Ոչ մեկը փրկարար հագուստ չի կրել

07/05/2006

Նախորդ գիշերը տեղի ունեցած ողբերգական ավիավթարին անդրադարձել են նաեւ աշխարհի հեղինակավոր բոլոր լրատվամիջոցները: Associated Press-ի փոխանցմամբ՝ երեկ Սոչիի օդանավակայանում հավաքվել են ավիավթարի զոհ դարձածների ավելի քան 100 հարազատներ, որոնց մեծ մասը հայեր են եղել: Նրանցից մեկը չի դիմացել լարվածությանն ու վատացել է, եւ ներկաները ստիպված են եղել շտապ օգնություն կանչել: Իսկ CNN-ը, վկայակոչելով Ռուսաստանի Էմիգրացիայի նախարարության իր աղբյուրին, տեղեկացնում է, որ փրկարարներն արդեն գտել են վթարի ենթարկված ինքնաթիռի ուղեւորների մարմնի մասեր, որոշ իրեր, ինքնաթիռի որոշ կտորներ եւ վառելիքի մի մասը, որը լողում էր վթարի վայրի մակերեսին: Տեղեկացնելով, որ արդեն գտնվել են զոհերից 48-ի մարմինները, Associated Press-ը նկատում է, որ նրանցից ոչ մեկը փրկարար հագուստ չի կրել, ինչի պատճառն, ըստ գործակալության, հավանաբար ժամանակի սղությունն է եղել, որի արդյունքում ուղեւորները չեն հասցրել հագնել դրանք: