծո, ինտերնետը կա։ Որոնումը երկար չտեւեց։ «Ատոմ Էգոյան։ Արարատ» բանալի բառերը հավաքելով` անմիջապես գտա «Ռեգնումի» լուրը։ Եվ պարզեցի, որ իսկապես «Canal Turk» կոչվող մասնավոր ալիքն այս տարվա ապրիլի տասներեքին ցուցադրել է Էգոյանի ֆիլմը։ Հեռուստաընկերության մամուլի քարտուղարն էլ ասել է, թե այս հանդգնությանը գնացել են հեռուստադիտողների 72 տոկոսի ցանկությամբ։ Եվ, որ ամենակարեւորն է՝ Թուրքիայի կառավարությունը չի արգելել ֆիլմի ցուցադրումը։

Փաստորեն «Ազգի» եւ «Ռեգնումի» լուրերի միջեւ ընկած է ուղիղ չորս տարի։ Հասարակության մտայնությունների փոփոխման տեսակետից չորս տարին առանձնապես մեծ ժամանակահատված չէ, իսկ մարդու կյանքի միջին տեւողության հետ համեմատած` բավական մեծ ժամանակ է։ Այն, որ չորս տարում Թուրքիայի հասարակության տրամադրությունը չէր կարող միանգամից փոխվել, պարզ է ու հասկանալի։ Հետեւաբար պարզ է ու հասկանալի, որ այդ երկրի կառավարությունն ուզում էր կասեցնել իր ժողովրդի շփումը ճշմարտության հետ, եւ այդ իմաստով անցած չորս տարին պարզապես կորսված ժամանակ է։

Հիմա էլ Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության անդամ, թուրքական խորհրդարանի պատգամավոր Սուքրու Էլեքդաղը դատ է բացում «Կապույտ գիրք» ժողովածուի հրատարակիչների դեմ, որը հայերի ոչնչացումը վկայող փաստաթղթերի ժողովածու է։ Էլեքդաղը «բարոյական վնասի» փոխհատուցում է պահանջում գրքի հրատարակության մասնակից, առաջաբանի հեղինակ Թաներ Աքչամից։ Աքչամը պատգամավորին քննադատել է Մեծ Բրիտանիայի պառլամենտին ուղղած նամակի համար, որով նա պահանջում է հերքել «Կապույտ գրքում» բերված վկայությունները։ Իսկ նշված գիրքը, որի հեղինակներն են Լորդ Բրայսը եւ հանրաճանաչ պատմաբան Առնոլդ Թոյնբին, իրենից ներկայացնում է 1916 թվականին Բրիտանական պառլամենտում լսված զեկույցը, որը վկայում է, թե Օսմանյան Կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված եւ կանխամտածված բնույթ է ունեցել։

Սա, իհարկե, մի քիչ ավելի լուրջ բան է, քան Ատոմ Էգոյանի կինոստեղծագործությունը, բայց ես չեմ զարմանա, որ 2010 թվականին լրատվական որեւէ գործակալություն հաղորդի, թե ընթերցողների 72 տոկոսի պահանջով նշված գիրքը վերահրատարակվել եւ վաճառքի է հանվել Թուրքիայի բոլոր գրախանութներում։ Եվս չորս տարի, որ կարելի է գումարել կորսված ժամանակին։

Ադրբեջանական «Զերկալո» թերթը վերջերս հաշիվ էր պահանջել Ղարաբաղի ազատագրության կազմակերպության (ՂԱԿ) ղեկավար Ակիֆ Նաղիից այն բանի համար, որ վերջինս վիրավորել ու վարկաբեկել էր թերթի գլխավոր խմբագրին ու «Այնա» թերթի աշխատակից Ռաուֆ Միրկադիրովին։ Եվ ի՞նչ է պարզվում այդ ծավալուն հարցազրույցից։ Պարզվում է, որ «Զերկալո» եւ «Այնա» թերթերը տարիներ շարունակ պատրաստակամորեն լուսաբանել են ՂԱԿ-ի բոլոր նախաձեռնությունները, այդ թվում, նաեւ կազմակերպության գրոհայինների հարձակումը ՆԱՏՕ-ի ժողովի վրա, որին մասնակցում էին Հայաստանից ժամանած սպաներ, ՂԱԿ-ի պիկետը Բաքվի օդանավակայանում, որի պատճառով ՆԱՏՕ-ի ժողովին չեն մասնակցել հայեր, եւ նույն կազմակերպության անփառունակ երթը դեպի Շուշի։

Ակիֆ Նաղիի հետ զրուցել են զայրացած չորս լրագրողներ, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել «չուլ» սարքել «ազգային հերոսին» միայն ու միայն այն պատճառով, որ վերջինս համարձակվել է վիրավորել իրենց։ Ադրբեջանցի լրագրողների հարցերից եւ «ազգային հերոսի» անվարժ պատասխաններից պարզ է դառնում, որ Նաղին գոնե մեկ օր չի մասնակցել Ղարաբաղյան պատերազմին, որ նա շատ սերտ կապեր ունի Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարության հետ, եւ հնարավոր է նրա գործողությունների ուղղորդված լինելը, որ Նաղին առաջինն է հանդես եկել Ռամիլ Սաֆարովից ազգային հերոս կերտելու նախաձեռնությամբ, որ հենց ինքն է մտածել Սաֆարովի «վիրավորված արժանապատվության» վարկածը եւ, որ հենց ինքն է մեղավոր Բուդապեշտում տեղի ունեցած դատավարության անախորժ վախճանի համար։

Ղարաբաղի ազատագրության ջահակիրը պետք է լրագրողների ո՞տքը տրորեր, որ հասկանային նրա գաղափարների դատարկությունն ու գործողությունների վնասակարությունը։ Մի՞թե դժվար էր պատկերացնել, որ «կորցրած հայրենիքի» ազատագրության գործը չէր կարելի վստահել գիտությունների դասալիք թեկնածուին, կամ հասկանալ, որ դեպի Շուշի արշավանքը քարոզչական նպատակով օգտագործվող խելագարություն է։ Բայց տարիներ շարունակ նշված թերթերի խմբագիրներն ու լրագրողները (իրենք են խոստովանում) Նաղիի խելապակաս նախաձեռնություններով սնել են ընթերցողներին, որպեսզի նրանց հոգիներում վառ պահեն «հայրենասիրության» ջահը։ Իսկ հիմա հասկացել են, որ ահագին ժամանակ են կորցրել, իզուր։ Վաղն էլ պիտի հասկանան, որ իզուր են փորձում ապացուցել անապացուցելին, թե Նախիջեւանի խաչքարերը աղվանական մշակույթի կոթողներ են։ Մի չորս տարի հետո խաչքարերը ոչնչացնելու հրաման տվող սպան գուցե պատահաբար անցնի այս կամ այն խմբագրի վրայով, ու խմբագիրն էլ գուցե պատահաբար հիշեցնի նրան աղվանական կամ հայկական (այս դեպքում՝ կարեւոր չէ) մշակույթի նկատմամբ աննրբանկատ սպայի վայրագ վերաբերմունքը։

Ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ։ Առաջին հայացքից՝ ոչ մի։ Բայց մեզ մոտ էլ ոմանք խոսում են հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների գենետիկ անհամատեղելիության մասին՝ մտքի ծայրով չկասկածելով անգամ, որ խաղաղությունն ու համակեցությունն անխուսափելի են։ Մեզ մոտ էլ ոմանք պահանջում են արգելել թուրքական ապրանքի մուտքը Հայաստան՝ մտքի ծայրով չկասկածելով անգամ, որ դրանից Թուրքիայի տնտեսությունն առանձնապես չի տուժելու, իսկ Հայաստանն ավելի է սեղմվելու մեկուսացման օղակի մեջ։ Մեզ մոտ էլ ոմանք ուզում են Ջավախքի հայերի խնդիրներն այնպես լուծել, որ շաբաթն ուրբաթից շուտ գա, եւ ժամանակից առաջ ընկնելով` մեծացնում են կորսված ժամանակի ծավալը։

Հինգհազարամյա պատմություն ունենք, մի քիչ` էս կողմ, մի քիչ` էն կողմ, ի՞նչ պիտի լինի։