Ըստ որոշ գնահատումների` ՀՀ-ում գործազրկության իրական մակարդակը երեք անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշը` կազմելով 33%։ Իսկ երիտասարդության շրջանում տարածված գործազրկության պաշտոնական մակարդակը վերջին տարիներին տատանվում է 28-29%-ի միջեւ։ (Իրական մակարդակը, բնականաբար, շատ ավելի բարձր է)։
Վերլուծությունները վկայում են, որ խորացող եւ երկարաժամկետ գործազրկությունը (պաշտոնապես գրանցվածների 79,2%-ը երկարաժամկետ գործազուրկներ են) հանգեցնում է հանցագործությունների` մարմնավաճառության, թմրամոլության, ինքնասպանությունների կտրուկ աճի։ Օրինակ` 2002-ին ինքնասպանությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 23,3%-ով, իսկ հանցագործությունների 41,1%-ը կատարել են երիտասարդները։ Բարձր կառուցվածքային գործազրկությունը նպաստում է նաեւ զանգվածային արտագաղթին: 2002-ին արտագաղթածների մոտ 60%-ը եղել են երիտասարդները։ Մասնագետների դիտարկումների համաձայն, մտահոգիչ է նաեւ բուհերի շրջանավարտների հետագա ճակատագիրը. նրանց 1/5-ից ավելին համարվում է գործազուրկ։ Գործող 20 պետական եւ 68 ոչ պետական բուհերի շրջանավարտների թիվը 2004-ին կազմել է 12.214, որից միայն 9000-ը պետական բուհերինն են։ Հասարակությունում բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց թվաքանակով (29-30%) Հայաստանը կարող է համեմատվել Ավստրիայի, Ավստրալիայի հետ։ Սակայն, ինչպես պնդում են մասնագետները, դա այնքան էլ մեծ ցուցանիշ չէ, սակայն մեծ է գործազրկության համապատկերում։
Վերջերս ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ իրականացրել է «ՀՀ մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության զարգացման հայեցակարգային մոտեցումները» ծրագիրը, որի շրջանակներում կատարված առաջարկությունները ներկայացվել են կառավարություն։ Ծրագրի ղեկավար, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանը նշում է, որ կատարված հետազոտությունների տվյալներով ակնհայտ է դարձել նաեւ, թե ինչ գործոններ են նպաստում երիտասարդ մասնագետներին աշխատաշուկայում ներգրավելու համար։ Հարցմանը մասնակցած 27 բուհերի 1200 շրջանավարտների մոտ 0,5%-ը, պարզվել է, աշխատանքի են անցել զբաղվածության ծառայությունների միջնորդությամբ, 44,1%-ի համար կարեւոր դեր են խաղացել անձնական նախաձեռնությունները, 38,7%-ի դեպքում` մտերիմների, ծանոթների առաջարկություններն ու միջամտությունները։
Հ. Հովհաննիսյանը նշում է, որ գործատու-բուհ համագործակցության ենթատեքստում իրենք առաջարկել են բուհերում ստեղծել կարիերայի զարգացման կենտրոններ։ Նրա խոսքերով, այս փորձն արդեն հաջող կերպով ներդրված է Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ Առաջարկվող լուծումներից մեկը գործատուների եւ բուհերի փոխներթափանցվածությունն է։ Կառավարության սեպտեմբերյան որոշումով (երբ բուհերում ստեղծվեցին կառավարման խորհուրդներ, որտեղ ընդգրկված են նաեւ գործատուներ) այս մեխանիզմն արդեն իսկ կարող է գործել, սակայն, ըստ փորձագետի, այն արդյունավետ կդառնա, եթե այդ կառույցները թափանցեն նաեւ բուհի ներքին օղակներ։ ՄԱԿ-ի ծրագրի շրջանակներում արված առանցքային առաջարկություններից է նաեւ կրթական համակարգում վարկավորման ներդրման գաղափարը։
«Վարկավորման համակարգը մշակված լավագույն մեխանիզմն է, որը թույլ կտա ոչ միայն հաղթահարել աղքատությունն ու սոցիալական բեւեռվածության խորացումը, այլեւ արգելել որոշ մասնագիտությունների մենաշնորհ դառնալու միտումը»,- ասում է Հ. Հովհաննիսյանը։ Վարկավորման պետական համակարգի համար տարեկան կպահանջվի 8-10 մլն դոլար, որը կապահովի 50% կրթության մատչելիություն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն` 2004-ին ՀՀ-ում մեկ թափուր աշխատատեղին բաժին է ընկել 229 աշխատանք փնտրող։ Այս ծանրաբեռնվածությունը 20 եւ ավելի անգամ գերազանցում է ԱՊՀ մյուս պետությունների համապատասխան միջին ցուցանիշը։ Աշխատանքի պահանջարկի վերլուծությունն ԱՊՀ այլ պետությունների համեմատ ցույց է տալիս, որ զբաղվածության ծառայություններում գրանցված աշխատուժի պահանջարկը Հայաստանում զգալիորեն ցածր է մյուս պետություններից։ 2006թ. հունվարի 1-ի դրությամբ, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունում գրանցված շուրջ 21.000 աշխատանք փնտրողներից ընդամենը 8500-ն է անցել աշխատանքի (այն հանրապետության աշխատանքի տեղավորվածների շուրջ 30%-ն է), որը 5,6%-ով ավելի է, քան նախորդ տարի։ Աշխատանքի տեղավորման մասնավոր ծառայությունների գործունեությունը 2000-ից ի վեր չի լիցենզավորվում։ Այս օրենսդրական թերության հետեւանքներից մեկը թերեւս այն է, որ բացակայում են նրանց կողմից իրականացվող զբաղվածության մասին տվյալները։ Ըստ «Զբաղվածության պետական ծառայության» գործակալության պետ Սոնա Հարությունյանի, սա լուրջ խնդիր է, որովհետեւ այդ կազմակերպություններն իրականացնում են նաեւ աշխատուժի արտահանում` առանց միջպետական համաձայնագրերի եւ պայմանագրերի։ Տիկին Հարությունյանն անդրադարձավ նաեւ ԶԼՄ-ներում տեղ գտած աշխատանքի հրավերների տեքստերին` նշելով, որ գործատուների կողմից չեն պահպանվում համապատասխան չափորոշիչները։
Պահանջվող աշխատատեղերի հայտարարությունների բնութագրիչների առնչությամբ դժգոհություն արտահայտեց նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Վահան Սիմոնյանը։ Նա նշեց, որ այս խնդիրներն իրենց կողմից ենթակա են կարգավորման` տարիֆաորակավորման համակարգի ներդրմամբ եւ այլ ազգային ինստիտուտների հզորացմամբ։ Վարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ շուտով կառավարությանը կներկայացվի բուժսպասարկման, տրանսպորտի, կապի եւ կրթության ոլորտների առանձին խմբերի աշխատողների աշխատաժամանակը եւ հանգստի ռեժիմը կարգավորող որոշումը, որով կսահմանափակվի, ասենք, շուրջօրյա տաքսի ծառայությունների վարորդների աշխատաժամանակը` գործատուն դրանով կպարտավորվի արտաժամյա աշխատանքի համար 50% հավելավճար կատարել։ ԶԼՄ-ների աշխատանքային հայտարարություններում քիչ չեն նաեւ ցանցային մարքետինգ իրականացնող օտարերկրյա կազմակերպությունների կողմից շահավետ պայմաններով առաջարկվող աշխատատեղերը։ Մասնագետների կարծիքով, նրանց գոյությունն աշխատաշուկայում մրցակցության տարր կարող է մտցնել։
«Շանս» կադրային կենտրոնի աշխատակցի խոսքերով, իրենց հայտերը սեզոնային կախվածություն ունեն։ Ամռան ամիսներին ավելանում է առեւտրի եւ սպասարկման ոլորտի աշխատատեղերի պահանջարկը։ 40% կազմում են գրասենյակային աշխատանքները։
Ինչ վերաբերում է ցանցային մարքետինգով զբաղվող ընկերություններին, նա նշեց, որ վերջիններիս հետ չեն համագործակցում, քանի որ այս ճյուղն այլեւս լճացած է համարվում։ Տրամագծորեն հակառակ կարծիքն ուներ «Vision international people group» միջազգային կազմակերպության մենեջեր 50-ամյա Սոֆա Սարգսյանը։ Նա իր 27 տարվա իրավաբանական աշխատանքային փորձն, արդեն 7 տարի է, «փոխանակել» է ցանցային մարքետինգով եւ նշում է, որ իրենց դիմողներից 10-ից 2-ն անպայման ներգրավվում են իրենց ցանցում։ Նրա կարծիքով, ողջ աշխարհում տվյալ միջազգային բիզնեսը գնալով ծաղկում է, եւ այնպիսի զարգացած երկրներ, ինչպիսիք ԱՄՆ-ը ու Ճապոնիան են, իրենց ազգային եկամտի մոտ 50%-ն ապահովում են նման ընկերությունների շահույթի շնորհիվ։