PR արտահայտությունը հայաստանյան իրականության մեջ համեմատաբար նոր է:
Բայց քանի որ ինքը` PR-ը, բացի սուբյեկտիվ գործոններից, ունի նաեւ օբյեկտիվ բնույթ,
ապա կարելի է ասել, որ PR-ը ստեղծվել է քաղաքակրթության հետ միասին: Այսօր արդեն աշխարհում PR-ը դիտվում է որպես լուրջ գիտություն, եւ այդ բնագավառում աշխատում են միլիոնավոր մարդիկ:
Իսկ ի՞նչ են անում հայերը: Մինչեւ անկախացումը, երբ Հայաստանում PR հասկացողությունն ընդհանրապես գոյություն չուներ, հայերի համար օբյեկտիվորեն PR-ի առարկա էին դառել հայկական կոնյակը, «հայկական ռադիոն», Արարատ լեռը, սփյուռքում ապրող հանրահայտ հայերը: Ի դեպ, վերոնշյալ բոլոր դեպքերը, այսօր էլ պետական մակարդակով օգտագործվում են Հայաստանի PR-ի նպատակով (այլ հարց է, թե այդ ամենն այսօր ինչ արդյունավետությամբ է օգտագործվում): Սակայն այսօր, երբ բացի պետական համակարգից, տնտեսությունում գործում է նաեւ մասնավոր հատվածը, բնականաբար սեփականատերն ինքը պետք է մտածի իր ընկերության, արտադրանքի կամ ծառայության PR-ի մասին:
Մինչեւ 1998թ. նախագահական ընտրությունները, Հայաստանում PR-ը գործում էր օբյեկտիվորեն եւ չանձնավորված: 1998-ից սկսած, երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շրջապատին պետք էր միառժամանակ չեզոքացնել Կարեն Դեմիրճյանի բավականին բարձր վարկանիշը, փափկացնել նրա ղարաբաղցի լինելու փաստը եւ սեւացնել նախկին «հանցավոր ռեժիմը», PR-ը մտավ մեր իրականության մեջ, որպես քաղաքական պայքարի միջոց: Ընդ որում, ինչպես սեւ PR-ն, այնպես էլ` սպիտակ: Նշեմ, որ ի տարբերություն ՀՀՇ-ականների` որոնք այդպես էլ չհասկացան ԶԼՄ-ների դերը հասարակության կյանքում (որովհետեւ նրանք կարող էին հեշտությամբ «ժերտվա» տալ Տիգրան Հակոբյանին, որը PR-ի լավագույն մասնագետներից է, կամ էլ լինելով ընդդիմություն` չունենալ սեփական թերթը), այսօրվա իշխանությունները, կարելի է ասել, 100%-ով օգտագործեցին ԶԼՄ-ների հետ կապված բոլոր հնարավորությունները (այդ թվում, փակելով «Ա1+» հեռուստատեսությունը): Եվ 2000թ. Անդրանիկ Մարգարյանի հայտնի ասուլիսից հետո, երբ նա պահանջեց Սերժ Սարգսյանի, Աղվան Հովսեփյանի եւ Տիգրան Նաղդալյանի հրաժարականները, Ռոբերտ Քոչարյանը կիսով չափ ընդունեց առաջին երկու պայմանները, սակայն Տ.Նաղդալյանին այդպես էլ ձեռք չտվեց:
Քանի որ PR-ը հայերի համար նոր եւ օտար հասկացողություն էր, շատերի մոտ ստեղծվեց այն տպավորությունը, որ այն իրենից ներկայացնում է քաղաքական գովազդ (ի դեպ, շատերը մինչ օրս համոզված են, որ դա այդպես էլ կա): Իրականում այն իրենից ներկայացնում է public relations անգլերեն բառակապակցությունը, որը թարգմանաբար նշանակում է` հասարակության հետ կապեր: Իրականում PR-ն այսօր շատ ավելի ընդգրկուն է, քան այն, ինչը կարելի է հասկանալ «հասարակության հետ կապեր» ֆրազից: Իմ կարծիքով, ճիշտ աշխատանքի արդյունքում PR-ի ազդեցությունը Հայաստանում կարող է շատ մեծ լինել, քանի որ մենք շատ բամբասկոտ ենք, իսկ այդ հանգամանքի ճիշտ օգտագործումը ժամանակակից PR-ի ամենաազդեցիկ զենքերից մեկն է: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում PR-ը ներխուժեց նաեւ հայկական բիզնես, որի հետեւանքով վերջին շրջանում տարբեր պետական եւ ոչ պետական կառույցներում PR-մենեջերները եւ մամլո քարտուղարները (որոնք հաճախ համատեղում են PR-մենեջերների պաշտոնը) բավականին լայն իրավասություններ են ստացել: Ռուսաստանի օլիգարխ, «Ռուսսկի ալյումինի» ընկերության սեփականատեր Օլեգ Դերիբասկան մի առիթով նշել է, որ հաջողված բիզնեսը 40%-ով կազմված է PR-ից, 40%-ով` GR-ից (government relations – կառավարության եւ իշխանության հետ կապեր), եւ 20%-ով` ճիշտ կառուցված բիզնեսից: Հայաստանում այդ ցուցանիշները մի փոքր այլ են: Այն, ինչ կատարվում է մեր տնտեսական դաշտում վերջին հինգ-վեց տարիներին, ինչպես նաեւ` այն փաստը, որ մեր բոլոր օլիգարխներն ու խոշոր բիզնեսմենները ձգտում են անպայման հայտնվել Ազգային ժողովում (խտրականություն չդնելով` մեծամասնական ընտրակարգո՞վ, սեփակա՞ն, ընկերո՞ջ, թե՞ «դուշմանի» կուսակցության ընտրացուցակով), գալիս են ապացուցելու, որ Հայաստանում հաջողված բիզնեսն ունի հետեւյալ բաղկացուցիչ մասերը` 20%-ով կազմված է PR-ից, 70%-ով` GR-ից (government relations – կառավարության եւ իշխանության հետ կապեր), եւ ընդամենը 10%-ով` ճիշտ կառուցված բիզնեսից: Վերադառնանք քաղաքականությանը: Եթե 1998-ից մինչեւ այս տարի քաղաքական գործիչներն ու կուսակցությունները ընտրությունների մասին հիշում էին այդ ընտրություններից ընդամենը երեք ամիս առաջ (լավագույն դեպքում` վեց ամիս առաջ), ապա այս անգամ նրանք սկսեցին մեկուկես տարի առաջ: Ի՞նչն է պատճառը: Կամ մեր քաղաքական գործիչները սկսել են ուսումնասիրել դասականներին, որոնք դեռ վաղուց են ասել, որ «հաջորդ ընտրությունները սկսվում են այս ընտրությունների անմիջապես հաջորդ օրը», կամ իրավիճակն այնքան էլ հանգիստ չի, ինչպես հասարակությանն ուզում են ներկայացնել մեր իշխանությունները: Արթուր Բաղդասարյանը հասկանում է, որ սովորական պոպուլիզմով այլեւս ոչնչի չես կարող հասնել, եւ փորձում է մի քիչ Սահակաշվիլի խաղալ, դաշնակներից շատերը համոզվել են, որ հին ընկերներն էլ կարող են դավաճանել, ընդ որում, բավականին էժան գներով, հանրապետականներին ամերիկացիները հասկացրեցին, որ այս անգամ ավելի շատ պետք է ապավինել մտքին, քան բազկին, Գեղամյանը համոզվեց, որ եթե ուզենան` իրենից բացի Հայաստանում էլի լիքը փրկիչներ ու «Աստծո ախպերներ» կծնվեն (ի դեպ, Տիգրան Կարապետյանը վերջին տարիներին իշխանությունների կողմից կատարված ամենահաջողված PR քայլն է), Ստեփան Դեմիրճյանն այդպես էլ չհասկացավ, որ PR պետք է իրեն, ոչ թե իր ծնողներին, ապարանցիները եւ լոռեցիները հասկացան, որ պետք է միավորվեն ոչ թե հանուն դատախազի կամ Կարեն Կարապետյանի, այլ հանուն Հայաստանի, Վանոն հասկացավ, որ եթե Ավետիս Հարությունյանն էլ հոդված չի ուզում գրել, ապա Վանո Սիրադեղյանը գոնե մեկ-մեկ պետք է հարցազրույց տա, ՀՀՇ-ն այդքանն էլ չհասկացավ, Ռոբերտ Քոչարյանը հասկացավ, որ իր կուսակցությունը ոչ թե ժողովուրդն է, այլ «Բարգավաճ Հայաստանը»:
Իսկ ես անգամ այսօր լավատես եմ, եւ համոզված եմ, որ մոտ ժամանակներս Հայաստանում բիզնեսի պատկերը կմոտենա գոնե Ռուսաստանի իրավիճակին (խոսքս, իհարկե, կոնֆեդերացիա ստեղծելու մասին չէ), սփյուռքը կհասկանա, որ Հայաստանը ոչ թե «դաչա» է, այլ պետություն, ժողովուրդը կհասկանա, որ պետական գործիչը միայն գռփելու համար չի գալիս իշխանության, քաղաքական գործիչը կհասկանա, որ Վահագն Մկրտչյանը ոչ թե PR-ի մասնագետ է, այլ բաղնիքի եւ լոտոյի, իսկ ամերիկացիք ու ռուսները կհասկանան, որ Հայաստանը ՄԱԿ այնպիսի անդամ է, ինչպիսին եւ իրենք: