Երեկ Իսրայելից ստացանք «168 Ժամ»-ի մշտական ընթերցող Նուբար Ասլանյանի նամակը: Նա իր եւ իր ընտանիքի կողմից խորին ցավակցություն էր հայտնում ողբերգական՝ Երեւան-Սոչի չվերթի զոհվածների ընտանիքներին, հարազատներին: Եվ պրն Ասլանյանը կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 85-ամյակի առիթով մեզ է ուղարկել 1991թ. ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության համագումարում տեղի ունեցած մի դրվագ, որը ներկայացնում ենք ընթերցողին:
Հոգեւոր հորս` Էդվարդ Միրզոյանի 85 ամյակի առթիվ
Մայիսի 12-ին լրանում է Մեծ մարդ եւ քաղաքացի, հասարակական գործիչ եւ վերջապես Հայ մշակույթի Մեծ երախտավոր, նշանավոր կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի փառապանծ եւ բեղմնավոր 85-ամյակը: Կոմպոզիտոր, որի ստեղծագործական նվաճումները գումարվել եւ լրացվել են այն արժանիքներին, որոնցով հպարտ է հայ ժողովուրդը` Կոմիտաս, Խաչատուրյան, Բաբաջանյան, Հարությունյան, Սարյան, Եղիազարյան….
Այսօր, սակայն, իմ նպատակը չէ խոսել մեծ մարդու, կոմպոզիտորի ստեղծագործական անցած ուղու մասին (թողնենք դա երաժշտագետներին), այլ կցանկանամ պատմել մի շատ կարեւոր (ոչ պակաս ստեղծագործականից) դեպքի մասին, համոզված լինելով, որ այն հայտնի չէ անգամ մեր իշխանավորներից շատերին, էլ չեմ ասում` այսօրվա սերնդին. սերունդ, որ պարտավոր է իմանալ եւ ճանաչել իր մեծություններին…
1991 թիվն էր: Մոսկվա, «Ռոսիա» համերգասրահի դահլիճը, ուր ընթանում էր ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության համագումարը (ինչպես հետո պարզվեց` վերջին):
Նախագահ Տ. Խրեննիկովի` Համագումարի հանդիսավոր բացումից հետո, մյուս օրը նախագահողը Էդվարդ Միրզոյանն էր (բնական է, քանզի դա գնահատականն էր Է. Միրզոյանի մեծ հեղինակության): Համագումարն ընթանում էր խաղաղ, հանդարտ, փոքր-ինչ հակասություններով, միրզոյանական խելացի մեկնաբանում-լուծումներով: Մեկ էլ հանկարծ, ամպրոպի պես բեմ բարձրացավ Աբխազիայի Կոմպոզիտորների միության ներկայացուցիչը եւ պահանջեց, որպես օրակարգի հարց` ճանաչել եւ դատապարտել Վրաստանի ագրեսիան Աբխազիայի դեմ… Ու սկսվե՜ց…
Կարող եմ մանրամասն պատմել դահլիճում տիրող տարբեր հանրապետությունների ներկայացուցիչների կողմից մեծ ալեկոծությունների մասին: Բոլորս այդ օրն ականատես եղանք Էդվարդ Միրզոյանի խելք ու շնորհքի պայծառ, դիվանագիտական մտքի ճարպիկ եւ հումորով համեմատություններին, որի շնորհիվ էլ արդյունքում Համագումարը որոշում կայացրեց բազմացնել աբխազ պատվիրակության օրինագիծը: Մյուս օրն արդեն յուրաքանչյուրը կարող էր ծանոթանալ այդ նյութի հետ:
Հավատացեք, որ մինչեւ որոշում ընդունելն ամբողջ այդ ալեկոծությունների ժամանակ, նստած՝ հուզմունքից դողում էի, այն վախից, թե կարո՞ղ է հանկարծ Միրզոյանը տեղի տար դահլիճի ճնշմանը…
Ընդմիջմանը դուրս եկանք դահլիճից եւ զբոսասրահում որդիաբար գրկելով օրվա հերոսին, ասացի. «Էդվարդ Միխայլովիչ, ցավդ տանեմ, էդ ի՜նչ արեցիք, ոնց կարողացաք»: Պատասխանեց. «Հո երեխա չե՞նք, Վրաստանում կես միլիոն հայ կա…»:
Այո, սիրելի ընթերցող, կասկած չկար (