Զրուցակիցս «Բելլադենտ» ստոմատոլոգիական կենտրոնի տնօրեն Բելլա Մնացականյանն է: Տիկին Բելլան այն սակավաթիվ կանանցից է, որ ոչ թե վախենում է հայելուց, այլ հպարտ է կյանքի այն 55 տարիների համար, որ իրեն իմաստնություն են պարգեւել:
– 55 տարեկանը կնոջ համար քիչ տարիք չէ, եւ հատկապես կյանքիս այս վերջին 5 տարիների ընթացքում հստակ հասկացել եմ մի բան. թե որքան մեծ կարեւորություն է իրենից ներկայացնում առողջությունը: Առողջությունը խելոք մարդու կյանքի չափորոշիչն է: Ճիշտ է ասված՝ «Առողջ մարմնում՝ առողջ հոգի»: Առողջ մարդը բարի է, կամեցող, գործունյա ու օժտված է շատ դրական այլ հատկանիշներով: Հնարավոր չէ, որ հիվանդ մարդն առողջ դատի ու ճիշտ մտածի: Առողջ մտածելով է, որ երբ ես ինձ նայում եմ հայելու մեջ, հասկանում եմ, որ նախկին հմայքը չունեմ, ու ինքս ինձ ասում եմ. «Բել, ամեն ինչ նորմալ է, բնության օրենքն է այդպիսին»: Փոխարենը` իմ ապրած կյանքն ու տարիներն ինձ իմաստուն են դարձրել: Ես զգում եմ, թե 10 տարի առաջվա Բելլան ինչ տարբեր է այսօրվանից: Իմ տեսածից ու տարիների փորձից սկսում եմ հետաքրքիր վերլուծություններ անել մարդկանց ու երեւույթների մասին: Հասկանում եմ, որ կյանքում շատ կարեւոր են մարդկանց հետ փոխհարաբերությունները: Մարդն էությամբ «շատ նուրբ ու փշրվող» էակ է, եւ պետք է ամեն մի խոսքում լինել շատ զգույշ: Օրինակ, ես հատկապես իմ մտերիմ մարդկանցից շատ ուշ եմ վիրավորվում, այսինքն, եթե ինչ-որ մի բան այն չէ, ուրեմն առաջին սխալը փնտրում եմ իմ մեջ, իսկ հետո սիրում եմ պարզաբանել: Եթե մարդը չի կարողանում ոչ մի կերպ բացատրել ինձ հասցված վիրավորանքի պատճառը (լեզվի սայթաքումներ բոլորիս հետ էլ կարող են պատահել), ուրեմն նրա մեջ սկսել է խոսել նախանձը: Ուրեմն այդ մարդն արդեն դուրս է ինձ շրջապատող մարդկանց մտերմության առաջին շրջանակից: Կյանքիս վերջին 20 տարում 20 մտերիմ մարդ վաստակած կլինեմ, որն էլ համարում եմ իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկը: Առիթի դեպքում, նույնիսկ, ես միշտ մի կենաց եմ պարտադիր ասում՝ մարդկային փոխհարաբերությունների մաքրության ու անաղարտության մասին: Հասկացել եմ, թե որքան կարեւոր է, երբ մարդ ազատություն է սիրում: Առողջ մտածելու առաջին գրավականներից մեկն էլ ազատությունն է: Ազատ մարդն ավելի ճիշտ է ապրում, քան, երբ նրան դնում են սահմանափակումների մեջ:
– Դժվար չէ՞ մեծ կոլեկտիվի հետ աշխատելը:
– Մոլի հավատացյալ չեմ, բայց իմ հերթական երկուշաբթին սկսվում է եկեղեցի գնալով: Երբ ինձ հարցնում են, թե ինչո՞ւ կիրակի օրը չեմ գնում, ես պատասխանում եմ, որ երկուշաբթի օրը գնում եմ եկեղեցի` կյանքիս հերթական շաբաթը սկսելու էներգիա ստանալու համար: Այդպես եմ գալիս աշխատանքի: Իհարկե, ինչ խոսք, դժվար է 60 տարբեր բնավորությունների տեր մարդկանցից բաղկացած կոլեկտիվ ղեկավարել: Ես խառնվածքով շատ շուտ բռնկվող անձնավորություն եմ, բայց ընդամենը 10 րոպե հետո պատրաստ եմ լսել եւ զրուցել ու հասկանալ մարդուն, գալ ընդհանուր հայտարարի: Այսօր այնքան ուրախ եմ, որ մեր կլինիկայի շնորհիվ 60 հոգի, շատ թե քիչ, կարողանում է տուն պահել:
– Ղեկավար լինելու համար մասնագիտական հմտությունները կարեւո՞ր են:
– Ցանկացած ղեկավար պետք է այդ ոլորտի շարքային մասնագետի աստիճանն անցած մարդ լինի: Մեր դեպքում պետք է իմանալ եւ ատամնաբույժի, եւ ատամնատեխնիկի, եւ բուժքրոջ պրոբլեմները: Իսկ լավ մասնագետի մեջ էլ մեծ կարեւորություն եմ տալիս լավ մարդ լինելու հանգամանքին: Հիվանդին պետք է ճիշտ հասկանալ, որովհետեւ, ինչպես ասում են՝ «որտեղ մարդու ցավ, այնտեղ մարդու հոգի» ու, անկախ ամեն ինչից, պետք է լավ վերաբերվել նրան:
– Ի՞նչ չեք սիրում:
– Չեմ սիրում հոգնած ու տխուր դեմքերով մարդկանց, քչախոս մարդկանց, որ միայն լսում են ու երբեմն են խոսում, այն էլ մի այնպիսի բան կարող են ասել, որ «յոթ փութ մեղրով չի ուտվի»: Չեմ սիրում, երբ իմ մասին ասում են՝ «էս ինչ տղամարդ կին է»: Դա ինձ համար մեծ վիրավորանք է: Ի՞նչ է, խելացի ու գործունյա լինելը միայն տղամարդո՞ւն բնորոշ հատկանիշ է:
– Ձեր մեջ ե՞րբ կարող է սպառվել ուժեղ կինը:
– Ինձ թվում է, բոլոր պարագաներում հավասարակշռությունս ինձ չի լքի: Միայն, Աստված մի արասցե, եթե հանկարծ երեխաներիս ու թոռներիս ֆիզիկական կամ բարոյական վտանգ սպառնա: Այ, այդտեղ ես շատ կխեղճանամ: Աշխատել եմ ամեն բան անել, որպեսզի երեխաներս լավ ու անհոգ ապրեն: Իսկ այսօր ինձ թվում է` ոչինչ զուր չի եղել, ամեն բան նպատակին է ծառայել: Մնացած բոլոր դեպքերում ուժեղ լինելու նախադրյալներն ունեմ: Գտնում եմ, որ առաջին հերթին լավ ու առողջ դատողությամբ գենետիկան է: Մեծացել եմ մի ընտանիքում, ուր միայն աղ ու հաց է դրվել: Հայրս կոմունիստական իրականության մեջ միշտ շատ թե քիչ աշխատանքային հաջողություններ ու պաշտոններ է ունեցել եւ միշտ աշխատել է օգնել իր մտերիմներին ու հարազատներին: Ես գտնում եմ, որ ծնողներիս ճիշտ ապրելն է այսօր մեզ հասցրել հաջողությունների: Բոլորն էլ, հատկապես` երիտասարդ հասակում, սխալներ ունենում են, իսկ երբ մենք էինք ինչ-որ սխալներ անում, հայրս, որ շատ խիստ մարդ էր, ասում էր. «Մտածում եմ, թե որտե՞ղ եմ ես սխալվել կամ բացթողումներ ունեցել երեխաներիս դաստիարակության հարցում»: Հիմա ինձ թվում է` ես ճիշտ եմ ապրում՝ հետեւելով ծնողներիս օրինակին: Մի անգամ, հիշում եմ, լուսահոգի ամուսնուս, որ շատ կիրթ ու գրագետ մարդ էր, ասացի՝ «Բայց ինչ խելացի գերդաստան եք», եղբայրն ասաց. «Դուք էլ եք շատ խելացի»: Այդ ժամանակ ես ասացի, որ ավելի շատ պրակտիկ ենք ու գործնական:
– Ձեր հայտնի խնամիական կապերը (ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանի հետ) Ձեզ օգնե՞լ են:
– Ոչ, երբեք: Եվ առհասարակ ես չեմ սիրում օգնություն խնդրել: Չեմ կարող ասել, թե դժվարություններ չունեմ, բայց ես ինքս եմ դրանց հաղթահարման համար ելքեր ու լուծումներ փնտրում: Օրինակ, այսօր ինձ համար մեծ խնդիր է կլինիկայի փակ ճանապարհը, որը ստրատեգիական նշանակություն ունի կլինիկա եկող հիվանդների համար: Չէ՞ որ կան մարդիկ, որ ոչ թե մեքենայով, այլ հոգնած ու քաղցած, աշխատանքից, ոտքով են գալիս ու դեռ պիտի ահագին հատված էլ բարձրանան: Հիմա ես ելքեր եմ փնտրում այս խնդրի լուծման համար:
– Հայ կնոջ կերպարը Ձեզ գոհացնո՞ւմ է:
– Վերջերս մի հեռուստահաղորդման ժամանակ ասացին. «Ի՞նչ կցանկանաք հայ կանանց», ասացի, որ առաջին հերթին հայ կինը միշտ պիտի հիշի, որ ինքը կին է, որ կնոջ արտաքին տեսքն իր այցեքարտն է շրջապատի համար: Համամիտ եմ այն կարծիքի հետ, որ մարդուն ընդունում են տեսքով, ճանապարհում՝ խելքով: Ես ինձ երբեք գեղեցիկ կին չեմ համարել, բայց չեմ հրաժարվում, որ հմայք ունեմ, մեկ էլ՝ ճերմակ դեմք, որի համար էլ քրոջս աղջիկը կատակով ասում է՝ «մորաքույր, դու ու մայրս ոնց որ սպիտակ գրատախտակ լինեք, ինչ ուզեք` ձեր դեմքի հետ կարող եք անել, ու բոլորը ձեզ կհավանեն»: