Մրցանակաբաշխություն

07/05/2006

Այս տարի Մամուլի ազգային ակումբի (ՄԱԱ) «Մամուլի թշնամի» տիտղոսին է արժանացել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը: Ըստ ՄԱԱ անդամների, նա լրատվական դաշտում իրականացնում է գրաքննիչի դերը: Մամուլի ազատության օրվա առիթով անցկացվող 5-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՄԱԱ 23 անդամներն այս անվանակարգում Ա. Գեւորգյանի օգտին միաձայն են քվեարկել: Այս 5 տարիների ընթացքում ՄԱԱ-ն չի գտել «Մամուլի բարեկամի» արժանի տիտղոսակիր: Իսկ «Մամուլի թշնամի» տիտղոսի տեղը երբեք թափուր չի մնացել: 2004թ. այս տիտղոսը միասին կիսել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ԱԺ պատգամավոր Հրանուշ Հակոբյանը: Այս տարի «Մամուլի թշնամի» տիտղոսի հավակնորդներն են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, քանի որ ըստ ՄԱԱ-ի` վերջինս իրեն թույլ է տվել մամուլի դաշտում ներդնել կոռուպցիոն եւ ստվերային ղեկավարման մեթոդները, Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, քանի որ հասարակությանն ապատեղեկատվություն է տրամադրել: Հաջորդ հավակնորդը եղել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, որը մամուլի ազատության արեւմտյան չափանիշներն այլակերպել է` երկակի ստանդարտներ կիրառելու համար: