Ավտոմեքենա վարելու արվեստին տիրապետելու համար անհրաժեշտ է դիմել փորձառու վարորդ-վարպետների: Շատերը դիմում են 64-ամյա Խաչիկ Կարգինյանին, որն իր տարիքի համեմատ բավական երիտասարդ տեսք ունի: Ինքն ասում է, որ վարորդի մասնագիտությունն իրեն չի ծերացնում, թարմ է պահում: Լավ վարորդ լինելու համար նա իր դեղատոմսն ունի, այն է՝ լինել գրագետ վարորդ:
Մեքենա վարել սովորեցնելն, ըստ Խաչիկի՝ դաստիարակելու պես մի բան է, իսկ կիրթ վարորդ դաստիարակելու համար դաստիարակն ինքը պետք է կիրթ լինի: Յուրաքանչյուր պատվիրատուի հետ աշխատելիս նախ` զինվում է համբերությամբ, ապա` մի փոքր զրուցելուց հետո, փորձում է որսալ «աշակերտի» հոգեբանությունը: «Յուրաքանչյուր պատվիրատուի հետ աշխատում ես ինդիվիդուալ: Օրինակ, եթե կին լիդեր է, որն ուզում է ամուսնուց կամ վարորդից կախման մեջ չլինելու համար ինքնուրույն վարել մեքենա, դրա մեջ ազատություն է տեսնում, ապա նրա ղեկավարի կարգավիճակը կարող է քեզ ստիպել, որ մի քիչ խիստ տոնով ուղղություններ ցույց տաս: Եթե պատվիրատուն սոցիալական ցածր խավի մարդ է եւ ինչ-որ չափով կաշկանդված է իր կարգավիճակից, ապա նրա մեջ վախն անխուսափելի է: Նման պարագայում պետք է հոգեբանորեն նրան մղես համարձակության եւ խրախուսես, որ ինքնավստահությամբ առաջ գնա»,- ասում է 1965 թվականից ԴՕՍԱԱՖ-ում աշխատող վարպետը, ով այնքան լրջորեն է ներկայացնում իր ուսուցողական դասընթացների բոլոր փուլերը, որ ակամայից մեքենա վարելու մեջ տեսնում ես դրա փիլիսոփայությունը: Վարպետ Խաչիկը մշտապես պահպանում է այն հավասարակշռությունը, որը վարորդ-պատվիրատու աշխատանքի ընթացքում խիստ անհրաժեշտ է: Նրա կարծիքով՝ իր դպրոցն անցած վարորդները, որպես կանոն, կարգապահ եւ գրագետ են ճանապարհային երթեւեկության մեջ: Հիշելով սովետական տարիների իր գործունեությունը՝ վարպետ Խաչիկն ասում է, որ այն տարիներին հիմնականում գործարանների արհմիություններն էին գրություններ ուղարկում, պատվիրում իրենց լավ աշխատողներին մեքենա վարել սովորեցնել: Անշուշտ, կային նաեւ մասնավոր ցանկացողներ, ովքեր իրենց հաշվին էին սովորում: «Իսկ հիմա այդ պրակտիկան չի գործում: Հիմա դիմում է ամենաբարձր խավը, որը հնարավորություն ունի մեքենա գնելու եւ սովորելու: Սկսնակների հիմնական հարցը սա է՝ մեզանից մի բան դուրս կգա՞»,- ասում է նա: Հարցադրմանը վարպետը միանգամից պատասխանում է` վստահեցնելով, որ անընդունակ մարդ չկա: «Աստված, բնությունն այնպիսի զգայարաններով է օժտել մարդկանց, որ բոլորն էլ կարող են մեքենա վարել, պարզապես կան լավ կամ վատ սովորողներ, իսկ լավ սովորելու համար կարեւոր է մեծ ցանկությունը»: Մարդիկ ուզում են մեքենա վարել երկու պարագայում՝ ցանկություն կամ անհրաժեշտություն, երկու դեպքում էլ մեկի առկայությունը լրացնում է մյուսին, քանի որ ցանկությունից հետո անհրաժեշտություն է ծնվում, իսկ անհրաժեշտությունից հետո՝ ցանկություն: «Ցանկացած դիմողի մեջ վախ կա, որովհետեւ մեր քաղաքի երթեւեկության մասին հրեշավոր պատկերացում ունեն, բայց մի քանի փուլից վախը հաղթահարում են, որովհետեւ ես աշխատում եմ ապացուցել, որ յուրաքանչյուր իր նման վարորդի գրագետ վարելու դեպքում երթեւեկությունը պատշաճ կլինի: Այս դեպքում նա հասկանում է, որ տվյալ պահին երթեւեկության կանոնների պահպանումն իրենից է կախված ու, եթե ինքը գրագետ է վարում, ուրեմն բոլորն էլ կարող են իր նման վարել մեքենա»,- ասում է վարպետ Խաչիկը՝ վստահեցնելով, որ մարդը վախենում է այն դեպքում, երբ ինչ-որ բան չգիտի: Անհատական դասընթացներով աշխատանքը, բացի տեխնիկական մասից, պահանջում է նաեւ ճիշտ ըմբռնել դիմացինի հոգեբանությունը: Մեզանում կին վարորդների առկայությունը վարպետ Խաչիկը բացատրում է նրանով, որ կանայք տարբեր աշխատանքներ կատարելով, պաշտոններ զբաղեցնելով՝ ավտոմեքենա վարելու շնորհիվ որոշակի ժամանակ են խնայում: Նա համամիտ չէ տարածված այն կարծիքի հետ, թե հայ կանայք մոդայից ելնելով են սկսել ավտոմեքենա վարել: «Կինն իր ազատությունն է ուզում: Օրինակ՝ շատ կանայք դիմելիս ասում են, որ իրենք մեքենայի խնդիր չունեն, իրենց տանում-բերում են, երեխաներին` նույնպես, բայց կուզենային անձամբ վարել, որովհետեւ շատ են սիրում»: Իսկ ուսուցանելիս վարպետ Խաչիկը սեռերի միջեւ առանձնապես խտրականություն չի դնում, քանի որ իր վերջնական նպատակը գրագետ վարորդ դաստիարակելն է: Կին սկսնակներին սովորեցնելիս պարտադիր կերպով հաշվի է առնում նրանց հոգեբանությունն ու բնավորությունը. «Ղեկավար կնոջը, որը սովոր է միշտ թելադրողի դերում լինել, նրբորեն զգուշացնում եմ, որ այստեղ ղեկավարը՝ շեֆը ես եմ: Եվ իրոք, ես երբեք ինձ կաշկանդված չեմ զգում նրանց զբաղեցրած դիրքից, 1-2 պարապմունքից հետո ինքն էլ է զգում, որ ես ճիշտ եմ: Այսօրվա ինտենսիվ երթեւեկության մեջ, եթե կաշկանդվեմ՝ ոչինչ չի ստացվի: Ամեն մի բնավորության հետ աշխատելիս ձայնիս ինտոնացիան տարբեր է: Երբեմն` խիստ, երբեմն` չափազանց նուրբ»: Վարպետ Խաչիկի փորձը ցույց է տվել, որ կին վարորդներն ավելի ուշադիր, նրբազգաց եւ պատասխանատու են, քան տղամարդիկ, թեեւ, ինչպես ասում է՝ «ռազբոյնիկ» կանայք էլ կան: «Ֆենոմեն կանայք էլ կան, որ շատ կարճ ժամանակում սովորում են, ու շշմում ես: Կարեւոր է նաեւ կնոջ լսելու ու վերարտադրելու ընդունակությունն ու խառնվածքը, բայց իրոք ֆենոմեն կանայք կան»: Մեքենա վարել սովորող կնոջ հետ աշխատելու առաջին փուլը ղեկը նրա ձեռքերին վարժեցնելն է, որովհետեւ տիկնիկ բռնած ձեռքերը մշտապես շփոթվում եւ խուճապահար են լինում, իսկ մյուս փուլերն անհամեմատ սահուն են ընթանում: Ամենակարեւոր հանգամանքն այն է, որ սովորողը գիտակցի, թե ուսուցչի ծառայությունը որն է, ու հավատա նրան, իսկ մեքենա վարելու կոմպոնենտներին ծանոթանալուց հետո աշխատում է ազատ տարածքը: Ինչ վերաբերում է քաղաքի երթեւեկությանն, ապա, ըստ վարպետ Խաչիկի՝ մեր վարորդներն, ի տարբերություն այլ երկրների վարորդների, շատ պատրաստված են: Վթարներ լինում են հասարակության այն զանգվածի պատճառով, որն անսանձ է: «80-90%-ը ճիշտ վարորդներ են, հակառակ դեպքում` մենք ամեն րոպե փողոցներից մեկում վթար կունենայինք: Հայաստանի վարորդների մոտ բավականին լավ արմատավորված է փոխզիջման մեխանիզմը»,- վկայում է փորձառու վարորդը:
Վարպետ Խաչիկը վստահեցնում է, որ թյուր կարծիք կա, թե մեր երթեւեկության կանոնները հիմնականում խախտվում են կին վարորդների կողմից, սակայն նա հավատացնում է, որ կանայք, նաեւ մայրեր լինելով՝ շատ զգուշավոր եւ կարգապահ են: Որքան կին վարորդները շատանան, այնքան երթեւեկության անվտանգությունն ապահովված կլինի: «1000-ից ավելի կին վարորդների հետ եմ աշխատել, նրանք շատ օրինապահ են»,- պատմում է նա՝ միեւնույն ժամանակ խուսափելով անուններ տալ, թե մասնավորապես ո՞ր պաշտոնյաների կանանց է նա մեքենա վարել սովորեցրել: Վարպետ Խաչիկին ճանաչողները, որպես կանոն, մտերիմներին խորհուրդ են տալիս նրան դիմել մեքենա վարել սովորեցնելու համար, իսկ նրա աշխատանքի որակն ապացուցելու համար թվարկում են, թե ում կանանց է սովորեցրել՝ «Լեւոն-Տեր Պետրոսյանի կնոջը, հարսին, Բաբկեն Արարքցյանի կնոջը… բոլորին ինքն է սովորեցրել»:
Պրոֆեսիոնալ վարորդը կարծում է, որ գրագետ վարորդները երբեք պետավտոտեսուչների հետ կոնֆլիկտներ չեն ունենում: Եվ երթեւեկության կանոնների լավ իմացությունը վարորդներին ապահովագրում է տեսուչների հետ անախորժություններից: