Հայաստանը տարօրինակ զուգադիպությունների երկիր է։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունն ու Համաշխարհային բանկը երկու տարի շարունակ ուսումնասիրում էին մեր երկրի սոցիալական վիճակն ու աղքատության պատկերը։ Վիճակագրական վերլուծական զեկույցը հրապարակվեց հենց այն պահին, երբ Հայաստանում գնաճի հերթական փուլն է սկսվել։ Գնաճն ակնհայտորեն փչացրեց իշխանությունների տոնական տրամադրությունը։ Զեկույցն, ախր, ամրագրում է, որ աղքատությունը Հայաստանում նվազում է։ Այսօր աղքատ (եւ շատ աղքատ) է համարվում երկրի բնակչության մոտ 35 տոկոսը։ Նախկին 56 տոկոսի փոխարեն։ Ինչպե՞ս էին հաշվել սա` աղքատության գիծ էր հայտարարված 19.373 դրամը։ Այսինքն, այն ընտանիքները, ուր մեկ շնչի հաշվով եկամուտն այս թվից ցածր է, հայտարարվում է աղքատ։ Իսկ եթե մեկ շնչի եկամուտը չի անցնում 12,5 հազար դրամը` համարվում են ծայրահեղ աղքատ։ Բայց այս գնահատումներն արված էին 2004թ. գների հաշվարկով։ 2005-ի արդյունքներն ամփոփելիս` իշխանությունները, եթե հիշում եք, ուրախ-ուրախ պնդում էին սպառողական շուկայում գների նվազման մասին։ Հիմա արդեն պատկերն այլ է։ Ապրիլի 10-ի գազի գների թանկացման սպասումը հանգեցրեց սպառողական զամբյուղում ընդգրկված ապրանքների գների աճի (ալյուր, ձեթ եւ այլն)։ Ներքին շուկայում բենզինի գնի 15-17 տոկոսանոց աճն, իհարկե, կարելի էր բացատրել համաշխարհային գործընթացներով։ Բայց նույնն անել հացի գնաճի դեպքում անհնար է։ Ցորենի 1 կգ-ը 60 դրամով մթերվող երկրում դա պարզապես անհասկանալի կլինի։ Հակառակի պես էլ ճիշտ այս պահին ԿԲ-ն գնաճի նպատակադրման քաղաքականություն է իրականացնում։ Երեւի այդ պատճառով դրամն արժեւորվում է` նպաստելով գների աճին։ Բայց սա արդեն կարեւոր չէ, որովհետեւ մեր Վիճակագրության ծառայության եւ Համաշխարհային բանկի պես հեղինակավոր կազմակերպություններն արդեն հայտարարել են, որ աղքատությունը երկրում նվազել է մոտ 20 տոկոսով։ Նրանք ուրիշ` ավելի հետաքրքիր բաներ էլ են ասել, որոնք մեր պաշտոնյաների ուշադրությանը հաստատ չեն արժանանա։ Դրանցից ամենատարօրինակը հետեւյալ պնդումն է. «Աշխատանք ունենալն աղքատությունից խուսափելու երաշխիք չէ, քանի որ Հայաստանում աղքատների կեսն աշխատող աղքատներ են»։ Թերեւս սրանով կարելի է բացատրել այն, որ մեր նախագահն այլեւս չի հպարտանում երկրում բացվող աշխատատեղերով։ Պարզվում է, մեր երկրում կարելի է աշխատել, բայց մնալ աղքատ` ստացած ցածր աշխատավարձի պատճառով։ Բայց դա առաջին պահին է տարօրինակ թվում։ Եթե ուշադրություն դարձնեք` կնկատեք, որ պաշտոնական վիճակագրությունը կենսաթոշակառուների ճնշող մեծամասնությանը պիտի ծայրահեղ աղքատ համարի։ Որովհետեւ կենսաթոշակները ցածր են ծայրահեղ աղքատության գծից։ Գյուղացիների շրջանում աղքատությունը նախ աշխարհագրական նկարագրություն ունի` բարձր լեռնային գոտիներում նրանք ավելի ցածր եկամուտ են ունենում։ Հետաքրքիր է նաեւ այն, որ գյուղացիներն իրենց ունեցած հողը լրիվ չեն մշակում, որովհետեւ նախ ոռոգել հնարավոր չէ (22 տոկոս) եւ երկրորդ` մշակելու միջոց չունի (27,5 տոկոս)։ Հայաստանում վերջին տարիներին ավանդույթ էր դարձել վարուցանքի եւ բերքահավաքի սեզոնին հեղուկ վառելիքի գինը բարձրացնելը։ Սովորաբար այն թանկանում էր 5-8 տոկոսի չափով։ Սակայն այս տարի գյուղատնտեսական ակտիվ տարվա սկզբին վառելիքի գինն աճեց երկրի տնտեսական երկնիշ ցուցանիշին համահունչ` 15-17 տոկոսով։
Այս թանկացումներն իրենց տնտեսական հետեւանքներով անսպասելի չէին։ Պարզապես կարելի է արձանագրել, որ երկրի տնտեսական իշխանությունները վատ են տիրապետում մակրոտնտեսական կայունությունն ապահովող լծակներին։ Իշխանություններին մնում է միայն ուրախանալ, որ ի տարբերություն նախորդ տարիների` դրամի փոխարժեքի փոփոխությունները «տեղի են ունենում համեմատաբար հարթ ու սահուն»։
Զեկույցի հաջորդ ուշագրավ պնդումն այն է, որ «Երեւանից դուրս այլ քաղաքային բնակչությունը շարունակում է մնալ Հայաստանի բնակչության ամենաաղքատ հատվածը»։ Պատճառն այն է, որ երկրի քաղաքային բնակավայրերում ապրողները ոչ աշխատանք ունեն, ոչ էլ գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն։
Այն, որ Երեւանից զատ մյուս քաղաքներում բնակչությունը ներգրավված չէ տնտեսության մեջ, իր հետեւանքն է թողնում երկրի սոցիալական պատկերի վրա։ Ժամանակակից` տեղեկատվական հասարակությունը վերլուծողների կարծիքով` ճիշտ նախկինի նման ուրբանիզացիան շարունակում է մնալ երկրի զարգացման չափանիշներից մեկը։ Միակ տարբերությունն այն է, որ ի տարբերություն ինդուստրիալ ու պոստինդուստրիալ հասարակությունների` ենթադրվում է, որ գյուղական բնակավայրերում ապրելու է բնակչության 5-8 տոկոսը։ Գյուղատնտեսության ոլորտում աշխատանքի արտադրողունակության աճը հանգեցնում է նրան, որ հասարակության 5-8 տոկոսն ի վիճակի է կազմակերպել գյուղմթերքների արտադրություն ողջ հասարակության համար։ Հայաստանում պատկերը տրամագծորեն հակառակն է։ Վերջին մի քանի տարվա ընթացքում գյուղական բնակչության տեսակարար կշիռն անընդհատ աճում է` 31 տոկոսից դառնալով 36։ Փոքր քաղաքների բնակչությունն օրվա ապրուստը հոգալու նպատակով տեղափոխվում է գյուղ։ Միգրացիոն այս ընթացքն ամենեւին ուսումնասիրված չէ։ Դա արձանագրում է անգամ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Հայաստանի սոցիալական անմխիթար պատկերն ավելի է լարվում գնաճի սպասումով։ Հատկապես, որ գյուղատնտեսական տարին էլ բարենպաստ չսկսվեց։ Այնպես որ, սոցիալական պատկերի համար կառավարությունը, իսկ գնաճի համար` Կենտրոնական բանկը պատասխանատվությունից խուսափելու հնարավորություն ստացան։ Մեկը մեղքը կբարդի անբարենպաստ եղանակի, մյուսը` համաշխարհային շուկայի գործընթացների վրա։ Իսկ տարեվերջին Ազգային վիճակագրական ծառայությունը մի քիչ էլ կցածրացնի աղքատության ցուցանիշը։ Ու պըրծ։ Ինչպես նախորդ դեպքերում։