Գերլարված իրավիճակ Արմավիրում

07/05/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմավիրի բնակիչներն այնքան վախեցած են իրենց քաղաքում տիրող «բեսպրեդելից», որ խմբագրություն ահազանգելով՝ մեզ հրավիրեցին Արմավիր՝ մեր աչքով տեսնելու-համոզվելու: Հասկանալի պատճառներով խնդրեցին չհրապարակել իրենց անունները: Նրանք մեզ հետ զրույցում հույս էին հայտնում, որ թերթի հրապարակման միջոցով իշխանությունները կտեղեկանան քաղաքում տիրող պայթյունավտանգ իրավիճակի մասին:

Բնակիչներն ասում են, որ Արմավիր քաղաքը տնօրինում են քաղաքապետ, ՀՀԿ-ական Ռուբեն Խլղաթյանը (Շախտի Ռուբո մականունով) եւ պատգամավոր ՕԵԿ-ական Մեխակ Մխիթարյանը: Բնակիչները բողոքում էին, որ արմավիրցիների կեցությունն այսօր վտանգի տակ է, քանի որ նրանք զրկվել են խմելու ջրից: Եվ դրանում մեղադրում էին քաղաքապետին: 2004թ., գերմանական «Kfw» բանկի տրամադրած վարկով Արմավիրի ջրագծերը փոխելու մրցույթ է հայտարարվել: Զարմանալի զուգադիպությամբ` այդ մրցույթը շահել է քաղաքապետի եղբոր՝ Սարգիս Խլղաթյանի «Լեգենդա» ընկերությունը, իսկ ջրագծերը փոխելու համար հատկացվել է շուրջ 4մլն 700.000 եվրո: Մրցույթը շահած «Լեգենդա» ընկերության նախագահը, սակայն, բնակիչների անվտանգությունը հաշվի չառնելով, նախաձեռնել է խողովակներ հայթայթելու էժան տարբերակ: Ըստ բնակիչների, խողովակների մի մասը ձեռք է բերվել հարեւան Բաղրամյան գյուղի խոզաբուծական ֆերմայից, ավելին՝ ներկայումս Արմավիրի բնակիչների խմելու ջուրը սպասարկում է խոզաբուծարանից բերված խողովակաշարը: Բնակիչների պատմելով՝ փորձագետներն` ուսումնասիրելով այդ խողովակները, բացասական եզրակացություն են տվել՝ հաստատելով ջրի վտանգավորությունը:

Խոզաբուծարանի խողովակնե՞րն են

Համաձայն փորձագետների լաբորատոր հետազոտությունների եզրակացության՝ Արմավիր քաղաքին մատակարարվող ջրհորների եւ կապտաժների ջուրն անվտանգության ցուցանիշներից մեկով՝ թունավոր տարրերից կադմիումի քանակական պարունակությամբ, չի համապատասխանում «Խմելու ջուր ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ որակի հսկողություն» սանիտարական կանոններ եւ նորմեր N2-111-Ա2-1-ով նախատեսված պահանջներին: Ընդ որում, Արմավիրի 8-րդ դպրոցից, նախկին պիոներական պալատից, կաթսայատնից, «Տարոնիկ» խորքային հորատանցքից վերցված փորձանմուշների հետազոտությամբ պարզվել է, որ դրանցում կադմիումի թունավոր մետաղի պարունակությունը սահմանված չափը գերազանցում է 3-5 անգամ: Ասել է թե՝ Արմավիրին մատակարարվող ջուրը պիտանի չէ խմելու: Ըստ արմավիրցիների, «Լեգենդա» ՍՊԸ-ն, կատարելով շինմոնտաժային աշխատանքները, հին ջրագծերը նորով փոխելու փոխարեն` օգտագործել է տեխնիկական եւ սանիտարական նորմերին չհամապատասխանող խողովակներ, ինչի արդյունքում էլ բնակչությանը մատակարարվում է կասկածելի որակի ջուր: Ըստ նրանց` «Լեգենդան» տրամադրված վարկի չարաշահումներով մոտ 500.000 եվրոյի գումար է տնտեսել: Թեեւ նրանք պնդում են, որ խողովակների որոշ մասը խոզաբուծարանից է բերվել, սակայն փաստացի ապացույցներ չունեն: Ամբողջ քաղաքը ոտքի է կանգնել, ընդ որում, բնակիչները մինչեւ անգամ վարչապետին եւ ՀՀ նախագահին են տեղեկացրել: Ներկայումս Արմավիրի բնակիչները զրկված են խմելու ջրից, քանի որ այն դեղին, ժանգոտ եւ առողջության համար վտանգ ներկայացնող ջուր է: «Քաղաքապետն իր ընտանիքով այդ ջրից չի օգտվում, քանի որ իր համար հատուկ Թալինից ցիստեռններով ջուր են բերում: Եթե վաղը, մյուս օրը խոլերա կամ ժանտախտ տարածվեց, ո՞վ է պատասխան տալու, կարո՞ղ եք ասել»,- ասում են բորբոքված բնակիչները՝ հավատացնելով, որ դեպքեր են եղել, երբ փոքրիկ երեխաները ջրից թունավորվել են: Հիվանդանոցում նրանց բուժել են, սակայն քաղաքապետը` ծնողներին գումար տալով՝ լռեցրել է: Նրանք ասում են, որ անգամ բժիշկները, իմանալով, որ թունավորման պատճառը ջուրն է՝ լռում են: Ի դեպ, բնակիչների այս տեղեկությունները փաստացի ոչ մի ապացույց չունեն: Արմավիրի Սանէպիդկայանի գլխավոր բժիշկը, ով դժգոհել է խմելու ջրի որակից, աշխատանքից ազատվել է: Բնակիչների այս տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով դիմեցինք Առողջապահության նախարարության Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության պետ Արտավազդ Վանյանին: Վերջինս վստահեցրեց, որ գլխավոր բժիշկը ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլեւ տեղափոխվել է ուրիշ քաղաքում Սանէպիդկայանի պետ աշխատելու: Պրն Վանյանը տեղյակ էր ջրի հետ կապված արմավիրցիների դժգոհությանը եւ վստահեցրեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խմելու ջրի անվտանգության ցուցանիշների շեղումներ չեն արձանագրվել: Նա մասնավորապես նշեց, որ, եթե ջուրն աղտոտված լիներ, ապա վարակի զանգվածային դեպքեր կգրանցվեին, հետեւաբար լաբորատոր զննումների արդյունքում էլ որեւէ շեղում չի արձանագրվել: Պրն Վանյանը մեզ խոստացավ եւս մեկ անգամ ծանոթանալ իրավիճակին եւ օբյեկտիվորեն ներկայացնել ջրի որակի հետ կապված տեղեկատվությունը: Ավելի ուշ, պրն Վանյանի հանձնարարությամբ` մեզ զանգահարեց նույն տեսչության աշխատակից Աիդա Պետիկյանը, ով նույնպես վստահեցրեց, որ խմելու ջրի հետ կապված որեւէ շեղում չի հայտնաբերվել: Վերջինիս ասելով՝ Դատախազությունում հարուցված քրեական գործի կապակցությամբ երկարատեւ ստուգումներ են անցկացրել եւ համոզվել են, որ արմավիրցիներին մատակարարվող ջուրը պատշաճ որակի է: Ինչ վերաբերում է բնակիչների պնդումներին, թե խմելու ջուրը մատակարարվում է խոզաբուծարանից բերված խողովակներով, ապա նա նշեց, որ դա չի ապացուցվել: Տիկին Պետիկյանը միանշանակ հերքեց այն լուրը, թե ջրի աղտոտվածության հետեւանքով երեխաներ են թունավորվել՝ ասելով, որ նման դեպքերում բժիշկները կարձանագրեին, որովհետեւ հնարավոր համաճարակի կանխման համար, որպես կանոն, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում: Վերջինս նաեւ խորհուրդ տվեց արտադրական ջրի որակի համար մեկնաբանություն պահանջել Արմավիրի «Նոր ակունք» ՓԲԸ-ից, որն իրականացնում է Արմավիր քաղաքի ջրամատակարարումը: «Նոր ակունք» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Գեւորգյանը` բնակիչների պնդումներն ապատեղեկատվություն համարելով, միանշանակ նշեց, որ ջրագծերի խողովակները ներկրվել են Գերմանիայի Դաշնությունից: Արտադրական լաբորատոր հետազոտությունները ջրի որակի մասին դրական եզրակացություն են տվել: Վերջինս բնակիչների անհանգստության պատճառը հիմնավորեց այն հանգամանքով, որ ջրագծերը փոխելու արդյունքում, բնականաբար, լվացումների, ախտահարումների, քլորացումների պատճառով օրվա տարբեր ժամերին ջրի արտաքին տեսքի փոփոխություն են նկատում, ինչը նորմալ է նոր ջրագծեր շահագործելու համար: Վերջինս նշեց, որ Մաքսային կոմիտեում արձանագրված են այն տվյալներն, ըստ որոնց, շուրջ 100 վագոն նոր խողովակ է ներկրվել Գերմանիայից: «Ես չեմ հասկանում բնակիչներին, գիտե՞ք: 3 տարի առաջ դույլերով կրում էին ջուրը, իսկ հիմա շուրջ 60%-ը շուրջօրյա ջրամատակարարմամբ ապահովված է: Այն, ինչ ասում են, բացարձակ սուտ է եւ այլ նպատակներ է հետապնդում»: Իսկ արմավիրցիներն ասում են, որ Գերմանիայից խողովակները ներկրվել են 2005 թվին, երբ մեծ աղմուկ է բարձրացել, սակայն 2004թ. սկսած ջրագծերը փոխվել են հին խողովակներով:

Նախկին քաղաքապետի դավադրությունն է

Բնակիչների հավաստմամբ՝ խողովակների հետ կապված նույնիսկ քրեական գործ է հարուցվել, սակայն Դատախազությունում գործը փակվել է: Ավելին, նրանց խոսքերով, անգամ ԱԱԾ-ն է գործն ուսումնասիրել, սակայն խնդիրը մնացել է անփոփոխ: Արմավիրցիներն իրենց ասածն ապացուցելու համար մեզ ցույց տվեցին իրենց մատակարարվող խմելու ջուրը, որն իսկապես ժանգոտ եւ պղտոր էր: «Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ մի բնակչություն խմում է խոզաբուծարանի խողովակների միջով անցնող ջուրը: Ճիշտ ա, մենք վախենում ենք խմել, օգտագործում ենք մենակ կենցաղային խնդիրների համար, բայց դե ինչքա՞ն կարանք խանութներից ջուր առնել: Երեխաներ ունենք, վախենում ենք, ո՞նց կարելի ա սենց ապրել»,- ասում են նրանք: Արմավիրցիներն այս հարցով նամակ են հղել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, սակայն նրա անտարբերությունը հիմնավորում են քաղաքապետի ՀՀԿ-ական լինելու փաստով: «Ռուբեն Խլղաթյանը թալինցի ա, ինքը թքած ունի արմավիրցիների վրա, որովհետեւ Թալինում բաժակաճառ ասելուց ասել է՝ Արմավիրը մերն ա, ինչ ուզենանք` կանենք: Իրա վարքագծով ապացուցվում ա, որ սրտացավ չի մարդկանց հանդեպ: Ամբողջ Արմավիրն իրա համար ամրոց ա սարքել, բոլոր կառույցները յուրացնում ու օբյեկտներ ա կառուցում»,- ասում են նրանք՝ մատնանշելով բոլոր այն օբյեկտները, որոնք Ռ. Խլղաթյանը յուրացրել է պաշտոնավարման ընթացքում: Բնակիչների վկայությամբ, Արմավիրի մեծ շուկան, որտեղ մոտ 120 հոգի կարողանում էր առեւտուր կազմակերպելով ընտանիք պահել, քաղաքապետը յուրացրել եւ հսկայական օբյեկտներ է կառուցել: Ասում են, որ նախկին զինկոմիսարիատի շենքը նույնպես քանդում են՝ ինչ-որ բան կառուցելու նպատակով: 2004թ. ընտրություններից բնակիչները դժգոհում են. «Ինքը ծնունդով թալինցի ա: Ընտրությունների ժամանակ Թալինի բնակիչներին բերեց, գրանցեց Արմավիրում, որ ձայներն ապահովեն, մրցակից թեկնածուները շատ ուժեղ էին եւ ժողովրդի կողմից սիրված: Ընտրվեց ու մինչեւ հիմա բնակիչներին ստրուկի պես ա վերաբերվում: 3 եղբայրներով ամբողջ քաղաքն առել են ու, եթե մեկի օրինական կրպակն իրենց դուր չեկավ` փաստաթղթերին չեն նայում, ռումբը դնում-պայթեցնում են: Ոստիկանությունում էլ կայծակնային արագությամբ գործը փակվում է»,- պատմում են նրանք: Մենք, այնուամենայնիվ, կապվեցինք Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հետ, ով խմբագրության ահազանգը վերագրեց նախկին քաղաքապետ Նորիկ Մնոյանին՝ «Նրա սարքած գործն է»: Քաղաքապետը մեզ հավաստիացրեց, որ ողջ քաղաքի բնակչության անվան տակ հանդես եկող 12-13 հոգանոց խումբն իր դեմ դավեր է նյութում նախկին քաղաքապետի հովանավորությամբ: «Ես ձեզ հրավիրում եմ, կարող եք գալ եւ ծանոթանալ բոլոր փաստաթղթերին եւ համոզվել, որ այդ խմբի կազմակերպած ակցիաների ետեւում պաշտոնի հավակնությունն է թաքնված: Նրանք բոլորի անունից հանդես են գալիս, իբր մտահոգված են Արմավիրի խնդիրներով, բայց լրիվ այլ նպատակներ են հետապնդում: Անգամ Դատախազությունն է ուսումնասիրել այս գործը եւ համոզվել է, որ դրանք հերյուրանքներ են»,- վստահեցրեց նա՝ ասելով, որ այս խնդիրը քաղաքական է, ոչ թե ջրագծերի հետ է կապված, եւ այդ թիմին առաջնորդում է նախկին քաղաքապետ Ն. Մնոյանը: Վերջինս ասում է, որ Ն. Մնոյանի նպատակը մեկն է՝ ներկայիս քաղաքապետին հանել հունից, որից հետո իր դաշտն ազատ կլինի: Թեեւ պրն Խլղաթյանը խոստացավ հանդիպել եւ մեկնաբանություն տալ այս թեմայի շուրջ, այդուհանդերձ, հանդիպումը չկայացավ երեկվա ողբերգական դեպքի պատճառով, սակայն մեր առաջիկա համարներից մեկում կներկայացնենք պրն Խլղաթյանի կողմից ներկայացվող փաստարկները: